Կարէն Բեքարեան. «Հէնց Նիկոլի պնդմամբ՝ Էրդողան-Փաշինեան լուսանկարում ցեղասպանն է եւ նա, ում ցեղասպանելու են»
Ի՞նչ կարգի ելոյթ պիտի ունենար Փաշինեանը, որ որեւէ մէկը նրան լուրջ ընդունէր։ Նրան լուրջ չընդունելու խնդիրն այնքան է խորացել, այնքան երկար տեւողութիւն ունի, որ անգամ լաւ տեքստի դէպքում ՄԱԿ-ի ամբիոնը նրան չէր փրկելու։ Բոլորը վաղուց շատ լաւ հասկացել են, որ Փաշինեանին լուրջ ընդունելու հիմք չկայ, եւ նրա մի պարբերութիւնը կարող է միւսին հակասել եւ անլրջացնել ցանկացած բովանդակութիւն, առաւօտեան կարող է մի բան ասել, ցերեկը՝ մէկ այլ, երեկոյեան՝ լրիւ ուրիշ, յաջորդ օրն ասի՝ ամբողջը մոռացէք։ Սա ընկալել է ամբողջ աշխարհը, եւ ոչ նոր։ Այս անլուրջ կեցւածքի, պահւածքի, ձեռագրի տեւողութիւնը բաւական երկար է, հետեւաբար՝ ՄԱԿ-ում ներկայ առաջնորդներ, ունկնդիրներ չկային, որոնք որեւէ բան պիտի չափէին նրա ելոյթով։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է յայտնել «Հայեացք» վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Կարէն Բեքարեանը:
«Խօսքի արժէքը, առաւել եւս՝ պետութիւնների ղեկավարների դէպքում, շատ բարձր է, լուրջ գին ունի։ Երբ այդ խօսքի արժէքը զրոյացւում ու անլրջացւում է, դրանից յետոյ այն վերականգնելը նոյն անձի պարագայում ուղղակի հնարաւոր չէ։ Հետեւաբար՝ դժւար է պատկերացնել, թէ ՄԱԿ-ում նա ում վրայ ինչ տպաւորութիւն պիտի թողնէր։ Եթէ աշխարհին հանգիստ թողնենք եւ դիտենք մեր հանրութեան, աշխարհով մէկ սփռւած հայութեան աչքերով, աղէտ է, երբ համեմատում ես՝ ի՞նչ ակնկալիք ունես քո պետութեան վարչապետի աթոռը զբաղեցնողից, եւ ինչի՞ ես ականատես լինում, եւ դարձեալ՝ այդ աղէտը նոր չէ»,- ասել է վերլուծաբանը:
«Մենք ապրում ենք մի իրականութեան մէջ, որի գերակայ եղելութիւնը հետեւեալն է՝ Հայաստանն ունի իշխանութիւն, որն ուղղակիօրէն եւ ամենօրեայ ռեժիմով սպասարկում է թուրք-ադրբեջանական տանդեմի օրակարգը, կապ չունի՝ դրա որ մասն է տեսանելի, որը՝ ոչ։ Մենք սրանում լրացուցիչ համոզւելու կարիք ու պատճառ ունե՞նք, չե՞նք տեսնում վերջին տարիների ողբերգական իրավիճակը։ Այստեղ նորութիւն չկայ, դա մենք բազմիցս արձանագրել ենք։ Սրա հետ կապւած՝ չափորոշիչերը, թեմաները բաւականին շատ են։ Եթէ կէտերով թւարկենք, թէ ինչ օրակարգ է սպասարկւում, ինչպիսի արագութեամբ եւ ջանասիրութեամբ, ժամանակ առ ժամանակ ինչ կարգի փոխանցումներով խաղ է իրականացւում, ակնյայտ է դառնում, որ մենք դրա մէջ ապրում ենք։ Փաշինեանի եւ Էրդողանի վերջին կադրերն այս բովանդակութեան մէջ որեւէ բան աւելացնում կամ պակասեցնո՞ւմ են»,- նշել է Բեքարեանը:
ԱԺ նախկին պատգամաւորի պնդմամբ՝ եթէ մեր հանրութեան որեւէ հատւած դեռեւս չի հասկացել, թէ որտեղ է եւ ինչու, Էրդողան-Փաշինեանը կադրերը կօգնեն՝ էմոցիոնալ առումով ընկալելու դա, եթէ միտքը դա չի ընկալել. «Երբ գործընթացից համապատասխան եզրակացութիւնները չեն արւել, միգուցէ այս պատկերը բերի անհրաժեշտ ուղերձը։ Սա դժւար է, քանի որ այն մարդիկ, որոնք մինչեւ հիմա իրենց մէջ ինչ-որ բանի վրայ կասկածում են այս հարցում, արդէն խնդիր է։ Բայց միեւնոյն է՝ այս կադրերն այդ էմոցիոնալ ֆոնը որոշակիօրէն բերում են։ Պէտք չէ մեծ երեւակայութիւն՝ համադրելու այդ կադրերը Եռաբլուրի հետ, եւ կամ՝ Էրդողանի այն յայտարարութիւնների հետ, որ Թուրքիան 44-օրեայ պատերազմի ուղղակի մասնակից է։ Անգամ Ադրբեջանում դրանից նեղւեցին։ Այս օրերին 44-օրեայ պատերազմի չորրորդ տարելիցն է լրանում։ Ի՞նչ է անցել՝ տասը, քսան, քառասուն, հարիւր տարի՞, մարդի՞կ են փոխւել»:
«Էրդողանի եւ Փաշինեանի համատեղ նկարի մի կողմում կանգնած է նա, որը 2020-ի սեպտեմբերի 27-ի իր յայտարարութեան մէջ ի սկզբանէ դնում էր պարտութեան կոդերը։ Ասում էր՝ եկէք պայմանաւորւենք, որ ինչ էլ լինի, մենք մեզ պարտւած չենք ճանաչի, նաեւ ասում էր՝ գալիս են մեզ ցեղասպանելու։ Այսինքն՝ դու պետութի՞ւն ես, թէ՞ համայնք։ Ի՞նչ է նշանակում՝ գալիս են մեզ ցեղասպանելու, երբ դու պետութիւն ես՝ իր բանակով։ Նա, ով գալիս էր, Փաշինեանի յայտարարութեամբ, իրեն ցեղասպանելու, կադրի մի կողմում է, միւս կողմում նա է, որն ասում էր՝ գալիս են մեզ ցեղասպանելու։ Փորձենք այս պատկերները համադրել իրար հետ։ Սա արդէն քաղաքական դաշտի խնդիր չէ։ Էրդողանն իր պատկերացրած լաւ ապագայի եւ աւելի արդար աշխարհի առաջին փորձարկումն իրականացրեց այս տարածաշրջանում՝ մեզ վրայ։ Յետոյ բազմիցս ասաց, որ հէնց սա է իր պատկերացրած արդարութիւնը։ Ո՞ր գիրքն ես սեղմել կրծքիդ»,- ամփոփել է Կարէն Բեքարեանը: