Հայ դատի Եւրոպայի գրասենեակը ԵՄ-ին կոչ է անում կոնկրետ միջոցներ ձեռնարկել Հայաստանի ինքնիշխանութիւնն ու տարածքային ամբողջականութիւնը պաշտպանելու համար
ՀՅԴ Հայ դատի Եւրոպայի գրասենեակն ի գիտութիւն է ընդունում Եւրոպական յանձնաժողովի ապրիլի 5-ի յայտարարութիւնները՝ ուղղւած Հայաստանի դիմակայունութեան բարձրացմանը տարբեր ներդրումային ծրագրերի միջոցով, ներառեալ 270 միլիոն Եւրօ դրամաշնորհը, որն ուղղւած է փոքր եւ միջին ընկերութիւններին աջակցելուն: Մենք կարեւորում ենք ԵՄ-ի շեշտադրումը ենթակառուցւածքային նախագծերի վրայ, մասնաւորապէս՝ Սեւ ծովի էլեկտրահաղորդման մալուխի նախագծի եւ վերականգնւող էներգիայի նախաձեռնութիւնների մասով, որոնք կը նպաստեն Հայաստանի տնտեսական աճին եւ զարգացմանը:
Թէեւ ներդրումներն ու բարեփոխումները կարեւոր են երկրի առաջընթացի համար, Հայաստանի առաջնահերթ մարտահրաւէրը անվտանգութեան սպառնալիքն է, որին բախւում է Ադրբեջանի ագրեսիւ, ծաւալապաշտական նկրտումների պատճառով:
Մենք Եւրոպական միութեանը կոչ ենք անում յստակ ազդանշաններ ուղարկել Ադրբեջանին, որ Հայաստանի Հանրապետութեան նկատմամբ բոլոր տարածքային յաւակնութիւնները, ներառեալ Տաւուշի մարզի, այսպէս կոչւած «անկլաւների» հարցը, ինչպէս նաեւ Սիւնիքի մարզով արտատարածքային տրանսպորտային կապուղիների պահանջը բացարձակապէս անընդունելի են:
Ադրբեջանի պահանջները կապ չունեն սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի հետ։ Դա սպառնալիքի կամ ուժի կիրառմամբ հողազաւթման քաղաքականութիւն է։ Ադրբեջանը պէտք է իր ուժերը դուրս բերի նաեւ Հայաստանի Հանրապետութեան տարածքից, որը շարունակում է պահել օկուպացիայի տակ:
Այսպիսով, մենք Եւրոպական միութեանը կոչ ենք անում նախանշել կոնկրետ, շօշափելի միջոցներ եւ ռազմավարական ծրագրեր՝ աջակցելու Հայաստանի ինքնիշխանութեանը, անվտանգութեանն ու տարածքային ամբողջականութեանը` հաշւի առնելով Ադրբեջանից եկող ագրեսիան:
Բացի այդ, ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի գրասենեակը ողջունում է «Եւրոպացիները յանուն Արցախի» հարթակի նախաձեռնութեանը, որով ԵՄ ղեկավարութեանը կոչ է արւում ֆինանսական միջոցներ յատկացնել Արցախից բռնի տեղահանւած հայութեանը՝ Հայաստանի Հանրապետութիւնում արժանապատիւ կեցութիւն ապահովելու համար, մինչեւ միջազգային պաշտպանութեան մեխանիզմների գործադրմամբ հնարաւոր կը լինի նրանց վերադարձի ապահովումը դէպի Լեռնային Ղարաբաղ:
ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի գրասենեակի նախագահ Գասպար Կարապետեանը, վերջին յայտարարութիւնների վերաբերեալ նկատել է․
«Կայ ԵՄ աջակցութեան խիստ անհրաժեշտութիւն՝ միջազգային պաշտպանութեան ներքոյ Արցախի հայերի հայրենիք վերադառնալու հաւաքական իրաւունքի իրացման համար։ Նրանց վերադարձի ապահովումը կենսական նշանակութիւն ունի Հայաստանի կայունութեան եւ ապագայի համար։ Աւելին, անհրաժեշտ է, որ ԵՄ-ն ճնշում գործադրի Ադրբեջանի վրայ՝ ազատ արձակելու բոլոր հայ ռազմագերիներին եւ գերիներին։ Հայ դատի գրասենեակը պատրաստ է համագործակցել ԵՄ կառոյցների եւ միջազգային գործընկերների հետ՝ նպաստելու Հայաստանի Հանրապետութեան կայուն եւ բարգաւաճ ապագային»:
ՀՅԴ Բիւրոյի Հայ դատի կենտրոնական գրասենեակ
06.04.2024