Այլ

Ցածր ածխաջրային դիետաները բարձրացնում են աղիների քաղցկեղի առաջացման հաւանականութիւնը

Տորոնտոյի համալսարանի գիտնականները պարզել են, որ ցածր ածխաջրային սննդակարգը կարող է մեծացնել ԴՆԹ-ն վնասող մանրէների ազդեցութիւնը՝ դրանով իսկ մեծացնելով կոլոռեկտալ քաղցկեղի վտանգը: Հետազօտութեան արդիւնքները հրապարակւել են Nature Microbiology ամսագրում։

Փորձի ընթացքում գիտնականները մկներին բաժանել են խմբերի, որպէսզի յետեւեն երեք տեսակի սննդակարգի՝ սովորական, ցածր ածխաջրերով եւ արեւմտեան (ճարպով եւ շաքարով հարուստ): Հետազօտողներն այնուհետեւ բոլոր կրծողներին ներարկել են աղիքային ցուպիկի մի շտամ, որը կոչւում է Nissle, որն արտադրում է ԴՆԹ-ին վնասող կոլիբակտին միացութիւնը:

Արդիւնքները ցոյց են տւել, որ սննդակարգում ածխաջրերի (ներառեալ մանրաթելերի) պակասը մեծացրել է աղիների բորբոքումները եւ ստեղծել միջավայր, որտեղ աղիքային ցուպիկը բարգաւաճել է:

Պարզւել է նաեւ, որ մկների մօտ, որոնք ածխաջրեր չեն օգտագործում, լորձի շերտը, որը բաժանում է աղիքի մանրէները հաստ աղիի էպիթելային բջիջներից, աւելի բարակ է եղել: Երբ այդ բնական պատնէշը թուլացել է, աւելի շատ կոլիբակտին է թափանցել հաստ աղիի բջիջներ՝ պատճառելով գենետիկական վնաս եւ խթանելով քաղցկեղային ուռուցքների աճը։

Հետազօտողների խօսքով՝ քաղցկեղի զարգացման նման մեխանիզմներ կարող են լինել մարդկանց մօտ։ Այս վարկածը հաստատելու համար գիտնականները ծրագրում են նոր փորձ. թիմը ցանկանում է պարզել, թէ արդեօք ինուլին կոչւող լուծւող մանրաթելային բջջանիւթը կարող է պաշտպանել քաղցկեղից աղիների բորբոքային հիւանդութիւն ունեցող պացիենտներին։

News.am

Related Articles

Back to top button