Շատ տաք ըմպելիքներ խմելը մեծացնում է քաղցկեղի զարգացման ռիսկը

Նարգիլէ ծխելը, տապակած մսի եւ տաք ըմպելիքների չարաշահումը կարող են մեծացնել քաղցկեղի զարգացման ռիսկը, Daily Mail-ին պատմել է Սիլւեստերի անւան համալիր քաղցկեղի կենտրոնի (ԱՄՆ) արիւնաբանութեան բաժանմունքի ղեկավար, դոկտոր Մայքըլ Սեկերասը։
Ըստ նրա՝ քաղցկեղի ամենավտանգաւոր գործօններից մէկը մնում է ծխելը, ներառեալ՝ նարգիլէն, որը թիւրիմացաբար համարւում է պակաս վնասակար, քան ծխախոտը։ Հետազօտութիւնները ցոյց են տալիս, որ նարգիլէի ծուխը խէժ, ածխածնի մոնօքսիդ, ծանր մետաղներ եւ քաղցկեղածին նիւթեր է պարունակում, ընդ որում՝ երկարատեւ ծխելը աւելի մեծ դոզա տոքսիններ է պարունակում, քան մէկ սիգարետ ծխելը։
Դոկտոր Սեկերասը խորհուրդ է տւել նաեւ յաճախակի խորոված կամ բարձր ջերմաստիճանում եփած միս չուտել։ Նա բացատրել է, որ տաւարի, թռչնամիսի, ձկան եւ խոզի մսի տապակումը հետերոցիկլիկ ամիններ եւ պոլիցիկլիկ արոմատիկ ածխաջրածիններ՝ միացութիւններ է առաջացնում, որոնք կարող են մուտացիաներ յարուցել եւ նպաստել քաղցկեղի զարգացմանը։ Այդ նիւթերը բորբոքում եւ օքսիդատիւ ստրես են առաջացնում՝ խախտելով հակաօքսիդանտների եւ ազատ ռադիկալների միջեւ հաւասարակշռութիւնը։
Շատ տաք ըմպելիքը եւս առողջութեան համար վտանգաւոր է։ Օրինակ՝ Չինաստանում անցկացւած հետազօտութիւնը ցոյց է տւել, որ 60°C-ից բարձր ջերմաստիճանում թէյ խմող եւ միաժամանակ ոգելից ըմպելիք օգտագործող մարդիկ կերակրափողի քաղցկեղի զարգացման հնգապատիկ աւելի մեծ ռիսկի են ենթակայ։ Մեծ Բրիտանիայում էլ անցկացւած մի հետազօտութեամբ նմանատիպ արդիւնքներ է հաստատւել. օրական չորս կամ աւելի բաժակ տաք թէյ կամ սուրճ խմելը կապւած է կոկորդի քաղցկեղի առաջացման ռիսկի բարձրացման հետ։
news.am