Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Յակոբ Բադալեան. «Հայաստանի, ԱՄՆ ու Ադրբեջանի ղեկավարների ստորագրութեամբ արձանագրւում է յատուկ ռեժիմ՝ ՄԻԱՅՆ Հայաստանի տարածքի առնչութեամբ»

Քաղաքական վերլուծաբան Յակոբ Բադալեանը ֆէյսբուքեան իր էջում գրել է.

««Հայաստանի Հանրապետութիւնն աշխատելու է Ամերիկայի Միացեալ Նահանգների եւ փոխադարձաբար համաձայնեցւած երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետութեան տարածքում «Թրամփի ուղի՝ յանուն միջազգային խաղաղութեան եւ բարգաւաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)) հաղորդակցութեան ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։ Մենք հաստատում ենք մեր վճռականութիւնը բարեխղճօրէն ձեռնարկելու բոլոր միջոցները՝ սոյն նպատակին հնարաւորինս արագ կերպով հասնելու համար»:

Ինչո՞ւ է Հայաստանի տարածքով անցնող ճանապարհի հարցում արձանագրւում այսպիսի կէտ՝ օգոստոսի 8-ի եռակողմ հռչակագրում, իսկ Ադրբեջանի տարածքով անցնող ճանապարհների հարցում՝ ոչ:

Եթէ սա լինէր լոկ հայ-ամերիկեան միջպետական որեւէ համաձայնութեան կէտ, դրւագ, դրոյթ, ապա դրա զուտ ֆիզիկական գոյութիւնը հնարաւոր կը լինէր հասկանալ, անկախ բովանդակութեան հետ համաձայն լինել-չլինելու հարցից:

Բայց, վերը մէջբերածս դրոյթը օգոստոսի 8-ի եռակողմ հռչակագրի կէտ է, դրոյթ, ինչը ակնյայտօրէն նշանակում է, որ այն հայ-ադրբեջանական կարգաւորում կոչւող օրակարգի բաղադրիչ է՝ յետոյ նոր միայն հայ-ամերիկեան հարց:

Հետեւաբար, օգոստոսի 8-ի հռչակագիրը իրաւա-քաղաքական մակարդակում դէ ֆակտօ արձանագրում է պատկեր, որում Հայաստանի տարածքի առնչութեամբ լեգիտիմացւում է յատուկ ռեժիմի, յատուկ կարգաւորման առկայութիւնը: Եթէ ՀՀ ինքնիշխան տարածքով անցնող ճանապարհի վերաբերեալ արձանագրւում է յատուկ կարգաւորում՝ միակողմանի, առանց Ադրբեջանի որեւէ տարածքային հանգամանք նոյնանման արձանագրման արժանացնելու, ապա դա այլ բան չէ, քան Հայաստանի տարածքի ճանաչում որպէս «կոնֆլիկտի առարկայ»:

Հետեւաբար, սա պաշտօնական ստորագրութեամբ արձանագրւած նահանջ է ինքնիշխանութեան ու տարածքային ամբողջութեան անքակտելի սկզբունքից: Օգոստոսի 8-ի եռակողմ յայտարարութեան 4-րդ կէտը այդ սկզբունքը Հայաստանի առնչութեամբ դարձնում է «քակտելի»:

Պարտադիր չէ, որ դրա մասին լինեն ուղիղ ձեւակերպումներ: Իրաւա-պայմանագրային փաստաթղթերը բացի տառից, ունեն նաեւ «ոգի»: Դա իրաւագիտութեան, այդ թւում միջազգային յարաբերութիւնների էական մասնագիտական առանձնայատկութիւններից մէկն է:

Օգոստոսի 8-ի յայտարարութեամբ եռակողմ ստորագրութեամբ՝ այսինքն Հայաստանի, ԱՄՆ ու Ադրբեջանի ղեկավարների ստորագրութեամբ հայ-ադրբեջանական կարգաւորման գործընթացի համատեքստում արձանագրւում է յատուկ ռեժիմ՝ Հայաստանի տարածքի առնչութեամբ, ՄԻԱՅՆ Հայաստանի տարածքի առնչութեամբ»:

168.am

Related Articles

Back to top button