Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը 2003 թւականից սկսեալ իւրաքանչիւր տարին ձօնում է մեր համահայկական կեանքի հետ անմիջական աղերս ունեցող երեւոյթի, դէպքի, դէմքի կամ յոբելեանի։ 2024 թւականը Նորին Սրբութիւնը Հայրապետական յատուկ գրով հռչակեց ՄԱՐԴՈՒԺԻ ՊԱՏՐԱՍՏՈՒԹԵԱՆ ՏԱՐԻ։
Սփիւռքեան պայմաններում մարդուժի դաստիարակման կարեւոր կենտրոններից են համարւում հայկական միութիւնները, դպրոցները եւ ազգային կառոյցները:
Այս կապակցութեամբ նախաձեռնել ենք հարցազրոյցների շարան, համայնքիս միութիւնների պատասխանատուների եւ վարչականների հետ, ծանօթանալու մարդուժի դաստիարակման հարցով միութիւնների յարկերի տակ ծաւալւող աշխատանքներին:
Առիթի շրջանակում, որպէս իրանահայ համայնքի ամենամեծ կազմակերպութիւն, առաջինը զրուցել ենք Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան Կենտրոնական վարչութեան նախագահուհու եւ կազմակերպութեան միութիւնների պատասխանատուների հետ:
Ի դէպ քանի որ այս տարի նաեւ համընկնում է Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան հիմնադրման 80-ամեակին, ուստի ողջունելով կազմակերպութեանը, մարդուժի դաստիարակման թեմայի հարցով նախ այցելել ենք «Արարատ» մարզաւան, որի իւրաքանչիւր տարածքում մի աշխատանք է ծաւալւում: Մարզաւանի գրասենեակում զրոյցը սկսեցինք կազմակերպութեան Կենտրոնական վարչութեան նախագահուհի Սոֆի Ջաղարբէգեանի հետ:
Զրոյցի ընթացքում նա ողջունելով նախաձեռնութիւնը նշեց. «Հ.Մ.Ա.Կ.-ի հիմնական նպատակներից է սերունդներին դաստիարակելը թէ՛ մարդկային արժէքների առումով, եւ թէ՛ մասնագիտական ու ազգային դաստիարակութիւն փոխանցելու առումով: Հ.Մ.Ա.Կ.-ը կազմւած է չորս միութիւններից եւ հիմնական մարդուժի դաստիարակումը իրականացւում է իր երեք կրտսեր ունեցող միաւորներով, Մարզական, Արւեստից եւ Սկաուտական: Ամենահիմնականը կարելի է համարել Սկաուտական միութիւնը, որտեղ դաստիարակւում են ղեկավար եւ միութենական մարդուժ: Մարզական եւ Արւեստից միութիւնները իրենց մասնագիտական ոլորտների կողքին ուղղակի եւ անուղղակի աշխատում են մարդուժի, ազգային դաստիարակման եւ մարդկային արժէքները բարձրացնելու ուղղութեամբ: Այս առումով զրոյցին ներկայ են Սկաուտական, Մարզական եւ Արւեստից միութիւնների պատասխանատուները եւ Հանրային կապի գրասենեակի պատասխանտուն, որպէսզի ներկայացնեն մարդուժի դաստիարակման բնագաւառում ծաւալող աշխատանքները»:
***
Զրոյցը շարունակեցինք Հ.Մ.Ա.Կ.