Հայաստան - ԱրցախՔաղաքական

Իշխան Սաղաթէլեան. «Արցախի հարցը փակւած ներկայացնելու վերաբերեալ իշխանութիւնների փորձերը, ինքնախաբէութիւն են»

«ԱԼԻՔ» – Սեպտեմբերի 2-ին, Երեւանի Ազատութեան հրապարակում տեղի կունենայ ՀՅԴ-ի կողմից կազմակերպւած հանրահաւաքը, որը նւիրւած կը լինի Արցախի անկախութեան օրւան։ Այս օրը տարիներ շարունակ նշւել է որպէս հայ ժողովրդի պայքարի եւ յաղթանակի խորհրդանիշ։

News.am-ի հետ հարցազրոյցում ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր, Իշխան Սաղաթէլեանն ընդգծել է, որ հանրահաւաքը հարթակ կը դառնայ չլուծւած խնդիրների մասին յիշեցնելու եւ ազգային իրաւունքները պաշտպանելու համար։

«Արցախի հարցը լուծւած չէ։ Ազատութեան հրապարակում նրանք կը խօսեն արցախցիների հայրենիք վերադառնալու իրաւունքի, գերիների վերադարձի եւ ընդհանրապէս, այն մասին, որ գործող իշխանութիւնն իրաւունք չունի ուժի սպառնալիքի տակ ժողովրդի անունից դաւաճանաբար փաստաթղթեր ստորագրել։ Ժողովուրդն ունի կոլեկտիւ իրաւունքներ, որոնք պէտք է պաշտպանւեն»,- ասել է նա։

Սաղաթէլեանի խօսքով՝ Արցախի հարցը փակւած ներկայացնելու վերաբերեալ իշխանութիւնների փորձերը, ինքնախաբէութիւն են. «Մեր ժողովուրդը համաձայն չէ սրա հետ, քանի որ 2023 թւականին Ադրբեջանի կողմից իրականացւած ցեղասպանութեան եւ էթնիկ զտումների արդիւնքում մարդիկ զրկւել են իրենց հայրենիքի մի մասից եւ դրանից յետոյ անընդունելի է ասել, որ հարցը փակւած է»։

Հանրահաւաք անցկացնելու գաղափարը, ըստ նրա՝ առաջացել է հանրային պահանջարկի ֆոնին՝ ինչպէս Արցախի եւ Հայաստանի քաղաքական ու քաղաքացիական ուժերի, այնպէս էլ ամբողջ հասարակութեան կողմից։

«Ակնյայտ էր, որ միասին հաւաքւելու եւ այս խնդիրների մասին բարձրաձայն յայտարարելու անհրաժեշտութիւն կայ»,- նշել է նա։

Սաղաթէլեանն ընդգծել է, որ հանրահաւաքի կենտրոնական թեմաներից մէկը լինելու է ռազմագերիների հարցը։

«Չնայած իշխանութիւնների՝ այսպէս կոչւած խաղաղութեան մասին յայտարարութիւններին, մեր հայրենակիցները շարունակում են մնալ Բաքւի բանտերում, իսկ ադրբեջանական զօրքերը գտնւում են ինքնիշխան Հայաստանի տարածքում։ Այդ պահանջներն ու դիրքորոշումները յստակ կը ձեւակերպւեն հանրահաւաքի ժամանակ»,- ասել է Սաղաթէլեանը:

Ընդդիմադիր քաղաքական գործիչը նաեւ նշել է, որ հանրահաւաքը նւիրւած չի լինի բացառապէս Արցախին. «Այս հանրահաւաքը միայն Արցախի եւ Արցախի ժողովրդի համար չէ։ Այն նաեւ Հայաստանի Հանրապետութեան անկախութեան եւ տարածքային ամբողջականութեան համար է»,- նշել է նա։

Կազմակերպիչներն ակնկալում են քաղաքացիների լայն մասնակցութիւն, իսկ Դաշնակցութեան կոչը, Սաղաթէլեանի խօսքով՝ արդէն իսկ դրական արձագանք է ստացել մի շարք հասարակական եւ քաղաքական ուժերի կողմից:

Related Articles

Back to top button