Վարուժան Գեղամեան. «Թուրքիայի ու Ադրբեջանի համար «միջանցքը» ամբողջ Սիւնիքն է»
Ճանապարհը սողացող նւաճման առաջին քայլն է, ընդհանուր սահման են ուզում

«ԱԼԻՔ» – Թուրքիայի ու Ադրբեջանի համար «միջանցքը» ամբողջ Սիւնիքն է, ճանապարհը սողացող նւաճման առաջին քայլն է, ընդհանուր սահման են ուզում: «Կիզակէտում Արկադի Գրիգորեանի հետ» հաղորդման ժամանակ ասել է թուրքագէտ Վարուժան Գեղամեանը։
«Թուրքիան ու Ադրբեջանը լայն ճակատով՝ դիւանագիտականից մինչեւ ռազմական, գնում են Սիւնիքի նւաճման, «Զանգեզուրի միջանցք»-ն առաջին քայլն է։ Նրանց լրատւամիջոցներով ներկայացւած քարտէզներում «միջանցք» կոչւածը ճանապարհ չէ, այլ Սիւնիքի մարզն է ամբողջութեամբ, երբեմն նաեւ Սիւնիքն ու Վայոց ձորը միասին։
Միայն այն, որ քննարկւում է ճանապարհի վրայ երրորդ ուժի հսկողութիւնը, նշանակում է, որ հայկական կողմը 1 քայլ յետ է արել։ Սա եւս թուրքական քաղաքականութեան տարր է, եթէ հնարաւոր չէ միանգամից, ապա նպատակին հասնել աստիճանաբար, սկզբից ճանապարհի «արտապատւիրակում» երրորդ ուժի, յետոյ որեւէ նպաստաւոր դէպքում, վերջնական նպատակի իրագործում»,- նշել է Գեղամեանը։