Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

ԵՄ գործադիրն այլեւս չի կարող անտեսել հայ գերիների ծանր վիճակը

«ԱԼԻՔ» – Մարտի 13-ի լիագումար նիստում Եւրոպական խորհրդարանը ձայների 523 կողմ, 3 դէմ եւ 84 ձեռնպահ յարաբերակցութեամբ ընդունեց «Հայ պատանդների, այդ թւում՝ «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի բարձրաստիճան քաղաքական ներկայացուցիչների ապօրինի կալանաւորման եւ կեղծ դատավարութիւնների վերաբերեալ» վերտառութեամբ բանաձեւը, ինչին նախորդել էր նոյն թեմայի շուրջ խորհրդարանական քննարկումը մարտի 12-ին։

Բանաձեւն արձանագրում է 23 հայ ռազմագերիների, այդ թւում Լեռնային Ղարաբաղի նախկին բարձրաստիճան պաշտօնեաները գերեվարումը էթնիկ զտումներից յետոյ, մի իրավիճակ, որը, ըստ խորհրդարանի` պահանջում է միջազգային մոնիտորինգ, որ պէտք է իրականացւի Եւրոպական միութեան կողմից։ Դատապարտելով 23 հայ պատանդների ապօրինի կալանաւորումը եւ նրանց հանդէպ անմարդկային ու արժանապատւութիւնը նւաստացնող վերաբերմունքը՝ խորհրդարանը պահանջում է նրանց անյապաղ ազատ արձակել՝ վկայակոչելով չարաշահումների, խոշտանգումների եւ անօրինական գործունէութեան մի շարք ապացոյցներ։ յատկանշական է, որ բացի գերիներին ազատ արձակելու պահանջից եւ Ադրբեջանին յորդորելով կատարել Ժնեւի կոնւենցիայի իր պարտաւորութիւնները, բանաձեւը նաեւ ԵՄ գործադիր իշխանութիւններին կոչ է անում թիրախային պատժամիջոցներ սահմանել մարդու իրաւունքների խախտումների մէջ ներգրաււած ադրբեջանցի պաշտօնեաների նկատմամբ, մասնաւորապէս դատաւորների ու դատախազների, ովքեր զբաղւած են կեղծ դատավարութիւններով:

Մարտի 12-ին կայացած քննարկման ժամանակ Եւրոպական խորհրդարանի մի շարք պատգամաւորներ քննադատել են կեղծ դատավարութիւնների «ստալինեան» բնոյթը, ինչպէս նաեւ ԵՄ գործադիր իշխանութեան մարմիններին՝ Ադրբեջանի կողմից մարդու իրաւունքների լուրջ խախտումները անտեսելու համար։ Եւրոպական խորհրդարանի պատգամաւոր Վիտենիս Պովիլաս Անդիուկայտիսը պահանջել է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դէմ՝ համարելով Արցախի էթնիկ զտումը որպէս «ռազմական յանցագործութիւն»: Եւրոպական խորհրդարանի պատգամաւոր Միրիամ Լեքսմանը նոյնպէս դատապարտել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի քրիստոնեայ հայերի դէմ իրականացւած «էթնիկ զտումները» եւ կրկնել Բաքւի դէմ պատժամիջոցներ կիրառելու կոչերը՝ նշելով, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ցանկացած խաղաղ համաձայնագիր պէտք է ապահովի Լեռնային Ղարաբաղի հայերի իրաւունքների պաշտպանութիւնը։ Ֆրանսիացի խորհրդարանական Նատալի Լուազօն ԵՄ բարձր յանձնակատար Կայա Կալասին կոչ է արել անձամբ այցելել Հայաստան եւ երկրում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելութեանը։

Ընդունւած բանաձեւը նաեւ անդրադառնում է աւելի քան 20 օր հացադուլի մէջ գտնւող Ռուբէն Վարդանեանի հանդէպ վատ վերաբերմունքին եւ առողջութեան վատթարացմանը՝ ԵՄ գործադիր իշխանութեանը յորդորելով դատավարութիւնների ժամանակ պահանջել ԵՄ եւ անդամ երկրների ներկայացուցիչների մասնակցութիւնը, ինչպէս նաեւ կանոնանւոր այցելութիւններ պատանդներին, այդ թւում՝ մարդու իրաւունքների հարցերով ԵՄ յատուկ ներկայացուցչի այցելութիւն։

Եւրոպական խորհրդարանը աւելի վաղ, 2024թ․ դեկտեմբերի 19-ին ընդունւած իր բանաձեւում, անդրադարձել էր ռազմագերիների խնդրին՝ միաժամանակ դատապարտելով Ադրբեջանում լրագրողների եւ ընդդիմադիր գործիչների շարունակական ճնշումներն ու հետապնդումները։ Այս համատեքստում բանաձեւն արձանագրել էր՝ հայ ռազմագերիների կալանաւորումը, որպէս Ադրբեջանի կողմից իր միջազգային պարտաւորութիւնները չկատարելու ցանկութեան օրինակ։ Բացի այդ, այն նաեւ պահանջել է «կասեցնել 2022 թւականին ստորագրւած ԵՄ-Ադրբեջան փոխըմբռնման յուշագիրը էներգետիկայի ոլորտում։ Այս վերջին պահանջը կրկնւում է նաեւ ընդունւած բանաձեւում։

Այս կոչերը նշան են միջազգային աճող կոնսենսուսի՝ Ադրբեջանի վրայ ճնշում գործադրելու, պատանդներին անյապաղ ազատ արձակելու, պատժամիջոցներ սահմանելու եւ այլնի վերաբերեալ։ Բանաձեւը նաեւ հայ գերիների նկատմամբ վատ վերաբերմունքի անկախ հետաքննութեան կոչ է անում։

ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի գրասենեակը ողջունում է այս զարգացումը եւ վերահաստատում է իր կոչը ԵՄ գործադիր մարմնին՝ հաւատարիմ մնալու այս ուղղութեամբ Եւրոպական խորհրդարանի դիրքորոշումներին: Ըստ գրասենեակի նախագահ Գասպար Կարապետյանի․ «ԵՄ գործադիրն այլեւս չի կարող անտեսել հայ գերիների ծանր վիճակը։ Եւրոպական Խորհրդարանն ընդունել է բանաձեւ, որը խստօրէն դատապարտում է կեղծ դատավարութիւնները՝ դրանք անւանելով հէնց այդպիսին՝ լիովին հասկանալով դատավարութեան անօրինական բնոյթը, որն օգտագործւում է ոչ միայն 16 հայ պատանդներին վախեցնելու, այլեւ Հայաստանին ու հայ ժողովրդին սարսափի մէջ պահելու համար: ԵՄ-ի կողմից նպատակաուղղւած պատժամիջոցնեի սահմանումն ու դիտորդական առաքելութիւններ ուղարկելն առաջին քայլերը կը լինեն հայատեացութեան համար Ադրբեջանին պատասխանատւութեան ենթարկելու ուղղութեամբ»։

Arfd.am

Related Articles

Back to top button