Գուրգէն Պետրոսեան. «Գերմանիայում թուրքերն ու ադրբեջանցիներն անանուն զանգել են հայերի, յիշեցրել 1915 թիւը, սպառնացել, որ կը վերացնեն»

Հայ-գերմանական իրաւաբանների ասոցիացիան տեղեկացնում է, որ վերջին շաբաթներին Գերմանիայում ապրող հայ քաղաքացիներ ստացել են անանուն հեռախօսազանգեր՝ ենթադրաբար թուրքական կամ ադրբեջանական ծագում ունեցող անձանցից։ Զանգողները արտայայտել են բացայայտ ատելութիւն եւ ուղղակի սպառնալիքներ՝ հիմնւած մարդու ազգային պատկանելութեան վրայ։ Թեմայի մասին առաւել մանրամասն 168TV-ի «Ռեւիւ» հաղորդման ընթացքում զրուցեցինք Հայ-գերմանական իրաւաբանների ասոցիացիայի նախագահ, միջազգային իրաւունքի մասնագէտ, Էռլանգեն-Նիւրնբերգի համալսարանի դասախօս Գուրգէն Պետրոսեանի հետ:
«Զանգերի հետ կապւած խնդիրը նոր չէ, որովհետեւ դեռեւս 2020 թ. 44-օրեայ պատերազմից առաջ, յուլիսեան դէպքերի ժամանակ արձանագրւում էին այսպիսի առանձին դէպքեր, երբ ադրբեջանցիները հայերի նկատմամբ նման քայլեր էին կատարում, բայց վերջին շրջանում սա աւելի շուտ արշաւի է նմանւում, քանի որ դէպքերը շատ կարճ ժամանակահատւածում են տեղի ունեցել, եւ տարբեր հայեր, անկախ իրենց ծանօթ լինել-չլինելու հանգամանքից, նոյնաբովանդակ զանգեր են ստացել, որոնք պարունակում են թէ՛ սպառնալիքներ, թէ՛ վիրաւորանքներ՝ զուտ կապւած ազգային պատկանելութեան հետ: Մարտի սկզբից զանգեր են եղել Գերմանիայի տարբեր քաղաքաներում բնակւող հայերին: Այս առումով յարուցւել են քրէական գործեր տարբեր ոստիկանական բաժանմունքներում, եւ հիմա պէտք է դատախազութիւնն այս ամէնով զբաղւի, որովհետեւ սրանք նաեւ քրէական տարրեր պարունակող գործողութիւններ են»,- պարզաբանեց մեր զրուցակիցը:
Գուրգէն Պետրոսեանի խօսքով՝ զանգերն անանուն են, ե՛ւ տղամարդու ձայնով են զանգում, ե՛ւ կանացի.
«Զանգերի բովանդակութիւնը նոյնն է, ճանաչում են անձանց, որոնց զանգել են, անուններով են նրանց դիմում: Այսինքն՝ թիրախաւորում են կոնկրետ անձանց, բայց թէ ոնց են նրանց հեռախօսահամարը գտնում, մեզ համար այդքան էլ հասկանալի չէ, փորձում ենք մեթոդաբանութիւնը ներկայ դրութեամբ հասկանալ: Ֆրանսիայի, Հոլանդիայի, Մեծ Բրիտանիայի մեր գործընկերների հետ կապ ենք հաստատել, փորձել ենք հասկանալ՝ արդեօք նման տեսակի հեռախօսազանգեր կամ նման արշաւներ իրենց մօտ արձանագրւե՞լ է, թէ՞ ոչ, եւ ներկայ դրութեամբ մեզ հասանելի տեղեկատւութեամբ՝ միայն Գերմանիայում է այս ամէնը տեղի ունենում: Բայց պարզ չէ, թէ ինչու է հէնց Գերմանիայում այս ամէնը տեղի ունենում»:
Հայ-գերմանական իրաւաբանների ասոցիացիայի նախագահը յորդորում է նմանատիպ զանգեր ստանալու դէպքում առաջին հերթին դիմել ոստիկանութիւն, չենթարկւեն սադրանքների, զուտ արձանագրեն փաստը, որ անանուն զանգ է եղել, եւ դրա հիման վրայ ոստիկանութիւնում հաղորդում ներկայացնեն. «Կարող են դիմել նաեւ մեզ: Սրանք առանձին դէպքեր չեն, սա հայատեացութեան մի ամբողջ ծրագրի մաս է կազմում: Կարեւոր է, որ թէ՛ Գերմանիայում, թէ՛ այլ երկրներում արձանագրւի, որ այդ հայատեացութիւնը կայ: Որքան էլ խաղաղութեան պայմանագրի մասին խօսենք՝ մէկ է, այդ հայատեացութիւնը գոյութիւն ունի թէ՛ ադրբեջանցիների, թէ՛ թուրքերի կողմից: Ցանկացած անձ, ով պէտք է դիմի ոստիկանութիւն, պէտք է նաեւ համատեքստը ներկայացնի, թէ ինչու են իրենք ընտրւել այդ զանգի համար, մասնաւորապէս՝ կայ հակամարտութիւն, ադրբեջանցիներն ատելութեամբ են լցւած հայերի նկատմամբ: Այս կոնտեքստն ու կոնֆլիկտը պէտք է ներկայացնել: Մենք ունենք վճիռներ, ըստ որոնց՝ ադրբեջանցիների կողմից կայ հայերի նկատմամբ դիսկրիմինացիա, եւ այդ ամէնը պէտք է փաստագրւած ներկայացնել, հակառակ դէպքում՝ սա դիտարկւելու է զուտ որպէս անձի նկատմամբ սպառնալիք: Բայց սա զուտ անձի նկատմամբ չէ, հայերի նկատմամբ սպառնալիք է, որն իրաւաբանօրէն այլ մակարդակի վրայ է դիտարկւում»:
Հարցին՝ բացի ազգային պատկանելութիւնից, կա՞յ այլ միաւորող բան մեր այն հայրենակիցներին, որոնց զանգահարել են, նա պատասխանեց. «Դեռեւս չենք կարողանում հասկանալ, որովհետեւ շատ տարբեր են մարդիկ ընտրւած, ում այդ զանգերը եկել են: Կան բժիշկներ, կան թարգմանիչներ, կան հասարակական գործիչներ, ում նկատմամբ նման զանգեր տեղի են ունեցել: Ծաւալը մեզ համար դեռեւս հասկանալի չէ: Այն, ինչ հաւաքագրել ենք, ցոյց է տալիս, որ թիւն իրականում աւելի շատ է, քան այն դէպքերը, որոնք արձանագրել ենք: Մենք Գերմանիայում ապրող 80-90 հազար հայրենակից ունենք, եւ կարծում ենք, որ զանգերի թիւը շատ աւելի մեծ է, քան այն, որը մեզ մօտ արձանագրել ենք»:
Նա շեշտեց՝ անանուն զանգողների մի մասը շեշտել է, որ ազգութեամբ թուրք է, միւս մասը՝ ադրբեջանցի. «Շեշտել են, որ չեն մոռացել Ցեղասպանութիւնը, 1915 թւականը: Ադրբեջանցի ներկայացածները սեքսուալ բնոյթի արտայայտութիւններ են արել, սպառնացել: Եւ սա մէկ-կամ երկու հոգու մասին չէ: Այս գործերի քննութիւնը կարող է երկար տեւել, որովհետեւ հետաքննութիւնը պէտք է հասկանայ՝ զանգը որտեղից է եկել, պէտք է առանձին փորձաքննութիւն իրականացնեն: Կան մտորումներ, որ ինչ-որ ձեւով օգտագործւում են այնպիսի պլատֆորմներ, որ հնարաւոր չլինի պարզել զանգի աղբիւրը: Մենք ունենք դէպքեր, երբ զանգից յետոյ միանգամից Տելեգրամով հայ զինւորների խեղւած մարմինների նկարներն են ուղարկել եւ սպառնալիքներ հնչեցրել: Մեր հայրենակիցներին խորհուրդ կը տամ անանուն զանգերն արգելափակել, իսկ սոցցանցերում անջատել անծանօթ անձանցից նամակների ստացումը: Այդ զանգերի նպատակը հէնց այն է, որ քաղաքացիներին տեռորի ենթարկեն, ինչպէս դա անում էին 2020 թ.: Սրանք բաւականին լուրջ հոգեբանական հարւած են թողնում անձանց վրայ: Ադրբեջանցիների նպատակն էլ հէնց դա է՝ մեզ հիւծել հնարաւոր բոլոր եղանակներով»:
