Տիգրան Աբրահամեան. «Տարածաշրջանում կրքերը բաւականին թէժանում են»
ՀՀ ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան քարտուղար Տիգրան Աբրահամեանը Facebook-ի իր էջում գրել է.
«Սիրիայի մայրաքաղաքում իրականացւած յարձակման հետեւանքով Իրանի Իսլամական յեղափոխութեան Պահապանների կորպուսի բարձրաստիճան սպաներ են զոհւել:
Հարւածի հետեւանքով կորուստներ ունի նաեւ սիրիական կողմը:
Այս կորպուսի մարտիկներն ու բարձրաստիճան սպաներն անընդհատ թիրախում են, որովհետեւ նրա առանձին ստորաբաժանումներ պատասխանատու են տարբեր երկրներում իրականացւող յատուկ օպերացիաների համար, իսկ նրանց թիրախում՝ տարբեր երկրների հովանաւորչութեամբ գործող ահաբեկչական ցանցերն են:
Յիշեցնեմ, որ տարեսկզբին Իրանում ահաբեկչութիւն էր իրականացւել՝ յայտնի հրամանատար Ղասեմ Սոլէյմանիի հերթական տարելիցի յիշատակման օրը, ինչից յետոյ Իրանի ամենամարտունակ միաւորումը՝ Իրանի Իսլամական յեղափոխութեան Պահապանների կորպուսը, պատժիչ հակաահաբեկչական գործողութիւններ է իրականացնում աշխարհի տարբեր կէտերում:
Տարածաշրջանում կրքերը բաւականին թէժանում են եւ չի բացառւում, որ միմեանց դէմ օգտագործւող հարւածներն առաւել վտանգաւոր ծաւալների կը հասնեն, իսկ բախումների մասշտաբը կտրուկ կընդլայնւի:
Միայն կարելի է պատկերացնել, թէ դա ինչ ազդեցութիւն կունենայ Հարաւային Կովկասի վրայ, յատկապէս Հայաստանի, որի իշխանութիւնը փոշիացրել է պետութեան իմունիտետը եւ կոյր աչքերով սլանում է թշնամիների գիրկը»: