Հայաստան - ԱրցախՔաղաքական

Գերագոյն Հոգեւոր խորհուրդ. «Ադրբեջանական իշխանութիւնը փորձ է անում արդարացնելու իր իսկ սանձազերծած ցեղասպանութեան անհերքելի փաստերը»

«ԱԼԻՔ» – Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի նախագահութեամբ գումարւած Գերագոյն Հոգեւոր խորհրդի ժողովը, անդրադառնալով Արցախի քաղաքական ղեկավարութեան, զինւորականների եւ քաղաքացիական անձանց նկատմամբ Ադրբեջանում իրականացւող շինծու դատավարութիւններին, հանդէս է եկել յայտարարութեամբ։

«Գերագոյն Հոգեւոր խորհուրդը արձանագրում է, որ Ադրբեջանում անազատութեան մէջ ապօրինաբար պահւող հայ գերիների եւ պատանդների նկատմամբ արարքները հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետութեան դէմ ադրբեջանական իշխանութիւնների շարունակւող թշնամանքի եւ ագրեսիայի հերթական դրսեւորումներն են։

Ակնյայտ է, որ Միջազգային իրաւունքի հիմնարար սկզբունքների բացայայտ խախտումներով ընթացող դատավարութիւնը ուղեկցւում է գերիների խոշտանգումով եւ անմարդկային վերաբերմունքով։ Անթաքոյց նպատակ է հետապնդւում հիմնովին խեղաթիւրելու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի իրացման պատմութիւնը՝ միտում ունենալով նւաստացնել մեր ժողովրդին ու հայոց պետութեանը։ Անտեսելով միջազգային հանրութեան յորդորներն ու պահանջները՝ ադրբեջանական իշխանութիւնը փորձ է անում ոչ միայն քօղարկելու, այլեւ արդարացնելու իր իսկ սանձազերծած ցեղասպանութեան եւ պատերազմական յանցագործութեան անհերքելի փաստերը, ինչպէս նաեւ զոհերին ներկայացնելու իբրեւ ոճրագործներ։

Շինծու դատավարութիւններով եւ հայ գերիներից խոշտանգումներով կորզւած կեղծ ցուցմունքների միջոցով ադրբեջանական իշխանութիւնները փորձ են անում հեռահար նենգ նկրտումներով դատավճիռներ ապահովել, նախադրեալներ ստեղծել Հայաստանի Հանրապետութեան եւ հայ ժողովրդի նկատմամբ նոր պարտադրանքներ եւ ագրեսիա սանձազերծելու համար։ Սրան զուգահեռ, ամէն ինչ արւում է արգելափակելու համար միջազգային փաստաբանների եւ միջազգային կազմակերպութիւնների այցերը հայ գերիներին։ Նրանք զրկւած են նաեւ հոգեւոր խնամքից օգտւելու տարրական հնարաւորութիւններից։

Այս պայմաններում մեծապէս կարեւորում ենք Հայաստանի պետական մարմինների եւ համահայկական կառոյցների ջանքերի մէկտեղումը՝ հայ գերիների եւ պատանդների նկատմամբ բռնութիւններով ուղեկցւող ապօրինի գործողութիւնները դադարեցնելու եւ գերիների ազատ արձակմանը հասնելու համար։

Յորդորում ենք Հայաստանի իշխանութիւններին նախաձեռնել գործօն ու հնարաւորինս տեսանելի քայլեր՝ այս նպատակի իրագործմանը ծառայեցնելու հայկական ու միջազգային շրջանակների բոլոր հնարաւորութիւններն ու ամբողջ ներուժը։

Կոչ ենք ուղղում նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների առաջնորդներին, մարդու իրաւունքների պաշտպանութեան մանդատ ունեցող միջազգային կազմակերպութիւններին ու նրանց ղեկավարներին` առաւել ազդու միջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ՝ հայ գերիներին անյապաղ հայրենադարձնելու համար։ Տարածաշրջանում կայուն, երկարատեւ խաղաղութիւն եւ սերունդների համար արժանապատիւ գոյակցութեան պայմաններ կարելի է ապահովել միայն առկայ հիմնախնդիրների արդար հանգուցալուծման եւ արցախահայութեան իրաւունքների իրացման պարագայում։

Աղօթքով առ Բարձրեալը զօրակցութիւն ենք յայտնում գերեվարւած սիրելի մեր զաւակներին՝ պատգամելով զերծ մնալ բողոքի այնպիսի գործողութիւններից, որոնք անմիջական սպառնալիքներ կարող են ստեղծել իրենց կեանքի եւ առողջութեան համար։ Մեր յորդորն է սիրելի Ռուբէն Վարդանեանին դադարեցնել հացադուլը եւ ամուր հաւատով շարունակել պայքարել յանուն ազատ ու արժանապատիւ կեանքի իրաւունքի։

Մեր հայցն ենք վերառաքում առ Աստւած բոլոր գերեալների, նեղեալների եւ նրանց ընտանիքների համար՝ խնդրելով Տիրոջ օրհնութիւնն ու օգնականութիւնն ամենքին»,- ասւում է յայտարարութիւնում։ Այս մասին հաղորդել է Alpha news-ը:

Related Articles

Back to top button