Ադրբեջանական թերթը յարձակւում է Սասունեանի վրայ՝ լաբբինգի վրայ Ադրբեջանի վատնած միլիարդների մասին յայտարարելու համար
Անցեալ շաբաթ Alphanews հեռուստաընկերութիւնը խնդրեց ինձ մեկնաբանել ԱՄՆ Սենատի միաձայն որոշումը (100 կողմ, 0 դէմ ձայների յարաբերակցութեամբ), որը երկու տարով կասեցնելու է նախագահ Ջօ Բայդէնի իրաւասութիւնը՝ շրջանցելու Միացեալ Նահանգների ազատութեան աջակցութեան ակտի 907-րդ յօդւածը, որն արգելում է օգնութիւն տրամադրել Ադրբեջանին։ Եթէ Ներկայացուցիչների պալատը նոյնպէս հաւանութիւն տայ այս օրինագծին, ապա այն կուղարկւի նախագահին՝ ստորագրելու համար, որից յետոյ այն օրէնքի ուժ կը ստանայ: 1992 թւականից ի վեր ԱՄՆ բոլոր նախագահները, ներառեալ նախագահ Բայդէնը վերջին երկու տարիներին, շրջանցել են 907-րդ յօդւածը՝ այդպիսով տասնեակ միլիոնաւոր դոլարների օգնութիւն տրամադրելով Ադրբեջանին։
Սենատի որոշումը զայրացրել է Ադրբեջանի Արտգործնախարարութեանը, որն այն որակել է որպէս հարւած հայ-ադրբեջանական յարաբերութիւններին եւ չեղարկել իր մասնակցութիւնը նոյեմբերի 20-ին նախատեսւած Վաշինգտոնի բանակցութիւններին երկու երկրների արտգործնախարարների միջեւ։
Alphanews-ին տւած հարցազրոյցի ժամանակ ես յայտարարեցի, որ ոչ մի ամերիկացի սենատոր դէմ չի եղել հակաադրբեջանական օրինագծին, չնայած Ադրբեջանը վարձել է բազմաթիւ խոշոր լաբբիստական ընկերութիւններ՝ Վաշինգտոնում իր շահերը պաշտպանելու համար: Սա նշանակում է, որ վերջին երկու տասնամեակների ընթացքում Ադրբեջանը վատնել է տասնեակ միլիոնաւոր դոլարներ՝ վճարելով այդ անօգուտ լաբբիստական ընկերութիւնների համար։ Աւելացնեմ, որ այս լաբբիստական ընկերութիւնների աշխատանքը վերահսկելու անմիջական պատասխանատուն Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպան Խազար Իբրահիմն է։ Հետեւաբար, ցանկացած կառավարութիւն, որը կիմանայ նման հսկայական գումարների վատնման մասին, անմիջապէս կազատի իր դեսպանին։ Եթէ նախագահ Ալիեւը չազատի դեսպան Իբրահիմին, ուրեմն նա նոյնքան պատասխանատու կը լինի անօգուտ լաբբիստական ընկերութիւնների վրայ միլիոնաւոր դոլարների վատնման համար, որոնք չեն կարողացել համոզել 100-ից գոնէ մի սենատորի քւէարկել յօգուտ Ադրբեջանի:
Alphanews-ին տւած հարցազրոյցից մի քանի օր անց Ադրբեջանի առաջին անգլիալեզու թերթը՝ Azernews-ը, հրապարակեց ծաւալուն յօդւած՝ «Կաշառք տալով կոնգրեսականներին, հայկական լաբբին վտանգ է ներկայացնում Երեւանի ապագայի համար» վերնագրով, յարձակւելով անձամբ ինձ վրայ՝ այն բանի համար, որ յայտարարել եմ՝ Ադրբեջանը միլիոնաւոր դոլարներ է վատնել լաբբինգի վրայ։ Ահա թէ ինչպէս են վարւում անամօթ մարդիկ, երբ ուրիշներին մեղադրում են այնպիսի բաների համար, որոնցում իրենք են մեղաւոր:
Ամբողջ աշխարհը տեղեակ է Ադրբեջանի տխրահռչակ «խաւիարային դիւանագիտութեան» եւ ադրբեջանական փողերի լւացման մասին, որ միլիարդաւոր դոլարներով կաշառում է քաղաքական գործիչներին ողջ Եւրոպայում՝ Ադրբեջանի օգտին ձայներ տալու համար՝ Ադրբեջանի կողմից մարդու իրաւունքների կոպիտ խախտումները եւ նրա կեղծ նախագահական ընտրութիւնները արդարացնելու համար:
