Պարզւել են 1997-2001 թւականներին ծնւածների պատանեկութեան շրջանում դեպրեսիւ ախտանիշների տագնապալի օրինաչափութիւնները
1997-2001 թւականներին ծնւածների դեռահասութեան շրջանում դեպրեսիւ ախտանիշների աճը կարող է պահպանւել երիտասարդ հասուն տարիքում, ընդ որում նրանց դեպրեսիւ ախտանիշների մակարդակն աւելի բարձր է, քան նախորդ խմբերում, ասւած է հետազօտութեան մէջ, որի արդիւնքները հրապարակւել են JAMA Network Open հանդէսում:
Նիւ Եօրքի Կոլումբիայի համալսարանին առընթեր Մէյլմանի հանրային առողջութեան դպրոցից դոկտոր Քեթրին Քիզը եւ նրա գործընկերները գնահատել են՝ որքանով է պահպանւում դեռահասներին բնորոշ դեպրեսիւ ախտանիշների աճը ծնունդների վերջին խմբերի հասուն երիտասարդների շրջանում:
Վերլուծութիւնը ներառում էր «Ապագայի մոնիտորինգ»-ի՝ 1990-2019 թւականների ընթացքում անցկացւած հետազօտութեան՝ 1972-2001 թւականներին ծնւած 36 հազար 552 մասնակիցների տւեալները:
Հետազօտողները պարզել են, որ կանանց շրջանում 1997-2001 թւականների ծնւած խմբի 19,1%-ը 18 տարեկանում բարձր դեպրեսիւ ախտանշաններ է ունեցել, ինչն աւելի բարձր ցուցանիշ է, քան ցանկացած նախորդ ծննդեան խմբի շրջանում:
Դեպրեսիւ ախտանիշների տարածւածութիւնը նւազել է մինչեւ 21-22 տարեկան, բայց դեռեւս աւելի բարձր է մնացել, քան նախորդ խմբերի հասակակիցների շրջանում:
Տղամարդկանց շրջանում 1997-2001 թւականներին ծնւածների խմբի 13,4%-ը 18 տարեկանում ունեցել է դեպրեսիւ ախտանիշների բարձր մակարդակ, եւ այս տարածւածութիւնն աճել է երիտասարդ հասուն տարիքում:
Բազային դեպրեսիւ ախտանիշների բարձր մակարդակ ունեցող տղամարդկանց շրջանում 19-20 տարեկանում ախտանշաններ առաջանալու հաւանականութիւնը 10 անգամ աւելի մեծ է եղել, իսկ 21-22 տարեկանում` վեց անգամ: Նմանատիպ արդիւնքներ են գրանցւել կանանց շրջանում: Ախտանիշներն ինն անգամ աւելի յաճախ են ի յայտ գալիս 19-20 տարեկանում, իսկ 21-22 տարեկանում հաւանաբար եօթ անգամ աւելի յաճախ են ի յայտ գալու:
«Սոյն հետազօտութեան արդիւնքներն ընդգծում են դեռահասութեան շրջանում առաջնային կանխարգելման եւ հոգեկան առողջութեան ռեսուրսների անհրաժեշտութիւնը», – նշել են հետազօտութեան հեղինակները:
NEWS.am Medicine