Բագրատ Սրբազան. «Արցախում այն, ինչ-որ տեղի է ունեցել մեր ամենամեծ ամօթն ու անպատւութիւնն է եւ այս պայքարը նաեւ հէնց դրա համար է»
«ԱԼԻՔ» – Մարզային հանդիպումների շրջանակում, երէկ՝ յուլիսի 27-ին Բագրատ Սրբազանն ու «Տաւուշը յանուն հայրենիքի» շարժման ակտիւիստներն այցելել են Վայոց ձորի մարզ, եւ Վայքում հանդիպել են քաղաքի բնակիչների հետ:
«Մենք իրաւունք չունենք Հայոց հարցից որեւէ հարց առանձին դիտարկել, որքան էլ դա լինի մեծ ու ծաւալուն։ Արցախը մեր ամբողջ հարցերի շարքի շատ կարեւոր բաղադրիչն է»,- ասել է Բագրատ Սրբազանը՝ յաւելելով. «Մեր խնդիրը ծագել է նրանից, երբ մենք Արցախի հարցը սկսեցինք առաձին քննարկել, դրա համար էլ մենք հիմա մոռանում ենք դրա մասին, որովհետեւ առանձին հարց է եղել մեզ համար։ Ոչ, սա ամբողջական փաթեթի հարց է, ինքնութեան, գոյութեան հարց է: Ես չեմ ուզում դիտարկել եւ չեմ դիտարկի երբեք Արցախը իբրեւ առանձին մի բան: Այս պայքարը միտւած է մեր տունը վերականգնելու: Այս փուլում մեզ համար անհրաժեշտութիւն է, որպէսզի, այո, վերադարձ տեղի ունենայ, միջազգային երաշխիքներով կը լինի, ինչ ճանապարհներով կը լինի, մեր հայրենակիցների եւ մեր վերադարձը Արցախ պէտք է տեղի ունենայ, դա առաջնաին խնդիր է մեզ համար, պետութեան համար»:
Բագրատ Սրբազանը նշել է, որ Ադբեջանը անընդհատ ՀՀ ինքնիշխան տարածքը կոչում է «Արեւմտեան Ադրբեջան» եւ խօսում է ադրբեջանցիների վերադարձի մասին, սակայն ՀՀ կառավարութիւնը մի բառ չի ասում արցախցիների՝ իրենց տներ վերադարձի մասին:
«Արցախում այն, ինչ-որ տեղի է ունեցել մեր ամենամեծ ամօթն ու անպատւութիւնն է եւ այս պայքարը նաեւ հէնց դրա համար է»,- ասել է նա:
Նշենք, որ Վայոց ձորում Բագրատ Սրբազանը հանդիպել է նաեւ «Արշակունի» ռազմամարզական ՀԿ-ի երիտասարդների հետ։