Հայաստան - ԱրցախՔաղաքական

Վարդան Օսկանեան. «Այս դիմադրութիւնը՝ թէ՛ Բաքւից, թէ՛ Երեւանից, չի կարող ջնջել ի յայտ եկող ընդհանուր համաձայնութիւնը»

«ԱԼԻՔ» – «Ադրբեջանի յարձակումից Արցախի վրայ, որն առաջացրեց նրա ողջ հայ բնակչութեան արտագաղթը, անցել է երկու տարի, եւ վերադարձի հարցը շարունակում է ստանալ անժխտելի միջազգային ընդգրկում։ Ուզում եմ կիսել երկու կարեւոր նորութիւն»։ Այս մասին իր ֆէյսբուքեան էջում գրել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանեանը։

«Վաշինգտոնում Պետդեպարտամենտը արձանագրել է առաջընթաց՝ ընդունելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ արդար կարգաւորման հիմքում ընկած երեք առաջնահերթութիւն․ Արցախի հայերի հայրենադարձութեան իրաւունքը, Ադրբեջանում պահւող հայ գերիների ազատ արձակումը եւ հայկական քրիստոնէական մշակութային ժառանգութեան պաշտպանութիւնը։ Կոնգրեսական Ֆրենկ Փալոնն այսօր X հարթակում յայտնել է, որ Պետդեպարտամենտը, արձագանքելով մի քանի շաբաթ առաջ մօտ 90 կոնգրեսականների կողմից պետքարտուղար Մարկօ Ռուբիոյին ուղղւած նամակին, պարտաւորւել է հետամուտ լինել այս խնդիրների լուծմանը։ Այս շրջադարձը արդիւնք է ԱՄՆ Հայ Ազգային Կոմիտէի, Արցախի ժողովրդի իրաւունքների պաշտպանութեան յանձնախմբի, ինչպէս նաեւ ամերիկահայերի ու նրանց դաշնակիցների համառ ջանքերի։ Բաքւի ժխտումների եւ Երեւանի լռութեան ֆոնին ԱՄՆ-ն այժմ պաշտօնապէս արտայայտւել է։ Այլեւս խօսքը այդ սկզբունքների ճանաչման մասին չէ, այլ՝ դրանց իրագործման։

Միեւնոյն ժամանակ այսօր Ժնեւում՝ Շւէյցարիայի Ազգային խորհրդի երկու անդամներ՝ Էրիխ Ֆոնտոբելը եւ Նիկոլա Վալդերը, մասնակցել են ՄԱԿ-ի Մարդու իրաւունքների խորհրդի տարեկան նիստի շրջանակում կազմակերպւած մի յարակից միջոցառման, որը նախաձեռնւել էր «Միջազգային քրիստոնէական համերաշխութիւն» կազմակերպութեան կողմից եւ նոյնպէս Արցախի ժողովրդի իրաւունքների պաշտպանութեան յանձնախմբի աջակցութեամբ ու նպատակ ունէր առաջ մղել շւէյցարական խաղաղարար նախաձեռնութիւնը։ Խորհրդարանական մանդատով Շւէյցարիան այժմ պարտաւոր է կազմակերպել խաղաղութեան ֆորում Ադրբեջանի եւ Արցախի ժողովրդի ներկայացուցիչների միջեւ՝ յստակ նպատակ ունենալով բանակցել տեղահանւած հայերի հաւաքական ու անվտանգ վերադարձի շուրջ։ Նրանց միացել էին Արցախի նախկին Մարդու իրաւունքների պաշտպան Արտակ Բեգլարեանը եւ միջազգային ճանաչում ունեցող իրաւաբան, Վաշինգտոնում տեղակայւած Միջազգային հանրային իրաւունքի եւ քաղաքականութեան խմբի (PILPG) նախագահ դոկտոր Փօլ Վիլիամսը։ Նրանց ուղերձը յստակ էր․ Արցախի ժողովրդի իրաւունքները, այլ ոչ թէ աշխարհաքաղաքական շահերը, պէտք է լինեն ցանկացած կարգաւորման հիմքում։

Սրանք միակ զարգացումները չեն։ Արդարադատութեան միջազգային դատարանը արդէն պարտաւորեցրել է Ադրբեջանին ապահովել տեղահանւած հայերի անվտանգ վերադարձը։ Եւրոպական խորհրդարանը երկու բանաձեւ է ընդունել՝ վերահաստատելով նոյն սկզբունքը։ Ֆրանսիայի խորհրդարանը երկու անգամ հանդէս է եկել այդ ուղղութեամբ, նրանց է միացել Բելգիան եւ, իհարկէ, Շւէյցարիան իր աննախադէպ նախաձեռնութեամբ։ Այս բոլոր որոշումներն ու բանաձեւերը միասին վկայում են յստակ միտման մասին․ վերադարձի իրաւունքը այլեւս միայն հայրենազուրկ ժողովրդի պահանջը չէ, այն միջազգային հանրութեան կամքն է։

Սա նշանակալի համընկնում է։ Ատլանտեան ովկիանոսի երկու ափերին էլ օրէնսդիրները, դիւանագէտներն ու քաղաքացիական հասարակութեան ներկայացուցիչները հաստատում են պարզ ճշմարտութիւն․ ոչ մի խաղաղութիւն չի կարող կայուն լինել, եթէ կառուցւած է բնիկ ժողովրդի էթնիկ զտման վրայ, ոչ մի պայմանագիր չի կարող արդար համարւել, եթէ վերացնում է տասնեակ հազարաւոր մարդկանց տուն վերադառնալու իրաւունքը, եւ ոչ մի միջազգային կարգ չի կարող արժանապատիւ համարւել, եթէ լռում է անօրինական կալանքի տակ պահւող գերիների ու մշակութային ժառանգութեան պղծման հանդէպ։

Ադրբեջանը, իհարկէ, ամբողջութեամբ մերժում է սա։ Նիկոլ Փաշինեանը, սակայն, ընտրել է այս հարցը լիովին անտեսելու ուղին՝ նախընտրելով փակել Արցախի էջը, քան պաշտպանել իր ժողովրդի իրաւունքները։ Բայց այս դիմադրութիւնը՝ թէ՛ Բաքւից, թէ՛ Երեւանից, չի կարող ջնջել ի յայտ եկող ընդհանուր համաձայնութիւնը։ Վերադարձի իրաւունքը շարունակում է մնալ միջազգային օրակարգում»,- գրել է նա:

Related Articles

Back to top button