Հայաստան - ԱրցախՔաղաքական

Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի խմբակցութիւնների միասնական կոչը

2024 թ. նոյեմբերի 11-22-ը Բաքւում նախատեսւում է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխութեան համաժողովը (COP29), որին մասնակցելու հրաւէր ունեն տարբեր երկրների ղեկավարներ, պաշտօնական պատւիրակութիւններ, միջազգային կազմակերպութիւնների պատասխանատուներ եւ բազմաթիւ լրագրողներ: Միանգամայն ակնյայտ է, որ Բաքուն այդ համաժողովն օգտագործում է՝ մոլորեցնելու համաշխարհային հանրութեանը եւ շեղելու հանրային կարծիքը իր երկրի էութեան հետ շաղկապւած ոճրագործութիւններից։ Կասկածից վեր է նաեւ, որ նշւած համաժողովին հրաւիրւած պաշտօնեաների եւ կառոյցների անտարբեր մօտեցումը Ադրբեջանի ոճրագործութիւնների նկատմամբ այդ երկրի ղեկավարութեան կողմից դիտարկւելու է որպէս քաջալերանք՝ իրականացւած ու շարունակւող հանցագործութիւնների, որի ցանկից կարելի է առանձնացնել.

– Արցախում 2023թ. սեպտեմբերին Ադրբեջանի կողմից ձեռնարկւած էթնիկ զտումները՝ որպէս ցեղասպանութիւն եւ  մարդկութեան դէմ իրականացւած յանցագործութիւն

– Ներխուժումը Հայաստանի Հանրապետութեան տարածք եւ ուժի կիրառման սպառնալիքով ճնշումները ՀՀ-ի վրայ

– Բաքւի կողմից պատանդառւած Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների եւ միւս գերիների նկատմամբ կեղծ մեդադրանքները, վերաբերմունքն ու նրանց անորոշ ճակատագիրը

– Ադրբեջանի կողմից շարունակւող հակահայկական քաղաքականութիւնը, որն արտայայտւում է նաեւ Արցախի պատմամշակութային հարուստ ժառանգութեան ոչնչացման, իւրացման եւ ինքնութիւնը կեղծելու գործուն քայլերով։

Վերոնշեալ յանցաւոր գործողութիւնների շարքը կարելի է երկար շարունակել: Մարդկութեանը յուզող գլոբալ հարցերի՝ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխութեան համաժողովի անւան տակ այս արարքների քողարկումը միայն ու միայն խորացնելու է անվստահութեան ու անկայունութեան մթնոլորտը, որն Ադրբեջանի կողմից պարտադրւել է Հարաւային Կովկասի տարածաշրջանին 2020թ. 44-օրեայ պատերազմի, լիակատար շրջափակման եւ ցեղասպանութեան սպառնալիքի ներքոյ Արցախի Հանրապետութեան բռնազաւթման եւ ամբողջովին հայաթափելու միջոցով:

Կոչ ենք անում համայն հայութեանը եւ տարածաշրջանի՝ խաղաղութեամբ շահագրգիռ երկրներին, կազմակերպութիւններին ու անհատներին միանալ Հայ Դատի կենտրոնական գրասենեակի եւ Միջազգային քրէական դատարանի գլխաւոր դատախազ Լուիս Մորենօ Օկամպոյի սկսած արշաւին՝ տեղեկատւական դաշտում, սոցիալական ցանցերում եւ անհատական հաղորդակցութիւններով բացայայտել Ադրբեջանի նենգ մտադրութիւնները եւ սթափութեան կոչ յղել միջազգային հանրութեանը:

«Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցութիւն

«Միասնական հայրենիք» խմբակցութիւն

«Արդարութիւն» խմբակցութիւն

«ՀՅ Դաշնակցութիւն» խմբակցութիւն

«Արցախի ժողովրդավարական կուսակցութիւն» խմբակցութիւն

21.08. 2024 թ.

Երեւան

Related Articles

Back to top button