ԻրանՄիջազգայինՔաղաքական

Փեզեշքիանը Սանկտ Պետերբուրգում ԵԱՏՄ գագաթնաժողովին ուղղւած ուղերձում. Իրան-ԵԱՏՄ համագործակցութիւնը հիմք է հզօր տարածաշրջան ձեւաւորելու համար

«ԱԼԻՔ» – Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահ Մասուդ Փեզեշքիանը Եւրասիական տնտեսական միութեան (ԵԱՏՄ) բարձրագոյն խորհրդի նիստին ուղղւած ուղերձում ընդգծել է, որ Իրանի եւ Միութեան անդամ երկրների համագործակցութիւնը երկարաժամկէտ ռազմավարութիւն է՝ ազգային ինքնիշխանութիւնների ամրապնդման եւ հզօր տարածաշրջանի ձեւաւորման նպատակով։

Ինչպէս հաղորդում է «ԻՌՆԱ»-ն, ուղերձը գագաթնաժողովում ընթերցել է ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալալին։ Նիստը տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգում՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի ղեկավարների եւ Հայաստանի վարչապետի մասնակցութեամբ։

Ուղերձում նախագահը նշել է, որ մշակութային ու պատմական ընդհանրութիւնների եւ աշխարհագրական մերձաւորութեան շնորհիւ ԵԱՏՄ-ն կարող է դառնալ տարածաշրջանային համագործակցութեան յաջող օրինակ։ Նրա խօսքով՝ համագործակցութիւնն ապագայի բանալին է այն ժողովուրդների համար, որոնք կառուցում են իրենց զարգացումը փոխադարձ վստահութեան հիման վրայ։

Ուղերձում Փեզեշքիանը շեշտել է, որ Իրանը մեծ կարեւորութիւն է տալիս տարածաշրջանային եւ բազմակողմ կառոյցներին՝ ձգտելով լինել վստահելի եւ ազդեցիկ գործընկեր։ Նա յիշեցրել է Իրանի գործուն ներկայութիւնը մի շարք միջազգային ու տարածաշրջանային կառոյցներում։ Նրա համոզմամբ՝ Իրանի եւ ԵԱՏՄ անդամ երկրների միջեւ առեւտրի ներուժը շատ աւելի մեծ է, քան ներկայ ցուցանիշները։

 

ԵԱՏՄ-ն՝ Իրանի տնտեսական դիւանագիտութեան առանցքում

Ուղերձի աւարտին Փեզեշքիանը վերահաստատել է, որ Եւրասիական տնտեսական միութիւնը առանձնայատուկ տեղ է զբաղեցնում Իրանի արտաքին քաղաքականութեան եւ տնտեսական դիւանագիտութեան մէջ՝ պատրաստակամութիւն յայտնելով՝ ընդլայնելու համագործակցութիւնը առեւտրի, էներգետիկայի, փոխադրումների եւ նոր տեխնոլոգիաների ոլորտներում։

Related Articles

Back to top button