Դաշնակցական ԲեմՀայաստան - Արցախ

Հայկազուն Ալւրցեան. «Եթէ շաժումն այսքան ժողովրդականութիւն է վայելում, նշանակում է՝ պահանջարկը կար»

«Տաւուշը յանուն Հայրենիքի» շարժման անդամները Բագրատ Սրբազանի գլխաւորութեամբ մայիսի 20-ին գնացել էին Կիրանց՝ տեղում ծանօթանալու իրավիճակին, սակայն ոստիկանական մեծաթիւ ուժերը փակել են նրանց ճանապարհը եւ արգելել մուտք գործել Կիրանց։

Մայիսի 9-ից Երեւանում սկսւած բողոքի ակցիաների եւ հանդիպումների ընթացքում շարժման անդամները պահանջում են իշխանութեան հրաժարականը: Երէկ այդ հանդիպումներից մէկի ժամանակ Բագրատ Սրբազանը յայտարարեց, որ այսօր մեկնելու են Կիրանց՝ բնակիչների կողքին լինելու եւ տեղում իրավիճակին ծանօթանալու համար։

168.am-ի հետ զրոյցում «Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրութեան կենտրոն»-ի տնօրէն, հայագէտ Հայկազուն Ալւրցեանը ողջունեց Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը, անդրադառնալով նաեւ իշխանական քարոզչութեան քննադատութիւններին.

«Եթէ այս շարժումն այսքան մեծ ժողովրդականութիւն է վայելում, նշանակում է՝ դրա պահանջարկը կար, սպասւած էր ու պէտք է լինէր։ Վստահ եմ, որ շարժման մասնակիցներին մատուցւում է ամենաճիշտ խօսքերն ու գաղափարները՝ ազգի փրկութեան, արժանապատւութեան վերականգնման, ազգի ինքնութեան պահպանման եւ մեր կորցրած տարածքները հետ բերելու վերաբերեալ։ Շարժման ընթացքում եղած խօսքերն այս ամէնի վերաբերեալ ճիշտ ու սրտամօտ են։ Ես լիայոյս եմ, որ այս շարժումը յաջողութիւն է ունենալու»։

Նա ուրախութեամբ արձանագրեց՝ շարժումն ունի շատ մասնակիցներ, եւ բոլորի ուշադրութիւնն այդ շարժմանը շատ մեծ է։

«Քննադատողներին առանձին ես կանդրադառնամ, մէկ յօդւած արդէն գրել եմ։ Ասում եմ՝ բոլոր նրանք, ովքեր հակադրւում են այս շարժմանը՝ առանց հիմնաւորումների, նրանց միակ հիմնաւորումը զրպարտութիւնն է, հայհոյանքը, կեղծիքները։ Ասում են՝ ինչո՞ւ է սպիտակ շոր հագել Սրբազանը, ինչո՞ւ է զբաղւում քաղաքականութեամբ, Խորենացուն են սխալ մէջբերում, առանց հասկանալու, որ Մովսէս Խորենացին բարձրաստիճան հոգեւորական է եղել եւ նրա պաշտամունքները եղել են Մեսրոպ Մաշտոցն ու Սահակ Պարթեւը։ Տգէտ ու տհաս մարդիկ, որոնք իրենց յաճախ մտաւորական են համարում, իսկ աւելի յաճախ՝ ներդրւած քաղաքական ու հոգեւոր աղանդների կողմից, փորձում են պառակտել ազգը, դրանք մեզ ու այս շարժմանը չպէտք է վհատեցնեն։ Այս դէպքում չպէտք է վհատեցնեն նաեւ մամուլին, ու մամուլը նրանց բացայայտելու գործով էլ պէտք է զբաղւի»,- շեշտեց Հայկազուն Ալւրցեանը։

Մեր զրուցակցի խօսքով՝ արտաքին թշնամու գործը հեշտ է, բայց Հայաստանն ունի ներքին թշնամի՝ կառավարող ուժի եւ Նիկոլ Փաշինեանի գլխաւորութեամբ, որն առաջնորդում է ամբողջ ապազգային, հակապետական շարժումը։
«Եւ իշխանութիւնների կողմից այդ շարժումը կոչւած է պետութիւնը ոչնչացնելու, տարածքները յանձնելու, ինչպէս յանձնեց ամբողջ Արցախը։ Ոչնչացնում են կրթական համակարգը, բանակը, պետական կառոյցները, հիմա նաեւ փորձում են եկեղեցին ոչնչացնել։

Այսօր ըստ էութեան շարժման մասնակիցները Բագրատ Սրբազանին շատ են սիրում, բայց նա շարքային քաղաքական գործիչ չէ, որին ասեն՝ ուր տանեք, կը գանք։ Նա որեւէ տեղ չի տանելու, փոխարէնը՝ պարզ ու քրիստոնէական լեզւով բացատրել է այս իրավիճակից դուրս գալու ճանապարհները։ Իսկական առաջնորդներն այսպիսին են լինելու, որոնց խօսքը շատ աւելի կարեւոր է, քան իրենց անձը։ Հետեւաբար՝ չպէտք է անձնաւորել։

Մենք գործ ունենք Առաքելական Եկեղեցու հետ, որն իր գաղափարախօսութեամբ այդ անձնաւորումներին դէմ է։
Ինչպէս ասում էր Եղիշեն՝ ամբողջ պայքարը ճիշտ ճանապարհով կը տանի մեր եկեղեցին, եւ մենք կը յաղթենք»,- եզրափակեց Հայկազուն Ալւրցեանը։

Related Articles

Back to top button