Azernews-ն անամօթաբար յայտարարում է, որ «արտերկրում Հայաստանի լաբբիստական կազմակերպութիւնները միլիոններ, իսկ գուցէ միլիարդներ են լցնում կոնգրեսականների գրպանները, ուստի, Արեւմուտքից կը հնչեն անհիմն եւ կողմնակալ կարծիքներ ընդդէմ Ադրբեջանի»։
Վերոնշեալ նախադասութեան մէջ կան մի քանի լուրջ սխալներ։ Նախ, Հայաստանի կառավարութիւնը ոչ մի ամերիկեան լաբբիստական ընկերութիւն չի վարձել պարզապէս այն պատճառով, որ չունի այն հսկայական նաւթադոլարները, որոնք ունի Ադրբեջանը, եւ որոնք վատնում է Վաշինգտոնում լաբբիստական ընկերութիւնների վրայ՝ փոխարէնը իր երկրում հոգ տանելու իր աղքատ ժողովրդին: Երկրորդ, ամերիկահայ կազմակերպութիւնները միլիոնաւոր, էլ չասած միլիարդաւոր դոլարներ չունեն, որ «լցնեն կոնգրեսականների գրպանները»։ Ամերիկահայերին հարկաւոր չէ կաշառել որեւէ մէկին։ Երբ քո գործն արդար է, դու կարիք չունես որեւէ մէկին կաշառելու ճշմարտութեան մէջ համոզելու համար: Միայն այն դէպքում, երբ դու զանգւածային յանցագործութիւններ ես կատարում, ինչպէս բազմիցս անում են Ադրբեջանը եւ Թուրքիան, պէտք է միլիոնաւոր ու միլիարդաւոր դոլարներ ծախսես քո յանցագործութիւնները կոծկելու համար:
Azernews-ն այնուհետեւ մեղադրել է Ադրբեջանին՝ ասելով, որ Բաքուն «ոչ միայն հետաքրքրւած է մասնակցել գործընկերութեան որոնման այս աճուրդին, որը Հայաստանը շռայլօրէն անում է հիմա»: Թէեւ այս նախադասութիւնը քերականօրէն սխալ է կազմւած, ադրբեջանցի գրողը կարծես թէ ընդունում է, որ Ադրբեջանը ձգտում է կաշառել օտարերկրեայ պաշտօնեաներին: Սա անօգուտ յայտարարութիւն է, քանի որ Ադրբեջանը տարիներ շարունակ արդէն կաշառում է օտարերկրեայ պաշտօնեաներին։
Ադրբեջանը աշխարհի ամենավերջին երկիրն է, որ կարող է զրպարտել Հայաստանին կամ որեւէ այլ երկրի, քանի որ Բաքուն ղեկավարում է մի բռնապետ, որը բանտարկում է լրագրողներին եւ իրաւապաշտպաններին, իսկ նրա զինւորները նողկալի ռազմական յանցագործութիւններ են կատարում, ինչպիսիք են բռնաբարութիւնները եւ գլխատումները: Ադրբեջանը ներխուժել է Արցախ եւ ցեղասպանութիւն իրագործել հայ բնակչութեան նկատմամբ։ Աւելին, ադրբեջանցի զինւոր Ռամիլ Սաֆարովը Հունգարիայում ՆԱՏՕ-ի կազմակերպած ուսումնական սեմինարի ժամանակ կացնահարեց քնած հայ զինւորին՝ գլխատելով նրան։ Ալիեւը կաշառեց Հունգարիայի կառավարութեանը նրան բանտից ազատելու համար, իսկ յետոյ նրան ներում շնորհեց ու հռչակեց ազգային հերոս։
Ես շնորհակալ եմ Azernews-ին՝ Գլենդէլում (Կալիֆորնիա) իմ տւած հարցազրոյցին Բաքւից ուշի ուշով հետեւելու եւ անհիմն ու կեղծ պատասխաններ գրելու համար: Յօդւածագիրը՝ Azernews-ի գլխաւոր խմբագրի տեղակալ Էլնուր Էնւերօղլուն, շատ ջանքեր է գործադրել ոչ միայն իմ հեռուստատեսային հարցազրոյցը գտնելու, այլեւ այն հայերէնից անգլերէն թարգմանելու համար։
ՅԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆԵԱՆ
«Կալիֆորնիա կուրիէր» թերթի հրատարակիչ
http://www.TheCaliforniaCourier.com
Թարգմանութիւնը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՒԱԳԵԱՆԻ