Իլհամ Ալիեւի գրեթէ 30-ամեայ վաղեմութեան պահանջը Նիկոլ Փաշինեանին

ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼԵԱՆ
Քաղաքագէտ
Օկուպանտ եւ ցեղասպան, արհեստածին, կեղծ կազմաւորման՝ Ադրբեջանի նաւթային դիկտատոր, ազգութեամբ քուրդ Իլհամ Ալիեւը 2025 թ. նոյեմբերի 3-ին Ադրբեջանի, այսպէս կոչւած, գիտութիւնների ակադեմիայում, մասնաւորաբար, յայտարարել է.
- «Անհրաժեշտ է ստեղծել աւելի շատ գիտական աշխատանքներ, նոյնիսկ փոքր գրքոյկներ, որպէսզի ադրբեջանական երիտասարդութիւնը կարողանայ աւելի լաւ հասկանալ իր պատմութիւնը, որպէսզի միջազգային հանրութիւնը կարողանայ իմանալ այն, եւ միեւնոյն ժամանակ, որպէսզի այսօրւայ Հայաստան մեր վերադարձի մասին յայտարարութիւնները հնչեն բացարձակապէս տրամաբանական եւ արդարացի»:
- «…ադրբեջանցիների վերադարձը ժամանակակից Հայաստան չպէտք է վախեցնի հայ ժողովրդին եւ հայկական պետութեանը։ Որոշ ժամանակ առաջ ես այս մասին արդէն խօսել եմ: Մենք պէտք է վերադառնանք մեր պատմական հողեր՝ ոչ թէ տանկերով, այլ մեքենաներով»:
Յիշեալ մէջբերումները բացայայտօրէն վկայում են մի կողմից Հայաստանի Հանրապետութեան նկատմամբ Ապշորենի սուլթանի էքսպանսիոնիստական (ծաւալապաշտական) նպատակների մասին, միւս կողմից այդ նպատակներն իրագործելու համար Ադրբեջանի պատմաբաններին, աւելի ճիշտ՝ պատմաշինարարներին, «գիտական» հիմքեր ստեղծելու յանձնարարական տալու մասին:
Պէտք է նշել, որ Հայաստանի նկատմամբ ծաւալապաշտական հռետորաբանութեամբ եւ Հայաստանի Հանրապետութիւնը որպէս «ադրբեջանական հող ներկայացնելու» մասին գրքեր գրելու Ադրբեջանի պատմաշինարարներին ուղղւած յանձնարարականի վերաբերեալ բացայայտ խօսել է դեռեւս Իլհամ Ալիեւի հայրը՝ 1993-2003 թթ. Ադրբեջանի նախագահ Հէյդար Ալիեւը:
Այսպէս, 1998 թ. դեկտեմբերի 11-ին՝ «Իսլամական քաղաքակրթութիւնը Կովկասում» միջազգային սիմպոզիումի մասնակիցների մեծ խմբի հետ հանդիպման ժամանակ ունեցած իր ելոյթում, Հէյդար Ալիեւը, մասնաւորաբար, յայտարարել է. «Տարածքը, որն այժմ կոչւում է Հայաստան, Արեւմտեան Ադրբեջանն է, դա Իրեւանի, Գեոյչայի, Զանգիբասարի, Զանգեզուրի մահալներն են, այդ բոլորը եղել է ադրբեջանցիների, մահմեդականների բնակութեան վայրը։»:
Երկրորդ անգամ նա այդ մասին հրապարակային խօսել է 1999 թւականին: 1999 թ. փետրւարի 9-ին Նախիջեւանի Ինքնավար Հանրապետութեան 75-ամեակի պետական յանձնաժողովի նիստում Հէյդար Ալիեւը, մասնաւորապէս, յայտարարել է. «…Դեռեւս Ադրբեջանի Դեմոկրատական (Ժողովրդական – Ս. Հ.-Ջ.) Հանրապետութեան վարչապետ Ֆաթալի խան Խոյսկու 1918-1919 թթ. նամակից մենք իմանում ենք Իրեւանի խանութիւնը, Իրեւանը Հայաստանին փոխանցելու մասին:
Այդ պրոցեսը շարունակւել է նաեւ խորհրդային իշխանութեան հաստատումից յետոյ: Դրա արդիւնքում Հայաստանին փոխանցւել է նաեւ Զանգեզուրի շրջանը, չնայած նրան, որ այն հանդիսանում է հնագոյն ադրբեջանական հող:…
Հայաստանի ներկայիս տարածքը հանդիսանում է ադրբեջանական հող: Այո, այդ մասին նշւած է իմ կողմից ստորագրւած հրամանագրում: Իրեւանի խանութեան պատմութիւնը յայտնի է:… Դուք՝ պատմաբաններդ, դա պէտք է հետեւողականօրէն ապացուցէք։
Եւ ապագայում անհրաժեշտ է ստեղծել այնպիսի գործեր, որպէսզի դրանք անընդհատ, հետեւողական ձեւով ապացուցեն այն հողերի պատկանելիութիւնը Ադրբեջանին, որտեղ այժմ գտնւում է Հայաստանը։ Մենք պէտք է դա անենք։ Մենք պէտք է ճանապարհ բացենք ապագայ սերունդների համար։»:
Թուրքիայի եւ նրա կովկասեան կցորդ, օկուպանտ եւ ցեղասպան, արհեստական, կեղծ կազմաւորման՝ Ադրբեջանի ռազմավարական նպատակը Հայաստանն աշխարհի քաղաքական քարտէզից վերացնելն է, իսկ Հայաստանի Հանրապետութեան բնակչութեան ճնշող մեծամասնութիւնը կազմող ազգութեամբ հայերին կրկին ցեղասպանութեան ենթարկելը: Եթէ ինչ-ինչ պատճառներով Հայաստանի հայութեանը ցեղասպանելու իրենց հրէշաւոր ծրագրի իրագործումը չյաջողւի, ապա նրանց վտարել իրենց բնօրրանից, իսկ Հայաստանի տարածքը բաժանել միմեանց միջեւ:
Այս ստրատեգիական նպատակն իրագործելու համար՝ այսօր Թուրքիան ու Ադրբեջանը Հայաստանի հանդէպ որդեգրել են փափուկ ուժի քաղաքականութիւն, այսինքն՝ առանց պատերազմի կլանել, գրաւել Հայաստանը:
Դեռեւս 2021 թ. սեպտեմբերի 28-ին՝ France 24 ֆրանսիական միջազգային լրատւական հեռուսատաալիքին հեռավար եղանակով տւած հարցազրոյցի ժամանակ նաւթային դիկտատոր Իլհամ Ալիեւը, մասնաւորապէս, յայտարարել է. «…մենք կը վերադառնանք այնտեղ (Հայաստան – Ս. Հ.-Ջ.) ոչ թէ տանկերով, այլ՝ ոտքով, մեքենաներով եւ ինքնաթիռներով»:
Իսկ 2025 թ. յունւարի 7-ին՝ այսպէս կոչւած ադրբեջանական հեռուստաալիքներին տւած հարցազրոյցի ժամանակ, Իլհամ Ալիեւը, մասնաւորաբար, յայտարարել է. «…ներկայիս Հայաստանի տարածքը արբեջանցիների պատմական հողերն են, որոնք մի ժամանակ բացարձակ մեծամասնութիւն էին կազմում այդ հողերում: Այսօր մենք ասում ենք, որ 300 հազար արեւմտեան ադրբեջանցիներ պէտք է վերադառնան այդ շրջաններ։ Բայց, ընդհանուր առմամբ, այդտեղից հեռացած եւ Ադրբեջանի տարբեր շրջաններում ապրող մարդկանց եւ նրանց թոռների ու ժառանգների թիւը մի քանի անգամ աւելի է, քան 300 հազարը»:
Նկատի առնելով, որ Արցախի Հանրապետութիւնն Ադրբեջանի կազմում ճանաչած Նիկոլ Փաշինեանը կատարում է Իլհամ Ալիեւի բոլոր պահանջները՝ առաջանում է ողջամիտ ենթադրութիւն առ այն, որ նա կարող է կատարել 300 հազար ադրբեջանցիների (կովկասեան թաթարների) Հայաստանում բնակւելու մասին Իլհամի հերթական պահանջը, եւ Հայաստանում կարող են բնակութիւն հաստատել ադրբեջանցիներ (կովկասեան թաթարներ), ըստ որում, նրանք կը յայտնւեն եւ կապրեն Հայաստանում պետական երաշխիքներով: Ժամանակի ընթացքում նրանց թւաքանակն աճելու է: Եւ գալու է մի պահ, երբ նրանք թւապէս գերազանցելու են ազգութեամբ հայերին: Հայերին թւապէս գերազանցող ադրբեջանցիները (կովկասեան թաթարները) այլեւս ձեւաւորելու են իշխանութիւն Հայաստանում: Իսկ արդէն փոքրամասնութիւն դարձած տեղի հայութեան մի մասը լքելու է Հայաստանը, մի մասն էլ ձուլւելու է ադրբեջանցիներին (կովկասեան թաթարներին): Այդպիսով, Հայաստանը որպէս հայկական պետութիւն դադարելու է գոյութիւն ունենալուց:
Ոչ էական փոփոխութիւններով, բայց մօտաւորապէս այսպիսի զարգացումներ են սպասւում Հայաստանում ապրող հայութեանը, եթէ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչած Նիկոլ Փաշինեանը կատարի 300 հազար ադրբեջանցիների (կովկասեան թաթարների) Հայաստանում բնակութիւն հաստատելու մասին Իլհամ Ալիեւի հերթական պահանջը:
Իսկ որպէսզի վերոնշեալ սցենարն իրականութիւն չդառնայ, հարկ է, որ Արցախի Հանրապետութիւնն Ադրբեջանի կազմում ճանաչած, ՀՀ-ում ապրող հայութեան համար գոյութենական կամ էքզիստենցիալ սպառնալիք հանդիսացող, իշխանութեամբ օժտւած Նիկոլ Փաշինեանը հեռացւի իշխանութիւնից համազգային ուժերի գերլարմամբ եւ իշխանութիւնը ստանձնի սիստեմատիկ բարձրագոյն մասնագիտական կրթութիւն ու մաքուր անցեալ ունեցող, հանրութեան շրջանում մեծ հեղինակութիւն վայելող, քաղաքական որոշակի ճանապարհ անցած քաղաքական մարդը:



