Ժամանակն է դատի տալ Թուրքիային. Ցեղասպանութեան հետագայ ճանաչման կարիք չկայ

1915 թւականի Հայոց Ցեղասպանութիւնից ի վեր հայերն անդադար պայքարել են աշխարհին տեղեկացնելու Օսմանեան կայսրութեան կողմից իրականացւած 1.5 միլիոն հայերի համակարգւած ոչնչացման մասին։
Արդիւնքում, աւելի քան 30 երկրներ, մի շարք միջազգային կազմակերպութիւններ եւ առաջատար ցեղասպանագէտներ ճանաչել են Հայոց Ցեղասպանութեան ճշմարտացիութիւնը: Այս բոլոր ճանաչումներից յետոյ Հայոց Ցեղասպանութիւնը դարձել է ընդունւած իրողութիւն՝ ուղղակի նախատինք Թուրքիայի ժխտողական քարոզչութեանը: Ցաւօք, մի քանի կարեւոր երկրներ, ինչպիսիք են Միացեալ Թագաւորութիւնը եւ Իսրայելը, դեռեւս չեն ճանաչել այն, ոչ թէ անտեղեակութեան, այլ քաղաքական նպատակայարմարութեան եւ Թուրքիային հանգստացնելու ցանկութեան պատճառով: Այսպիսով, ճանաչման հետապնդման դարաշրջանը պէտք է համարել աւարտւած:
Խնդիրն այն է, որ տասնամեակներ շարունակ Ցեղասպանութեան ճանաչման արշաւներից յետոյ հայերն ու այլազգիները, այդ թւում՝ թուրք պաշտօնեաները, սխալ եզրակացութեան են եկել, որ ճանաչումը վերջնական նպատակն է։ Սա հիմնական թիւրըմբռնում է։ Մեր իրական պահանջները փոխհատուցումն ու Արեւմտեան Հայաստանի վերադարձն են։ Երբ Թուրքիան հասկանայ, որ Ցեղասպանութեան ժխտումը չի խանգարի հայ ժողովրդին հետապնդել այս միւս երկու նպատակները, Անկարան կարող է վերջապէս տեսնել իր ժխտողական արշաւի անիմաստութիւնը։
Այնուամենայնիւ, ցեղասպանութեան ճանաչման համաշխարհային արշաւն ապարդիւն չէր։ Աշխարհն այժմ գիտի ճշմարտութիւնը Հայոց Ցեղասպանութեան մասին։ 110 տարի անց թուրքական կառավարութիւնը դեռեւս բախւում է իր նախորդ վարչակարգի կողմից իրականացւած նողկալի յանցագործութիւնների ամօթալի յիշեցումների հետ։
Սակայն, Հայոց Ցեղասպանութեան պարզապէս ճանաչումը եւներողութիւն խնդրելը չեն բուժի վերքերը կամ չեն վերացնի հետեւանքները։ Հայերը դեռեւս սպասում են արդարութեան, իրենց պատմական իրաւունքների վերականգնմանը եւբռնագրաււած հողերի ու ունեցւածքի վերադարձին։
1915 թւականին Օսմանեանկայսրութիւնը համակարգւած արշաւ իրականացրեց՝ արմատախիլ անելու մի ամբողջ ազգի իր նախնիների հայրենիքից՝ զրկելով վերապրածներին իրենց տներից, հայրենի հողերից, մշակութային ժառանգութիւնից, պաշտամունքի սրբավայրերից եւ անձնական ունեցւածքից: Հայ ժողովրդի դէմ իրականացւել է մեծ անարդարութիւն, որը նրան, ինչպէս հրէական Հոլոքոստի դէպքում, իրաւունք է տալիս օրինական փոխհատուցում ստանալ իր ահռելի կորուստների համար:
Հատուցումը կարող է լինել բազմաթիւ ձեւերով։ Որպէս առաջին կարեւորագոյն քայլ՝ Թուրքիայի Հանրապետութիւնը պէտք է բոլոր 2500 հայկական եկեղեցիները վերադարձնի հայկական վերահսկողութեան տակ՝ դրանք դնելով Ստամբուլում գտնւող Հայոց Պատրիարքարանի իրաւասութեան ներքոյ։ Այս բռնագրաււած եկեղեցիները, որոնք վերածւել են մզկիթների, ախոռների, պահեստների կամ աւերւել են, պէտք է վերադարձւեն իրենց օրինական տէրերին։
Այսօրւայ Թուրքիայի Հանրապետութիւնը, որպէս Օսմանեան կայսրութեան իրաւայաջորդ պետութիւն, պէտք է իրաւական պատասխանատւութիւն կրի ցեղասպանութեան եւ դրա շարունակական հետեւանքների համար։ Թուրքիան ժառանգել է Օսմանեան կայսրութեան ակտիւները եւ, հետեւաբար, ժառանգել է նաեւ նրա պարտաւորութիւնները։
Ցաւօք, Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ նախագահական հռչակագրերը եւ Կոնգրեսի կողմից ընդունւած յիշատակի բանաձեւերը օրէնքի ուժ չունեն եւ, հետեւաբար, իրաւական հետեւանքներ չեն կարող ունենալ:
Առանց երկար սպասելու՝ քանի որ հայերը սպասել են աւելի քան մէկ դար, նրանք պէտք է իրաւական քայլեր ձեռնարկեն միջազգային եւ ազգային դատարանների միջոցով, ներառեալ.
– Արդարադատութեան միջազգային դատարանի (Համաշխարհային դատարան), որտեղ միայն պետութիւններն ունեն նման իրաւասութիւն),
– Մարդու իրաւունքների եւրոպական դատարանի,
– ԱՄՆ դաշնային դատարանների, ինչպէս նաեւ այլ երկրների դատարանների։
Հայաստանի ներկայիս կառավարութիւնը որեւէ շահագրգռւածութիւն չունի դատական հայցեր ներկայացնելու Միջազգային դատարանում Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ ընդդէմ Թուրքիայի, ուստի ամերիկահայերը պէտք է իրենք ձեռնարկեն իրաւական գործողութիւններ: Մէկ այլ խորհրդանշական բանաձեւի համար պայքարելու փոխարէն, նրանք պէտք է լոբբինգ իրականացնեն Ներկայացուցիչների պալատում եւ Սենատում՝ երկարաձգելու վաղեմութեան ժամկէտը, ինչը հնարաւորութիւն կտայ հայերին դատական հայցեր ներկայացնել՝ Ցեղասպանութեան հետեւանքով պատճառւած նիւթական կորուստների հիման վրայ:
Երբ Ներկայացուցիչների պալատն ու Սենատը ընդունեն նման օրինագիծ, այն կուղարկւի նախագահին՝ ստորագրման համար։ Այս օրէնսդրութիւնը կըհամապատասխանի Հոլոքոստի փոխհատուցման վերաբերեալ գործող օրէնքների իրաւական շրջանակին, ինչպիսիք են՝
– «Հոլոքոստի զոհերի փոխհատուցման մասին» օրէնքը, որն ընդունւել է ԱՄՆ Կոնգրեսի կողմից 1998 թւականին,
– «Հոլոքոստի ժամանակ բռնագրաււած արւեստի գործերի վերականգնման մասին 2016 թւականի օրէնքը»,
– Կալիֆորնիայի ժողովի 2867-րդ օրինագիծը՝ «Հալածանքների պատճառով կորցրած արւեստի գործերի եւ անձնական ունեցւածքի վերականգնում», որը ստորագրւել է նահանգապետ Գեւին Նիւսոմի կողմից 2024 թւականին։
Երբ դատական հայցեր ներկայացւեն ԱՄՆ դատարաններ, դրանք կըգրաւեն ամբողջ աշխարհի ուշադրութիւնը՝ ստիպելով Թուրքիային իրաւական ասպարէզում առերեսւել իր յանցաւոր անցեալի հետ։ Այդ դէպքում թուրքական կառավարութեան կողմից ցեղասպանութեան շարունակական ժխտումները կդառնան անիմաստ։
ԱՄՆ դատարանները կարող են օրինական կերպով պարտադիր վճիռներ կայացնել՝ պահանջելով Թուրքիայից փոխհատուցում վճարել հայերին իրենց կորուստների համար: Եթէ Թուրքիան հրաժարւի կատարել այդ պահանջը, դատարանները կարող են որոշում կայացնել Միացեալ Նահանգներում գտնւող թուրքական կառավարութեանը պատկանող բոլոր ակտիւների, ինչպիսիք են շէնքերը, բանկային հաշիւները եւ «Թուրքական աւիաուղիներ»-ին պատկանող ինքնաթիռները բռնագրաւելու մասին:
Այս պատմական իրաւական պայքարն սկսելու համար հայերը պէտք է ձեռնարկեն երկու անյապաղ գործողութիւն.
1) Լոբբինգ անել Կոնգրեսում՝ այս պահանջները թոյլատրող օրէնք ընդունելու համար,
2) Վարձել միջազգային իրաւունքի ոլորտում մասնագիտացած լաւագոյն իրաւաբանների։
Եթէ հայերը յաղթեն դատարանում, ցեղասպանութեան ճանաչման վերաբերեալ բանաւէճը կդառնայ անտեղի։ Թուրքական կառավարութեան կողմից ԱՄՆ դատարանի նման որոշումը կատարելու ցանկացած դիմադրութիւն կամ մերժում կստեղծի լուրջ դիւանագիտական եւ իրաւական ճգնաժամ Անկարայի եւՎաշինգտոնի միջեւ։
Ահա թէ ինչպէս հայ ժողովուրդը կարող է վերջապէս հասնել արդարութեան՝ ոչ թէ յաւելեալ ճանաչման, այլ դատական յաղթանակների միջոցով։
ՅԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆԵԱՆ
«Կալիֆորնիա կուրիէր»
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանութիւնը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՒԱԳԵԱՆԻ