«ԱԼԻՔ»-ի խմբագրակազմի բազմամեայ գործընկեր Վարանդի 70-ամեակի առիթով «ԱԼԻՔ»-ի գլխաւոր խմբագիր Արամ Շահնազարեանը այս տողերով է ժամանակին շնորհաւորել Վարանդի 70-ամեակը:
Գրութիւնը հրապարակւել է մարտի 10-ի օրաթերթիս Ա էջում:
«Ասում են՝ իւրաքանչիւր առասպել աւարտւում է ֆիզիկական մահով եւ հոգեկան յաղթանակով: Պոէզիան անսահմանափակ առասպելների տարածութիւն է, ուստի հոգեկան յաղթանակներն այստեղ շարունակում են ծնունդ տալ մէկը միւսին:
Եւ հոգեկան այդ յաղթանակների գոյութիւնն է, որ կարող ես զգալ, երբ ծանօթանաս ու մտերմանաս Վարանդի ստեղծած պոէզիայի հետ:
Գրող դառնալու համար Վարանդը մեծ ջանքեր չի գործադրել: Պոէտ լինելն Աթենասի կողմից նրան տրւած շնորհ է, որը նա կատարելապէս իւրացրել եւ իրացրել է, դառնալով առասպելների մեկնութեան վարպետ: Եւ առասպելների մեկնութեան գաղտնիքին տիրապետելն է, որ Պեգասի պէս նրան օժտել է ժամանակի եւ տարածութեան զրահը պատռելու եւ հարթագողի անսահմանութիւնում ճամբորդելու բացառիկ ունակութեամբ:
70-ամեակդ շնորհաւոր Վարա՛նդ: Դու դեռ պարտք ես մեզ: Վստահ եմ գիտես, թէ խօսքն ինչի մասին է: Մարիր պարտքդ, եւ դրանից յետոյ միայն «հաւաքիր բոլոր գրքերդ չմակագրւած ու գնայ հեռու մի ճամբորդութեան», որի մասին երազել ես միշտ:
Իսկ մինչ այդ… ծնունդդ շնորհաւոր, Յակոբի որդի Քիւրքչեան Սուքիաս:»
Թւականիս հոկտեմբերի 3-ին Հ. Մ. «Սարդարապատ» միութեան գրական խմբի նախաձեռնութեամբ կազմակերպւել էր յոբելենական միջոցառում նւիրւած համայնքիս հանրայայտ բանաստեղծ-մտաւորական Վարանդ (Սուքիաս) Քուրքչեանի ծննդեան 70-ամեակին: Բանաստեղծ եւ մտաւորական, ով թէեւ ծնւել ու հասակ է նետել իրանեան հայրենիքում, սակայն շառաւիղն է Հայոց Ցեղասպանութիւնից մազապուրծ փրկւած ընտանիքի: Եւ ահա Էրկրի կանչով սնուցւած ու հասակ նետած հայորդին, մինչ օրս իր գրչով բազմիցս է գործեր նւիրել հայրենի երկրին, հայ ժողովրդին ու Հայ Դատին: Վարանդը, այն անունն է ում լաւածանօթ են ոչ միայն իրանահայ համայնքում, այլ նա իր ուրոյն տեղն ունի նաեւ Հայաստանի մտաւորական ու գրական շրջանակում եւ սփիւռքում:
Յոբելենական միջոցառումը մեկնարկեց բացման խօսքով, որը ներկայացրեց Ժասմենա Առաքելեանը: Անդրադառնալով յոբելեարին նա այսպէս ասաց. ««Սարդարապատ» միութեան հիմնադրման առաջին իսկ օրւանից մեծանուն Վարանդ Քուրքչեանը միշտ մաս է կազմել միութեան մշակութային եւ գրական ասպարէզներում կատարւող ծրագրերին, բայց 2003 թւականից նա ուսուցանել է միութեան գրական խմբին, եւ ոչ մի ջանք չի խնայել խմբի անդամներին ուսուցանելու գիր ու գրականութիւն, եւ հայրենասիրութիւն»: Նա վերջում ընթերցեց Վարանդի գրչին պատկանող միութեան 40-ամեայ յոբելեանին նւիրած «Ձօն Սարդարապատին» ստեղծագործութիւնը:
Միջոցառումը յագեցած էր գեղարւեստական յայտագրով Վարանդի գրչին պատկանող ասմունքային կատրումներով, ռադիօ բեմադրութեամբ, երգերով, եւ տեսահոլովակի ցուցադրութեամբ: Յոբելեարի գրչին պատկանող «Տրամադրութիւն» բանաստեղծութիւնը ասմունքեց Վեդի Աւանիսեանը, «Արեան մղձաւանջ»-ը Հերմինէ Օրուջեանը, «Վենդետա-վրէժ»-ը Այրինա Նորաւեանը, իսկ բանաստեղծի թրգմանութիւններից «Մոլաւի Շէյխ ռումի»-ին ասմունքեց Իրինա Մանսուրեանը:
Հետաքրքիր համադրութեամբ ռադիօ բեմադրութեամբ եւ տեսաֆիլմի միջոցով ներկայացւեց Վարանդի անցած 70-ամեայ կենսագրութիւնը, որը պարփակում էր նրա ազգային հասարակական ու համայնքային բեղուն գործունէութիւնը: Տեքստը, որի մշակման առումով իր անվերապահ դերակատարութիւնն էր ցուցաբերել Հայրիկ Աղանեանը, ներկայացրեցին Արփա Քարամեանը եւ Նոյ Նազարեանը:
Վարանդի գրչին պատկանող «Գարուն է նորից» երգը մեներգեց Ֆրէդ Մաւաթեանը, որի երաժշտութիւնը մշակել էր Սէրոժ Գէորգեանը իսկ երաժշտական համադրութիւնը կատարել էր Էդիկ Թամրազեան: Քանի որ Վարանդը ոչ միայն բանաստեղծ է, այլ իր կեանքի տարբեր փուլերում հանդիսացել է ուսուցիչ եւ դասախօս, ուստի չէր կարելի մշակոյթի շաբաթւան նրան չնւիրել ուսուցչին գովերգող երգ: «Ուսուցիչ իմ հարազատ» երգը, որի խօսքը եւ երաժշտութիւնը պատկանում է խմբավար եւ երաժիշտ Էդիկ Թամրազեանին կատարեց «Հայ Կին» միութեան կից «Անահիտ» միութեան «Զւարթնոց» երգչախումբը ղեկավարութեամբ Էդիկ Թամրազեանի:
Ընթացքում ցուցադրւեց երաժշտական կլիպ, որի ընթացքում յոբելեարի գրչի պատկանող «Հրաժեշտ»-ը մեներգեց երաժիշտ Արմէն Ասատրեանը:
Ապա ամբիոնի մօտ հրաւիրւեց յոբելեարը, ով ներկաներին փոխանցեց իր յուզումնախառն խօսքերը, երախտագիտութիւնը ու յուշեր արթնացնող արտայայտութիւնները, որոնք ոչ միայն բանաստեղծի անձնական կեանքի դրսեւորումն էին,այլ իր ներկայացրած յուշերի պատառիկներով ներկայացւեց համայնքային կեանքի դրւագներ: Վարանդը, ով լինելով Հայոց Ցեղասպանութեան բովից անցած ընտանիքի ժառանգ իր գիտակցական կեանքի ողջ տարիներում, հետաքրքրւել է միայն հայ ժողովրդի անցած տատասկոտ ճանապարհով եւ ապրած վերիվայրումներով, չէր կարող չանդրադառնալ հայրենի երկրի ներկայի ճգնաժամային իրավիճակին, Արցախի յանձնմանը եւ մեր մարտիկների յեղած արեանը, յանուն Արցախի ու հայրենիքի, որոնց դիմաց նա իր խոնարհումը յայտնեց:
Ծրագիրը շարունակւեց ուղերձների ընթերցմամբ: Յոբելեարին նւիրած ուղերձները ընթերցեց Արփա Քարամեանը, իսկ բանաստեղծ Մարտիրոս Օհանջանեանի «Ձօն Վարանդին» բանաստեղծութիւնը ասմունքեց Անուշա Աւանէսեանը: Ապա քառասուն տարիների անցեալից բանաստեղծի գրչին պատկանող «Երգ տարիների» երգը մեներգեց Էդիկ Թամրազեանը, որի երաժշտութիւնը մշակել էր Սերոժ Գէորգեանը, իսկ երաժշտութիւնը համադրել էր հէնց ինքը մեներգիչը:
Օրւայ եզրափակիչ խօսքը վերապահւած էր միութեան վարչութեան նախագահ Մուշեղ Ծատուրեանին: Նա իր ելոյթի ընթացքում գնահատանքով անդրադարձաւ Վարանդի անցած ազգային-հասարակական կեանքին եւ նշեց. «Ինձ համար պատիւ է, որ անդրադառնամ մի անհատի մասին, ով իր կեանքի մեծ մասը նւիրել է մեր ժողովրդին, մեր Դատին, մեր ժողովրդի գաղափարաբանութեանը եւ ապրեցրել ու սովորեցրել է մեր նոր սերնդին ապրել հայկականութեամբ»:
Ապա միութեան վարչութեան նախագահի եւ գրական խմբի պատասխանատու Գուրգէն Քարամեանի ձեռամբ յուշանւէր յանձնւեց յոբելեարին: Նաեւ իր ուղերձը փոխանցեց բանահաւաք Յովիկ Մինասեանը:
Միջոցառմանը ներկայ էին՝ «Ալիք» հաստատութեան, Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի քաղաքամասի պատգամաւորներ, Թեմական խորհրդի, ազգային մարմինների ու միութիւնների ներկայացուցիչներ, Սրբոց Վարդանանց եկեղեցու քհնյ Տ. Մաշտոց Խաչատրեանը եւ հրաւիրեալներ:
Վերջում կազմակերպիչ յանձնախմբի միջոցով պատրաստւած ծննդեան տորթը հատեց յոբելեարը:
Թղթակցութիւնը՝ ԿԱՐԻՆԷ ԴԱՒԹԵԱՆԻ