Արմէն Սարգսեան. «Եթէ եռակողմ պայմանագրի համաձայն փորձեն Արցախի հարցը լուծել, ապա այն ի վնաս Արցախի է»
«ԱԼԻՔ» – Ռուսաստանի արտգործնախարարութիւնը՝ նախագահ Պուտինի Ադրբեջան այցից յետոյ, տարածել է յայտարարութիւն, որում նշւում է, որ կողմերն ընդգծել են 2020 թւականի նոյեմբերի 9/10-ի եռակողմ յայտարարութեան, ինչպէս նաեւ ամենաբարձր մակարդակով ձեռք բերւած հետագայ պայմանաւորւածութիւնների կարեւորութիւնը՝ Հարաւային Կովկասում անվտանգութիւնն ու կայուն զարգացումն ապահովելու համար։ Ռուսաստանի Դաշնութիւնը հաստատել է իր պատրաստակամութիւնը՝ շարունակելու նպաստել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ յարաբերութիւնների կարգաւորմանը։
Բազմիցս նշւել է, որ 2020 թւականի նոյեմբերի 9-ին կնքւած եռակողմ պայամանգիրը չի գործում, Ռուսաստանը եւ Ադրբեջանը հրաժարւում են կատարել ստանձնած պարտաւորութիւնները։ 2020 թւականից Արցախը մաս-մաս յանձնւել է Ադրբեջանին։ Ռուսաստանի Դաշնութեան նախագահի այցի ընթացքում Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգէյ Լաւրովը մեղադրել է Հայաստանին, որ հէնց Հայաստանն է սաբոտաժի ենթարկում Սիւնիքի մարզով կոմունիկացիաների ապաշրջափակման պայմանաւորւածութիւնը։
Հայաստանի ԱԳՆ մէկ օր յետոյ լրագրողների խնդրանքով արձագանգելով Լաւրովի յայտարարութեանը նշել է, որ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարի յայտարարութիւնը կասկածի տակ է դնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ յարաբերութիւնների կարգաւորման գործընթացում ՌԴ-ն կառուցողական ներգրաււածութիւնը:
Արցախի նախագահի նախկին խորհրդական, ՀՅԴ անդամ, քաղաքական գործիչ Արմէն Սարգսեանը «Ապառաժ»-ի հետ զրոյցում գտնում է, որ Ռուսաստանի կողմից 2020 թւականի նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանագրի շուրջ բանակցութիւնների կառուցումը կարող է լինել ճանապարհների ապաշրջափակման, ենթակառուցւածքների բացման համար․ «Մի կողմից եռակողմ համաձայնագիրը օրակարգ բերելը նշանակում է, որ Արցախի հարցը փակւած չէ։ Սակայն, չի բացառւում, որ կողմերը սկսեն համաձայնագրի մի քանի կէտերի վրայ աշխատել։ Ռուսաստանի ԱԳ նախարար Լաւրովի յայտարարութիւնը հէնց դա է նշանակում։ Ըստ նրա Հայաստանը խոչընդոտում է եռակողմ համաձայնգրի այն կէտերին, որով պէտք է բացւեն կոմունիկացիոն կապերը։ Սա նշանակում է, որ նրանք այս մասով են փորձում օգտւել պայմանագրի կէտերից եւ դրա շուրջ են կառուցում բանակցութիւնները։ Հաշւի առնելով Արցախի հանդէպ ՀՀ իշխանութիւնների դիրքորոշումը նրանք կարող են յաջողութեան հասնել այդ իմաստով»։
Արմէն Սարգսեանի խօսքով՝ դրանից է բխում, որ կողմերը համաձայնում են յարգել միմեանց սուվերենութիւնը եւ ճանաչում են փոխադարձ տարածքային ամբողջականութիւնը․«Երկու պետութիւններ իրար հետ յարաբերւում են, բնական է, որ յարգում են միմեանց տարածքային ամբողջականութիւնը։ Ես գտնում եմ, որ այս մասին Ռուսաստանը նշել է շեշտելու համար, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում է, այսինքն, հաստատում են, որ համաձայն են Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան պահպանմանը։ Սա էլի ի վնաս Արցախի հարցի լուծման է, որովհետեւ, եթէ եռակողմ պայմանագրի համաձայն փորձեն Արցախի հարցը լուծել, ապա Արցախը նրանք ճանաչում են Ադրբեջանի կազմում, որին արցախցիները համաձայն չեն։ Նաեւ կոմունիկացիաների ապաշրջափկման հարցը այսօր կարեւոր է եւ շահագրգիռ կողմերն ակնյայտ են։ Վերջերս հանդիպում է եղել նաեւ Հայաստան-Հնդկաստան-Իրան ձեւաչափով, ակնյայտ է, որ փորձում են այս համաձայնագիրը կնքել «Զանգեզուրի միջանցք»-ի համար։ Ուրիշ բան է, որ հաշւի առնենք «Զանգեզուրի միջանցք»-ում թուրքական գործօնը եւ ՀՀ իշխանութիւնների կողմից մեղմ ասած այսօրւայ իրավիճակի համար շատ սխալ քաղաքականութիւնը։ Այսօրւայ պայմաններում շատ դժւար է Ռուսաստանից մտնել Եւրոպա, Չինաստանը նման խնդիր չունի, հետեւաբար այս խնդիրը որոշ չափով ունի Հնդկաստանը, որը ռուսական շուկայում որքան էլ ներդրում ունենայ Եւրոպական շուկայ մտնելու համար «Զանգեզուրի միջանցք»-ը անհրաժեշտութիւն է»,- նշել է Արմէն Սարգսեանը։