Ռոլանդ Շառոյեան. «Տեղի է ունեցել մեծ դաւաճանութիւն, աշխարհաքաղաքական խարդաւանք, եւ արդիւնքում՝ եկել է այս իշխանութիւնը»
Կարծես թէ ինչ-որ բան այն չէ, թէեւ թւում է՝ ամէն ինչ նորմալ է։ Այսօր մենք գտնւում ենք ազգային-քաղաքական մի թոնրի մէջ, որտեղ ամէն ինչ լցւած է այրելու, վառելու համար, բայց այն, ինչ պէտք է այդ թոնրում թխել, մենք չունենք։ Եթէ թոնիրը պիտի վառենք, ուրեմն մենք մեզ ենք այրելու, որովհետեւ մենք բոլորս յայտնւելու ենք այդ թոնրի մէջ։ Գետի մէջ չենք, թէեւ հիմա ջրհեղեղներ են լինում, գետեր են վարարում, զոհեր են լինում, բայց մենք հոգեւոր-մշակութային, հայեցի իմացութեամբ եւ նկարագրով այսօր մի քանի այլ երկրների պէս տապակւում ենք մեր իսկ ձեռքով լցրած իւղի թաւայի մէջ։ Մենք մեր ազգային-քաղաքական նպատակների առումով գտնւում ենք մի սարսափելի, անասելի իրավիճակում, գրեթէ այնպիսի, ինչպիսին էինք 1915-ի Հայոց Ցեղասպանութեան իրականացման նախաշեմին։ Հայաստանաբնակ հայ ժողովուրդն այսօր այս վիճակում է գտնւում։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է յայտնել գրող, հրապարակախօս, ՀՀ մշակոյթի նախկին նախարար, ՀՅԴ անդամ Ռոլանդ Շառոյեանը:
«Պէտք է պայքարել։ Միւս ժողովուրդների նման՝ մենք աշխատանքով, արարելով, ստեղծելով, կառուցելով՝ ապրել եւ ստեղծել ենք Հայաստան, բայց դժբախտաբար՝ այսօր նոյնկերպ դա էլ չենք կարող իրականացնել, մեզ չի տրւում երկիր շէնացնելու եւ կառուցելու հնարաւորութիւն։ Տրւում է երկիրը քանդելու, աւերելու, ժողովրդին իրար դէմ հանելու ծրագիր՝ մարդկանց հասարակական-քաղաքական տարբեր լաբիրինթոսներում պահելով, թորելով, թրծելով նրանց լաւ կամ վատ մտքերը։ Մենք մի այնպիսի պարանով ենք մեզ հանգուցել, կապկպել, որ Գորդեան հանգոյցը ոչինչ է դրա դիմաց։ Մենք այսօր զսպաշապիկ հագած ժողովուրդ ենք աշխարհի բոլոր երկրներում, անշուշտ՝ Հայաստանից սկսած»,- ասաց արւեստագէտը:
«Այս իշխանութեանն իրաւունքը տրւել է ընտրութեամբ։ Խնդիրն այն է, որ մենք ենք ընտրել մեր դագանակին, հայրենիքը դաւաճանողին, վաճառողին, թալանողին, հայրենիքն օտարող իշխանութեանը։ Իրենք փաստերով ապացուցել են, որ մենք ենք ընտրել։ Նրանք բոլորը հայեր են։ Մենք չպէտք է ընդունենք չգոյութեան որոշումը, նման որոշում չէր էլ կարող լինել։ Բայց խնդիրն այն է, որ տեղի է ունեցել մեծ դաւաճանութիւն, աշխարհաքաղաքական խարդաւանքներով լի մեծ աւանտիւրա Հայաստանի հանդէպ, եւ արդիւնքում՝ մենք ստացել ենք ներկայ իշխանութեանը։ Իրենք էլ են ասում՝ ընտրւել են, մենք ենք ընտրել, իրենք խախտումներով չեն ընտրւել։ Այո՛, գնել են, խաբել են, վաճառել են, օտարերկրեայ ուժեր, տէրութիւններ աջակցել են նրանց, որպէսզի Հայաստանում ստանան այս իշխանութեան կացինը»,- նշել է նա:
Նախկին նախարարի պնդմամբ՝ այս իշխանութիւնն իրականացնում է թուրք-ադրբեջանական ծրագիր, եւ այն պաշտպանւել է ոչ միայն եւրոպական, այլեւ շատ այլ խոշոր երկրների կողմից. «Չի կարող լինել ինքնազոհաբերման որոշում։ Սրանց դաստիարակել են, սրանք արտիստներ են, կատարողներ, Հայաստանն իրենց համար բեմահարթակ են դարձրել եւ խաղում են այն ներկայացումը, որը նրանց համար պատրաստել է Արեւմուտքը։ Չէր կարող Հայաստանում այսպիսի իշխանութիւն լինել՝ առանց Արեւմուտքի խոշոր տէրութիւնների, ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի աջակցութեան։ Չէր կարող մեր երկրում այս իշխանութիւնը կայանալ՝ առանց ֆինանսական մեծ օլիգարխիաների միջնորդութեան, ուղղակի չէր կարող։ Մեր ժողովրդի իներտ հատւածն աջակցեց եւ նոյնիսկ ընտրութեան չգնալով՝ իր քւէները դրեց այդ արկղի մէջ։ Այդպիսի ընտրութիւն արել է, օրինակ, Հիտլերը Գերմանիայում»:
«Հնարաւոր է անել ճշգրիտ քայլեր, դրա համար հարկաւոր է կամք, խիզախութիւն, որպէսզի ապահովենք նախեւառաջ՝ մեր ժողովրդի հաւաքական մտքի արտայայտումը։ Շատ կարեւոր է, որ մեր ժողովրդին սովորեցնենք՝ չի կարելի ապագան ընտրել դրամով։ Չի կարելի քո չծնւած երեխայի, թոռնիկի, բարեկամի ապագան որոշել դրամով։ Հայաստանն այսօր տառապում է պետական կաշառակերութեան մէջ։ Դա այն է, երբ այլ պետութիւններից ստանում են պարգեւներ, գումար, եւ իրականացնում են այն քաղաքականութիւնը, ինչն իրենց թելադրւում է։ Փաստօրէն, մենք այստեղ ունենք գործակալների իշխանութիւն»,- ամփոփել է Ռոլանդ Շառոյեանը: