Խաղողը եւ մանգոն չեն բարձրացնում շաքարային դիաբետի առաջացման հաւանականութիւնը

Ֆրուկտոզայով հարուստ մանգոն եւ խաղողը չեն մեծացնում դիաբետի, լեարդի ճարպային հիւանդութեան կամ քաղցկեղի վտանգը։ Այս մասին Daily Mail-ին ասել է Օքսֆորդի համալսարանի մետաբոլիկ առողջութեան ոլորտի հետազօտող, դոկտոր Նիք Նորւիցը։
Բժիշկը նշել է, որ ֆրուկտոզան բնական շաքար է, որը բնականօրէն պարունակւում է բուսական սննդի եւ մեղրի մէջ: Այն նաեւ յաճախ աւելացնում են վերամշակւած մթերքներին՝ եգիպտացորենի օշարակի տեսքով։ Արտադրողներն օգտագործում են եգիպտացորենի օշարակը գազաւորւած ըմպելիքներ, չոր նախուտեստենր, կաթնամթերք եւ կոնֆետ պատրաստելու համար:
Ֆրուկտոզայի պարունակութեամբ առաջատարներն են մանգոն, խաղողը եւ ջեքֆրուտը` թթի ընտանիքց արեւադարձային ծառի մեծ պտուղ հաստ կանաչ կեղեւով: Սակայն Նորւիցը նշել է, որ այս մրգերի քաղցրութիւնը չպէտք է «վախեցնի» մարդկանց դրանց օգտագործումից:
Գիտնականը վկայակոչել է 2014 թ. Բժշկութեան ազգային ինստիտուտի հետազօտութիւնը, որը պարզել է, որ ֆրուկտոզան յատուկ ազդեցութիւն չի թողնում օրգանիզմի վրայ, ինչը կը յանգեցնի քաշի աւելացման՝ այլ աղբիւրներից շաքարի օգտագործման համեմատ: Նաեւ ֆրուկտոզայի օգտագործումը չի վնասում բարակ աղիին եւ լեարդին:
Դոկտոր Նորւիցը պատմել է, որ ամենաքաղցր միրգը՝ մանգոն, պարունակում է աւելի քան 20 վիտամին եւ հանքանիւթ, ինչպէս նաեւ բջջանիւթ եւ հակաօքսիդանտներ, որոնք նւազեցնում են հաստ աղիի քաղցկեղի եւ սիրտ-անօթային հիւանդութիւնների առաջացման հաւանականութիւնը։ Չափաւոր քանակութեամբ անվտանգ է նաեւ խաղողը։
Անկախ գոյնից՝ խաղողի մէկ բաժակի մէջ պարունակւում է 12,3 գրամ ֆրուկտոզա՝ բանանի համեմատ, որն ունի ընդամէնը 5,7 գրամ։ Եթէ դուք միանգամից չափից շատ խաղող էք ուտում, ֆրուկտոզան կարող է ճիշտ չներծծւել, ինչը կը յանգեցնի փքւածութեան եւ ստամոքսի խանգարման: Սակայն գիտական աշխատանքները ցոյց են տւել, որ խաղողի օգտագործումն օգտակար է սրտի եւ ուղեղի առողջութեան համար, ուստի չարժէ նաեւ լիովին հրաժարւել դրանից։
News.am