Ադրբեջանում առկայ հայատեացութեան թեման շարունակելով՝ նա նշեց, որ նոյնիսկ ադրբեջանցի երեխաների մօտ է այն դրսեւորւում. «Մենք ունենք դէպքեր, երբ ադրբեջանցի երեխաները, ովքեր հայ երեխաների հետ սովորում են գերմանական դպրոցներում, արդէն այդ երեխաների ենթագիտակցութեան մէջ ձեւաւորւած է, որ պէտք է ատի հայերին: Այդ խօսոյթը ընտանիքից բերում են դպրոց, ասում՝ սա հայ է, իր հետ չպէտք է ընկերութիւն անել, հակառակը՝ մեր պետութիւնը ձեզ կը վերացնի: Այդպիսի դէպքեր Գերմանիայում պարբերաբար տեղի են ունենում: Ես չգիտեմ՝ Ռուսաստանում իրավիճակն ինչպիսին է, որովհետեւ այնտեղ հայ եւ ադրբեջանական համայնքներն աւելի շատ են, բայց մենք այսպիսի դէպքեր ունենք Գերմանիայում, որը ցոյց է տալիս, որ ինչքան էլ հեռու գտնւենք կոնֆլիկտի ռեգիոնից, այդ ատելութիւնը ադրբեջանցիների մէջ կայ: Եւ սա է ամենակարեւորը, որ Միջազգային արդարադատութեան դատարանում փորձւում է ապացուցել, իսկ մենք այդտեղից ուզում ենք հայցերը յետ կանչել: Եթէ այդ հայցերը յետ կանչենք, նշանակում է, որ այն ատելութիւնը, որն Ադրբեջանում մասսայական կայ, որը բերում է նաեւ ատելութեան վրայ հիմնւած յանցագործութեան, այդ հայցերից յետ ենք կանգնում այն դէպքում, երբ ամենաբարձր մակարդակով պէտք է արձանագրենք, որ այդ ատելութիւնը գոյութիւն ունի»:
Հետաքրքրւեցինք՝ արդեօ՞ք անանուն զանգերն ու սպառնալիքները կապում է Ցեղասպանութեան 110-րդ տարելիցի հետ, որպէսզի սպառնալիքներով փորձեն խոչընդոտել Գերմանիայում միջոցառումների անցկացումը:
«Այո, սա էլ էր մեր մտորումներից մէկը, որ կապւած են ապրիլքսանչորսեան միջոցառումների հետ, եւ կարեւոր է այն, որ զանգերի ժամանակ տարբեր անձանց մօտ բովանդակութեան մէջ նաեւ շեշտադրւել է Ցեղասպանութիւնը: Ճիշտ է, այդ խօսակցութիւնները կարճ են եղել, մեզ դիմած մարդկանց ասելով՝ 30-40 վայրկեան, որից յետոյ իրենք անջատել են: Այդ 30-40 վայրկեանի ընթացքում շեշտադրում են արել Ցեղասպանութեան վրայ: Չեն օգտագործել «ցեղասպանութիւն» եզրոյթը, այլ յիշեցրել են 1915-ը, ասել՝ մենք ձեզ կը վերացնենք, այս կանենք, այն կանենք: Եւ ինչ-որ չափով, այո, կարելի է կապել ապրիլքսանչորսեան իրադարձութիւնների հետ»,- ի պատասխան՝ ասաց նա՝ յաւելելով, որ զանգերը եղել են գերմաներէնով:
Հայ-գերմանական իրաւաբանների ասոցիացիան կապի մէջ է այն մարդկանց հետ, ովքեր այդ անանուն զանգերը ստացել են: Գուրգէն Պետրոսեանը նշեց, որ Գերմանիայի իրաւապահ մարմիններն այդ առումով էֆեկտիւ են աշխատում:
«Կարեւորն այն է, որ ով նման զանգ է ստանում, արձանագրի ժամը, քանի վայրկեան է զանգը տեւել, ինչպիսի բովանդակութիւն է ունեցել, եւ դա ներկայացւի ոստիկանութիւն: Ցանկալի կը լինէր, որ նաեւ մեզ այդ ինֆորմացիան տրամադրւէր, որպէսզի ընդհանուր պատկերը ստանայինք եւ հասկանայինք՝ ովքեր են այս ամէնի յետեւում կանգնած, որովհետեւ այս ամէնը կարեւոր է մեծ դատավարութիւնների համար, որոնք տեղի են ունենում Արդարադատութեան միջազգային դատարանում»,- շեշտեց Գուրգէն Պետրոսեանը:
168.am