-ի Սկաուտական միութեան սկաուտապետ, խմբապետ Գայիանէ Դաւթեանի հետ: Նա անդրադառնալով Սկաուտական միութեան շարժման նպատակներին նշեց, որ Սկաուտականի նշանաբանն է «Բարձրացիր, բարձրացրու», այսինքն նախ դաստիարակւենք յետոյ դաստիարակենք յաջորդ սերունդին: Այն նպատակ ունի երիտասարդին դաստիարակել՝ ֆիզիկապէս, մտայնապէս եւ հոգեպէս: Նա աւելացրեց. «Սկաուտականի ամենակարեւոր կէտերից է ղեկավարման հմտութիւն ստանալը, որը սկսւում է ամենափոքր օղակից այսինքն խմբակներից: Այդ առումով ամէն ուրբաթ ունենում ենք աշխատանքներ եւ հետեւում ենք որ սկաուտները ներկայութիւն ունենան աշխատանքներում, իսկ ժողովներին մասնակցելով նրանք սովորում են ծրագրաւորումը, պատասխանատւութեան ու պարտականութեան ստանձնումը, եւ այդպիսով դաստիարակւում են ապագայի ազգային ղեկավարները կամ պատասխանատուները: Սկաուտական կեանքը նաեւ ուսուցանում է խմբային աշխատանքը եւ դաշտային աշխատանքների համար ֆիզիկապէս պատրաստում է մարդուն, մի խօսքով Սկաուտականի նպատակն է դաստիարակել լաւ քաղաքացիներ, եւ լաւ մարդիկ ազգի համար եւ այսպիսով իրականանում է Սկաուտականի երդման երեք հիմնական սկզբունքները՝ «Հաւատարիմ մնալ Աստծուն, հայրենիքին եւ ընտանիքին»: Նաեւ աշխատանքների ընթացքում փոխանցում ենք համազգային մի շարք գիտելիքներ, որոնք կիրառւում են աշխատանքների ընթացքում եւ սկաուտները սովորում են տարբեր բնագաւառներում հմտութիւններ ձեռք բերել, որոնք նաեւ ինչ որ տեղ նպաստում են սկաուտին իր կեանքի ապագայ ուղին լաւագոյնս կարգաւորելու համար»:
Նա նշեց, որ Սկաուտական բանակումները անհատի մօտ զարգացնում է ղեկավարի հասկացողութիւնը, եւ պատասխանատւութեան զգացողութիւնը սկսած կրտսեր սկաուտներից մինչեւ երէցագոյնը: Այս բոլորը վկայում են Սկաուտական միութեան մարդուժի դաստիարակման կարեւորութեան մասին:
Գայիանէ Դաւթեանը անդրադառնալով Հ.Մ.Ա.Կ.-ի Սկաուտական միութեան հատւածներին ընդգծեց, որ ներկայիս միութիւնը օժտւած է մօտաւորապէս 260 սկաուտներով, որոնք ներառւած են արի, արենուշ եւ կրտսեր հատւածներում: Սկաուտների մօտ առկայ ընկերական մթնոլորտի շնորհիւ նրանք դաստիարակւում են այդ ընկերական մթնոլորտում, որը ամենամեծ առաւելութիւնն է, նշեմ նաեւ, որ արի եւ արենուշները իւրաքանչիւրը ունեն 4 խմբեր իսկ կրտսերները 2 խմբեր:
Սկաուտականի դաստիարակչական բնոյթի մասին նա նշեց, քանի որ սկաուտականում փոքր տարիքից իրենց պատասխանատւութիւններ է յանձնարարւում ուստի նրանց մօտ զարգացնում է կազմակերպական եւ ղեկավարութեան ունակութիւնը եւ Հ.Մ.Ա.Կ.-ի ղեկավար կազմերը ընդհանրապէս ժամանակին եղել են սկաուտներ, որը վկայում է Սկաուտականի, մարդուժի դաստիարակման կարեւորութեան մասին:
Յատկանշական է, որ կազմակերպութեան Սկաուտական միութեան սկաուտները ներկայ են գտնւում ազգային, կրօնական միջոցառումներին եւ այսպիսով նրանց փոխանցւում է մեր ազգային արժէքները: Նաեւ հէնց ներքին միջոցառումներում եւս սկատուտները իրազեկ են դառնում մեր ազգային, մշակութային ու կրօնական արժէքներին:
***
Մեր յաջորդ զրուցակիցն էր Հ.Մ.Ա.Կ.-ի Մարզական միութեան վարչութեան նախագահ Արբի Սարգսեանը: Զրոյցի ընթացքում նա նշեց. «Մեր ազգի երեք հիմնասիւներն են՝ եկեղեցին, դպրոցը եւ միութիւնը, որոնց մաս է կազմում Հ.Մ.Ա.Կ.-ի Մարզական միութիւնը, որի անդամները օժտւում են ոչ միայն տարբեր մարզաձեւերի հմտութիւններով, այլ նաեւ ստանում միութենական, ազգային ուսուցումներ: Միութիւնը տարիքային չորս բաժանմուներով է աշխատանք տանում, կրտսեր, պատանեկան, երիտասարդական եւ երէց:
Յատկանշական է, որ մեր մարզիկները, ի մասնաւորի կրտսերները կազմակերպութեան յարկի տակ ոչ միայն մարզական վարժանքներ են ստանում եւ ժամանակին դառնում արհեստավարժ մարզիկներ, այլ նրանք թրծւում են միութենական աշխատանքների մէջ, սովորում են ինչպէս լինել լաւ մարզիկ, յարգել իրենց ընկերներին, միութեան շրջագծում մտերմանում են անդամների հետ, ստանում են ազգային ու մշակութային ուսուցումներ:
Մարզական միութիւնը ունի մի քանի կարեւոր մրցաշարեր, որոնցից իւրաքանչիւրը լաւագոյն միջոցն է մարդուժի դաստիարակման համար: Այդ մրցաշարերից են Համադպրոցական մարզական խաղերը, Համահայկական խաղերը եւ կարտեսրների համար ամառային աշխատանքները»:
Մարզական միութեան նախագահ Արբի Սարգսեանը ընդգծեց, որ «Արարատ»-ը տարբեր մարզաձեւերում իր աշխատանքն է ծաւալում՝ բասկետբոլ, ֆուտբոլ, ժայռամագլցում, թենիս, սեղանի թենիս, վոլիբոլ, իսկ ցաւով յայտնեց, որ վերջին տարիներին անկում է ապրել թեթեւ ատլետը եւ լողը եւ աւելացրեց. «Փորձում ենք այդ երկու մարզաձեւերը եւս զարգացնել»: Նա ընդգծեց. «Իհարկէ Համադպրոցական խաղերի շրջագծում փորձ է կատարւում ներգրաւել մեր սիրելի աշակերտներին տարբեր մարզաձեւերում, ի մասնաւորի թեթեւ ատլետի եւ լողի բնագաւառներում: Նաեւ մեր մարզիկները իրենց մասնակցութինն են բերում Հայաստանի Համահայկական խաղերին եւ Թեհրանի մարզական պատւիրակութեան մեծ մասը «Արարատ»-ի մարզիկներից է կազմւում, նաեւ մասնակցում ենք Նոր Ջուղայում Հ. Մ. Մ. «Արարատ» միութեան նախաձեռնութեամբ Գարնանային մարզական խաղերին, որը մեծ խանդավառութիւն է ստեղծում մեր մարզիկների համար, եւ դա կարեւոր է նաեւ միջհամայնքային կապերի առումով: Անհրաժեշտ եմ համարում անդրադառնալու Հ.Մ.Ա.Կ.-ի Միջմասնաճիւղային խաղերը: Այս տարի Հ.Մ.Ա.Կ.-ը նշելու է Համահայկական խաղերի 55-ամեակը, որը նւիրւած է կազմակերպութեան հիմնադրման 80-ամեակին, եւ արդէն այս առումով որոշ աշխատանքներ ենք նախաձեռնել»:
Անդրադառնալով Համահայկական եւ Համադպրոցական խաղերի առաքելութեանը, Սոֆի Ջաղարբէգեանը ընդգծեց, որ դրանց նպատակը մեր երիտասարդութեան ու նաեւ մատաղ սերնդի մօտ մարզանքի նկատմամբ սէրը եւ մարզական ճիւղերի զարգացումն է մէկը դպրոցների, իսկ միւսը միութիւնների մակարդակներում եւ աւելացրեց, որ Հ.Մ.Ա.Կ.-ը համոզւած է, որ եթէ մեր քոյր միութիւններում առաւել վերելք արձանագրի մարզանքը եւ նրանք ունենան լաւ մարզական խմբեր, դա նպաստելու է համայնքի մարզական կեանքի բարելաւմանը: Նրա բնութագրմամբ, Համադպրոցական խաղերը, լոկ մարզական նպատակ չունեն քանի որ մարզանքին զուգահեռ աշակերտների մօտ ստեղծւում է շփում, ընկերական մթնոլորտ, նրանք ծանօթանում են առողջ մրցակցութեան հետ, եւ այդ խաղերի ընթացքում փորձ է կատարւում փոխանցել, որ նպատակը լոկ առաջնութիւն շահելը չէ եւ կարեւոր են նաեւ նշւած հանգամանքները: Գալով Համահայկական խաղերին, դրա նպատակն է նաեւ իրանահայ համայնքի այլ քաղաքների մեր մարզիկ-մարզուհիներին համախմբել մէկ յարկի տակ եւ աշխուժութիւն ստեղծել նաեւ մեր համայնքերում, որպէսզի իրենց մարզիկ-մարզուհիները եւս իրենց մարզաձեւերում մրցակցելու առիթներ ունենան: Նշեմ նաեւ որ Մարզական միութիւնը քայլեր է ձեռնարկում աշխուժացնելու երկու մայր մարզաձեւերը՝ թեւթեւ ատլետը եւ մարմնամարզութիւն (ժիմնաստիկ), նաեւ Մարզական միութիւնը ստեղծել է մարզանքի դպրոցներ, ինչպէս ֆուտբոլի ակադեմիա եւ բասկետբոլի ակադեմիա, որոնք շատ փոքր տարիքից սկսում են դաստիարակել մեր մատաղ սերնդին, «Արարատ»-ը ժամանակին միջազգային ճանաչողութեամբ մարզիկներ է ունեցել, իսկ այսօր եւս «Արարատ»-ի բասկետբոլի խումբը մասնակցում է Իրանի Երիտասարդական լիգային, իսկ անցեալ տարի «Արարատ»-ի բասկետբոլի խումբը մասնակցում էր արհեստավարժ լիգայի խաղերին եւ յուսանք որ մեր բոլոր խմբերը հասնեն բարձր մակարդակների»:
Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեան նախագահ Սոֆի Ջաղարբէգեանը նշեց, որ օրերս Իրանի մակարդակում կազմակերպւած միջոցառման ընթացքում, որտեղ գնահատւում էին Թեհրանի ամենահին ու ամենաաշխուժ բազմակողմանի մարզաձեւերով մարզական ակումբները, եւ գնահատւեցին տասներկու ակումբներ, «Արարատ»-ը առաջին երկուսի մէջ էր, իր բազմակողմանի մարզաձեւերի բերումով:
***
Մեր յաջորդ զրուցակիցն էր Հ.Մ.Ա.Կ.-ի Արւեստից միութեան նախագահ Գրետա Հախբանդեանը: Զրոյցի ընթացքում նա նշեց. «Արւեստից միութիւնը զբաղւում է արւեստի բազմազան ճիւղերով պար, երգ, թատրոն եւ բադի քամբադ, բադի փամփ, որը պարային շարժումներին մօտ լինելու պատճառով ներառւել է արւեստի բնագաւառում, այսօր ունենք Մանկապատանեկան-երաժշտաթատերական խումբը, որը բաղկացած է երեք տարբեր մասերից՝ թատրոն, սոլֆեժօ դասարաններ եւ նւագարաններ, որին անդամակցում են մեր պատանի-երիտասարդները: Այս բոլոր ճիւղերում պարապում են շատ արհեստավարժ խմբավարներ ու ուսուցիչներ»: Խօսելով «Արարատ» պարախմբի մասին, նշեմ, որ պարախումբը ունի իր տարբեր բաժինները՝ անսամբլը եւ չորս խմբեր, նաեւ կրտսերներ: Ունենք նաեւ թատերախումբ, եւ «Արարատ» երգչախումբը, իրենց արհեստավարժ ղեկավարով ու խմբավարով:
Արւեստի այս բոլոր խմբերը ունենում են իրենց շաբաթական փորձերը, եւ ինչու չէ նաեւ իրենց ներկայացումները: Այս միութեան նպատակն է դաստիարակել ու ազգային ոգի ներշնչել իր անդամներին արւեստի բոլոր ճիւղերում: Ժամանակին ունեցել ենք «Շանթ ու Շանթիկ» թատերական խմբերը, սակայն դժբախտաբար այսօր «Շանթիկ»-ը աշխատանք չունի, եւ ունենք «Շանթ» խումբը որը թէեւ փոքրաթիւ, բայց ունի իր շաբաթական փորձերը եւ յուսանք մօտ ապագայում բեմ բարձրացնի իր ներկայացումը:
Մեր միութիւնների բոլոր դաստիարակները, որոնք ի դէպ շատ արհեստավարժ են եւ մեծամասնաբար դաստիարակւել են հէնց «Արարատ»-ի մեր անցեալի ուսուցիչների ու դաստիարակների միջոցով ոչ միայն չեն խնայում իրենց կարելին, արհեստավարժ կազմեր դաստիարակելու առումով այլ նաեւ մեր մատաղ սերնդին ազգային շունչ, եւ համագործակցութեան ոգի փոխանցելու խնդրով»:
Ի պատասխան այն հարցին որ արւեստի ոլորտում նոր սերնդին ներգրաւելը շատ աւելի դժւար է, ի համեմատութիւն այլ ոլորտների, եւ այս առումով ինչ քայլեր են ձեռնարկում կազմակերպութեան Արւեստից միութեան անդամները, նա այսպէս ասաց. «Ճիշտ էք նկատել, դժբախտաբար երիտասարդ սերնդի ներգրաւելը այս բնագաւառում շատ հեշտ չէ, սակայն միութիւնը փորձում է իր սոցցանցերի միջոցով հետաքրքիր գովազդեր ներկայացնել կատարւող աշխատանքների մասին, որպէսզի հետաքրքրի մեր երիտասարդ սերնդին, եւ մեզ համար ուրախալի է, որ արդէն մի քանի հոգի միացել են «Արարատ» պարախմբին եւ յուսանք որ այլ ոլորտներում եւս առաւել թիւ արձանագրենք»:
Արւեստը մեր նոր սերնդի մօտ զարգացնելու եւ նրանց դէպի արւեստ մղելու մասին Սոֆի Ջաղարբէգեանը կարեւորեց դպրոցների դերը մեր մատաղ սերնդին արւեստի զանազան ճիւղերի մասին իրազեկելու առումով եւ նշեց, որ անհրաժեշտ է նաեւ դպրոցներում նոր սերնդին ծանօթացնեն միութիւններում տարւող աշխատանքներին, որպէսզի այն պատանիները կամ երիտասարդները, որոնք արւեստի, կամ մարզանքի ինչ որ ոլորտում ընդունակութիւն ունեն կարողանան ներգրաււել իրենց ցանկացած միութեան այդ բաժանմունքներում, որը մարդուժի դաստիարակման առումով յոյժ կարեւոր քայլ է համարւում:
***
Զրոյցը շարունակեցինք Հ.Մ.Ա.Կ.-ի Հանրութեան հետ կապի բաժնի պատասխանատու Անահիտ Աբրահամեանի հետ: Մի գրասենեակ, որի առաքելութիւնն է պատկան մարմնի, կենտրոնի, հաստատութեան կամ այս պարագայում կազմակերպութեան աշխատանքները դէպի դուրս ներկայացնել եւ դառնալ կապը թէ՛ ներհամայնքային, եւ թէ՛ իրանական շրջանակների հետ, սակայն դժբախտաբար այս ոլորտում բոլոր կառոյցներում զգացւում է մարդուժի պակաս: Իսկ թէ այս ասպարէզում մարդուժ դաստիարակելու առումով ինչ քայլերի է գնացել Հ.Մ.Ա.Կ.-ի յիշեալ գրասենեակը, Անահիտ Աբրահամեանը իրեն ծանօթացնելով, այսպէս է բացատրում. «Կազմակերպութեանն եմ անդամակցել 1975 թւականից, եւ Սկաուտական միութիւնից սկսել եմ աշխատանքս, եւ այսօր Երէցների միութեանն եմ անդամակցում: Հանրութեան հետ կապը մի խօսքով կազմակերպութեան հայելին է, որը փորձում է արտացոլել կազմակերպութեան տարբեր միութիւնների ու յանձնախմբերի, ինչու չէ նաեւ մասնաճիւղերի աշխատանքները հէնց իրենց միջոցով: Իսկ ինչու եմ շեշտում, իրենց