Արմէն Գէորգեանը՝ ԵԽԽՎ լիագումար նիստում. ««Վաշինգտոնեան խաղաղութիւնը» հակամարտութեան աւարտը չէ, այլ տարածաշրջանային անորոշութեան նոր փուլի սկիզբը»

«ԱԼԻՔ» – «Հայ ժողովրդին խնդրում են հաւատալ, որ Վաշինգտոնի յայտարարութիւններից յետոյ խաղաղութիւնն արդէն հաստատւել է։ Սակայն «Վաշինգտոնեան խաղաղութիւնը» հակամարտութեան աւարտը չէ, այլ տարածաշրջանային անորոշութեան նոր փուլի սկիզբ»։ Ինչպէս հաղորդում են հայաստանեան ԶԼՄ-ները՝ այս մասին ԵԽԽՎ լիագումար նիստում իր ելոյթի ժամանակ յայտարարել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր, ԵԽԽՎ-ում ԱԺ պատւիրակութեան անդամ Արմէն Գէորգեանը։
«Հայաստանը կրկին յայտնւել է այնպիսի իրավիճակում, որտեղ իր աշխարհաքաղաքական օրակարգը թելադրւում է։ Թուրքական ռիսկերը չէզոքացնելու ջանքերը՝ անտեսելով պատմականօրէն խորը աշխարհաքաղաքական այլ շահերը, ստեղծում են ոչ թէ կայունութիւն, այլ բախման նոր գծեր։
Յարգելի՛ գործընկերներ,
Երբ վաղը այս դահլիճում լսէք խաղաղութեան նոր դարաշրջանի մասին խօսակցութիւններ, ես կոչ եմ անում ձեզ մտորել. ինչո՞ւ այս դարաշրջանը չի ազատել Բաքւի հայ բանտարկեալներին, չի բացել հայ-թուրքական սահմանը, չի յանգեցրել ադրբեջանական ուժերի դուրսբերմանը օկուպացւած հայկական տարածքներից, չի կանգնեցրել Ադրբեջանի ագրեսիւ ռազմականացումը։ Հէնց այս խաղաղութեան դարաշրջանում է, որ իմ ժողովուրդը լսում է, թէ ինչպէս է Իլհամ Ալիեւը պահանջում սահմանադրական փոփոխութիւններ Հայաստանում եւ այսպէս կոչւած Զանգեզուրի միջանցքը։
Հարցրէք ինքներդ ձեզ. ի՞նչ միջազգային կանոնների եւ ժողովրդավարական աւանդոյթների համաձայն կարող են թուրք առաջնորդները պահանջել ադրբեջանցիների վերադարձը Հայաստան եւ մեսխեթցի թուրքերի վերադարձը Վրաստան՝ միաժամանակ մերժելով Ղարաբաղի հայերի նոյն իրաւունքը ։ Կարո՞ղ է նման անարդարութիւնը տարածաշրջանում ապահովել երկարատեւ եւ կայուն խաղաղութիւն։
Պարո՛ն նախագահ,
Խաղաղութիւնը պարզապէս պատերազմի բացակայութիւն չէ, այլ անվտանգութեան համարժէք համակարգ։ Եւրոպան սիրում է «հաշտեցման յաջողութեան պատմութիւնները», բայց այս դէպքում այն չպէտք է ծափահարի պաշտօնական փաստաթղթերին. այն պէտք է պահանջի իրական երաշխիքներ եւ հաւասարակշռութիւն։ Խաղաղութեան նոր հայկական մոդելը չի կարող ստերիլ լինել։ Հէնց սա է պատճառը, որ Հայաստանը չի կարող եւ չպէտք է հրաժարւի իր առկայ կապերից եւ կարողութիւններից՝ պատրանքների հետեւից ընկնելով։
Մենք ականատես ենք լինում Արեւմուտքի անկարողութեանը՝ դադարեցնելու Ուկրաինայում պատերազմը։ ԱՄՆ ամենամեծ ռազմական բազան չի պաշտպանել Կատարին պարբերական ռմբակոծութիւններից։ Ամբողջ արաբական աշխարհը չի կարողացել կանխել Գազայի հատւածում շարունակւող աղէտը։ Ժողովրդավարական աշխարհի արժէքներն ու աւանդոյթները չեն կարողացել պաշտպանել Ղարաբաղի հայերին էթնիկ զտումներից։ Այս ամէնը միայն հաստատում է իմ համոզմունքը, որ Հայաստանի նման երկրները չեն կարող բախւել կեղծ ընտրութեան։ Ներկայիս միջազգային միջավայրում իրական խաղաղութիւնը հիմնւած է զսպման, կանոնների եւ հարկադրանքի վրայ, այլ ոչ թէ յոյսի։
Ես կոչ եմ անում ձեզ օգնել Հայաստանին ամրապնդել եւ լրացնել իր ներկայիս անվտանգութեան շերտերը՝ իրականացնելով այն, ինչը կարելի է անւանել անվտանգութեան կուտակման դոկտրին։ Մենք պէտք է յիշենք. արհեստական խաղաղութիւնը յետաձգւած պատերազմ է»,-ասել է նա։