ՄիջազգայինՔաղաքական

Վարչապետ Կոբախիձէն յայտարարել է Վրաստանում արտաքին աջակցութիւն վայելող յեղաշրջման հինգերորդ փորձի մասին

«ԱԼԻՔ» – Վրաստանում տեղի է ունեցել յեղափոխութեան հինգերորդ փորձը, եւ այդ գործողութիւնները հովանաւորւել են դրսից, յայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձէն։ Հաղորդում է News.am-ը:

«Սա յեղափոխութեան հինգերորդ փորձն էր, որն ունէր արտաքին աջակցութիւն… Մեր գլխաւոր նպատակն է ապահովել, որ ոչ ոք չհամարձակւի իրականացնել վեցերորդ փորձը, եւ կը ձեռնարկւեն բոլոր միջոցները դա ապահովելու համար»,- «Ռուսթաւի 2» հեռուստաընկերութեանը տւած հարցազրոյցում յայտարարել է Վրաստանի վարչապետը։

Նա ընդգծել է, որ միջոցներ կը ձեռնարկւեն՝ ապահովելու համար, որ «ոչ ոք չհամարձակւի վեցերորդ յեղափոխութիւն կազմակերպել»։

«Մենք յայտարարել ենք, որ բռնութեանը մասնակցած եւ նախագահական նստավայրը գրոհած անձինք պատասխանատւութեան կենթարկւեն ըստ բոլոր օրէնքների։

Միաժամանակ հոկտեմբերի 4-ից առաջ բոլորին յիշեցրինք, որ շատ աւելի մեծ ռեսուրսներ ունենք՝ մեղաւորներին բացայայտելու համար։ Համապատասխանաբար, շատ բռնի ցուցարարներ ստիպւած են սպասել համապատասխան միջոցառումների։

Այսօր (հոկտեմբերի 6-ԽՄԲ) անցկացւում է համապատասխան յատուկ գործողութիւն։ Այսօր մի քանի յանցագործներ կը ձերբակալւեն։ Այս գործընթացն, անկասկած, կը շարունակւի։ Նախագահական նստավայրում չարաշահումներ կատարած բազմաթիւ անձինք արդէն իսկ բացայայտւել են։ Ոմանք թաքնւում են բնակարաններում, միւսները փախել են շրջաններ։

«Հանրահաւաքի» բոլոր յայտարարւած կազմակերպիչները ձերբակալւել են։ Ես հիմա խօսում եմ նրանց մասին, ովքեր անմիջականօրէն գրոհել են նախագահական նստավայրը։ Նրանք այս նոր սերնդի ծայրայեղական խմբաւորումների ներկայացուցիչներ են, որոնք ունէին կոնկրետ առաքելութիւն, եւ նրանք այն ստացան։ Նրանք պէտք է գրոհէին պետութիւնը։ Սակայն դուք տեսաք, որ այդ յարձակումն անյաջող էր»,- յայտարարել է Կոբախիձէն։

Related Articles

Back to top button