միջոցով, քանի որ այսպիսով հնարաւոր է գրելու ունակութիւնը զարգացնել, իհարկէ անհրաժեշտութեան դէպքում նիւթերը սրբագրւում են եւ դառնում հանրութեան սեփականութիւնը: Օրինակ դաստիարակչական բնագաւառներից ենք համարում մեր կայքէջերում ներկայացնել կազմակերպութեան աշխատանքները արտացոլող լուսանկարիչների լուսանկարները, եւ այս ոլորտում փորձում ենք լինել անաչառ: Մենք քաջալերում ենք մեր երիտասարդներին, որ իրենց հայերէն իմացութեան սահմաններում գրեն եւ փոխանցեն իրենց պատկան միութեան աշխատանքները, օրինակ Սկաուտական միութեան աշխատանքները արտացոլելու առումով գրում են, հէնց սկաուտները եւ ըստ իս դա ինքնին դաստիարակչական բնոյթ է կրում քանզի մեր երիտասարդների մօտ զարգանում է հայերէն գրելու ունակութիւնը: Հ.Մ.Ա.Կ.-ի նախաձեռնութեամբ կազմակերպւող Համահայկական եւ Համադպրոցական խաղերին մենք կեանքի ենք կոչում օժանդակ մի խումբ, որի 80 տոկոսը Սկաուտական միութիւնից եւ 20 տոկոսը այլ ցանկացողներ են, խաղերի ժամանակաշրջանում համախմբւում ենք «Արարատ» մարզաւանի գրասենեակում եւ միմեանց յարգելով, հանդուրժելով եւ փոխըմբռնումով փորձում ենք Մարզական միութեան կողքին արտացոլել կատարւող աշխանքները: Հանրութեան հետ կապը միշտ ունեցել է յանձնախումբ, եւ կազմակերպութեան բոլոր միութիւնները ունեն իրենց կապերը, անպայման ամսեկան կտրւածքով կապ ենք հաստատում եւ ի վերջոյ փորձում ենք կազմակերպութեան կատարւածը դարձնել հանրութեան սեփականութիւնը: Կազմակերպութիւնը ունի իր կայքէջերը, ինչու չէ նաեւ իր գունաւոր էջերը, որի առումով համագործակցում ենք «ԱԼԻՔ» օրաթերթի հետ եւ ժամանակ առ ժամանակ գունաւոր էջերով արտացոլում ենք կատարւած աշխատանքները»:
Վերջում կազմակերպութեան վարչութեան նախագահ Սոֆի Ջաղարբէգեանը եզրափակելով զրոյցը նշեց. «Քանի որ մեր համայնքներում նւազել է մեր հայրենակիցների թւային պատկերը, ուստի յոյժ կարեւոր է կազմակերպութեան Թաւրիզի, Ուրմիայի, Գեարդաբադի եւ Շիրազի մասնաճիւղերի դերակատարութիւնը, պատկան համայնքներում աշխուժութիւն ստեղծելու եւ հայկական ոգին պատկան համայնքներում բարձր պահելու առումով: Քանզի մեր մասնաճիւղերում գործում են, արւեստի, մարզական ու սկաուտական միաւորներ»:
Նա նշեց. «Հ.Մ.Ա.Կ.-ը լինելով իրանահայ համայնքի ամենամեծ մարզամշակութային կառոյցը, իր 80-ամեայ աշխատանքային կեանքում իր անժխտելի դերն է ունեցել եւ ունի մարդուժի դաստիարակման գործում, որի ապացոյցը կարելի է տեսնել ազգային կառոյցների ու մարմինների ղեկավարման մէջ, որտեղ ներկայ է «Արարատ»-ի բովից անցած սերունդը, ինչու չէ նաեւ արտերկրում որտեղ իրանահայերը ստեղծել են ինչ որ կառոյցներ, այդ կառոյցներում դերակատար են անցեալի, կամ ներկայի արարատականները: Ահա թէ ինչո՞ւ է անհրաժեշտ ակտիւօրէն շարունակել դաստիարակչական ընթացքը եւ առաջ շարժւել»:
Հարցազրոյցը՝ ԿԱՐԻՆԷ ԴԱՒԹԵԱՆԻ