Հայաստան - ԱրցախՔաղաքական

Ծանր պատերազմից 4 տարի անց Ալիեւը նորանոր պահանջներով եւ յոխորտանքով է հանդէս գալիս․ ի՞նչ է սպասւում Հայաստանին

Հայաստանի, Արցախի Հանրապետութիւնների համար ողբերգական հետեւանքներով 44-օրեայ պատերազմից 4 տարի անց ռազմական գործողութիւններն աւարտւել են, սակայն չի յաջողւել աւարտին հասցնել Ադրբեջանի յարձակողական եւ անընդհատ նորանոր զիջումներ կորզող քաղաքականութիւնը։ Երեւան-Բաքու պատերազմն աւարտւել է միայն ռազմի դաշտում, այն աւելի մեծ ինտենսիւութեամբ շարունակւում է բանակցային սեղանի շուրջ։

Պատերազմից 4 տարի անց Բաքուն արդէն համաձայնագրով նորանոր զիջումներ է փորձում կորզել հայկական կողմից։ Սակայն նոյնիսկ համաձայնագրի սահմաններով դրանք չեն սահմանափակւում։ «Հայաստանը պէտք է հրաժարւի զինւելու քաղաքականութիւնից, սրան պէտք է վերջ տրւի, եւ նրանք գիտեն, որ իմ ասածները լսել է պէտք, նրանք պէտք է հրաժարւեն սրանից, քանի դեռ ուշ չէ»,- 44-օրեայ պատերազմում յաղթանակի օրւայ ուղերձում յայտարարել է Իլհամ Ալիեւը։

Իլհամ Ալիեւին նոյեմբերի 8-ին շնորհաւորական նամակ է յղել նաեւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։

«Ձեր գերագոյն հրամանատարութեամբ ձեռք բերւած այս յաղթանակը հպարտութեան ու ներշնչանքի աղբիւր դարձաւ ոչ միայն Ադրբեջանի, այլեւ ամբողջ թուրքական աշխարհի համար»,- նշել է Էրդողանը, ում հետ Փաշինեանը ձգտում է օր առաջ դիւանագիտական յարաբերութիւններ հաստատել եւ բացել հայ-թուրքական սահմանը։

Ի դէպ, Փաշինեանն Էրդողանի հետ ջերմօրէն շփւել է նաեւ նախօրէին Բուդապեշտում ընթացող Եւրոպական քաղաքական համայնքի հերթական գագաթնաժողովի շրջանակում, թէեւ զուգահեռաբար Թուրքիայի ԱԳ նախարարը հրապարակային կերպով կրկնել է Թուրքիայի նախապայմանը հայ-թուրքական կարգաւորման գործընթացում։ «Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ համաձայնագրի ստորագրումից յետոյ Թուրքիա-Հայաստան յարաբերութիւնները նոյնպէս կը կարգաւորւեն»,- յայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը։

Մինչ Փաշինեանի իշխանութիւնը հրաժարւելով իր առաջարկից՝ համաձայնում է շարունակել Բաքւի հետ բանակցութիւնները Երեւան-Բաքու համաձայնագրի չհամաձայնեցւած կէտերի եւ ձեւակերպումների շուրջ, Ադրբեջանից հրապարակում են չհամաձայնեցւած կէտերը։

Բաքւի միջազգային յարաբերութիւնների վերլուծական կենտրոնի ղեկավար Ֆարիդ Շաֆիեւը յայտարարել է, որ այդ կէտերը վերաբերում են 2023 թւականի փետրւարի 20-ից Հայաստանի տարածքում ԵՄ մանդատի շրջանակներում տեղակայւած եւրոպացի դիտորդներին հայ-ադրբեջանական սահմանից դուրս բերելուն եւ Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ միջազգային իրաւական վէճերի բացառմանը։ Նրա խօսքով, երրորդ չհամաձայնեցւած կէտը վերաբերում է Հայաստանի Սահմանադրութեան փոփոխութեան հարցին, որը պնդում է Բաքուն՝ այն համարելով հիմնական խոչընդոտ։

Պաշտօնական Երեւանը չի հաստատում, որ հէնց այս կէտերն են շարունակում մնալ չհամաձայնեցւած, սակայն Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանեանը յայտարարել է, թէ ճիշտ չի համարում ամբողջութեամբ բացել, թէ ինչի շուրջ են ընթանում քննարկումները։ Բայց նա նաեւ ակնարկել է, որ կան չհամաձայնեցւած կէտեր, եւ դրանց շուրջ պիտի շարունակւեն քննարկումները, ամենայն հաւանականութեամբ նկատի ունենալով, որ այս կէտերի շուրջ չկայ համաձայնութիւն, եւ սրանք բանակցութեան առարկայ են։ «Հայաստանն Ադրբեջանի հետ չի խօսում Սահմանադրութեան փոփոխութեան մասին»,- յայտարարել է Կոստանեանը։ Թէեւ Բաքուն շարունակում է կրկնել ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան պահանջը իր միջազգային բոլոր շփումների ընթացքում։

Ուշագրաւ է այն հանգամանքը, որ բոլոր վերոնշեալ կէտերը ՀՀ ներքին գործն են, եւ բանակցութիւնների այս 4 տարիների ընթացքում ՀՀ իշխանութիւններին չյաջողւեց համաձայնագրի համար յստակ սահմաններ գծել, այն դէպքում, երբ Ադրբեջանը անընդհատ նոր կէտեր է աւելացրել, ինչն ամենայն հաւանականութեամբ տեղի է ունեցել նաեւ ԵՄ դիտորդների պարագայում։

Ի դէպ, 168․am-ի տեղեկութիւնների համաձայն՝ ԵՄ-ում հակւած են երկարաձգել դիտորդական առաքելութեան տեղակայման ժամկէտը, սակայն ՀՀ իշխանութիւնները դեռ վերջնական որոշում չունեն, քանի որ Ադրբեջանի իշխանութիւնները նման պահանջ են դրել, եւ, թէ ինչպէս կաւարտւեն բանակցութիւնները մինչեւ տարեվերջ, անորոշ է։ Բացի դիտորդների հարցից, փաստօրէն Ադրբեջանը պահանջում է հրաժարւել նաեւ միջազգային իրաւական ատեաններում ՀՀ-ի կողմից նախաձեռնւած գործընթացներից, ինչը եւս կանխատեսում էին միջազգային իրաւունքի մասնագէտներն ու իրաւապաշտպանները։

Այս ամէնը՝ հրապարակային ու ոչ հրապարակային նախապայմանները, պահանջները ՀՀ-ից, ՀՀ դիւանագէտներին ուղղւած ուղիղ սպառնալիքներն արտերկրում, ՀՀ-ի հանդէպ շարունակւող ռազմատենչ հռետորաբանութիւնը 44-օրեայ պատերազմից 4 տարի անց, ցոյց է տալիս, թէ ռեգիոնում իբրեւ թէ խաղաղութեան հասնելու կեղծ ու անիրագործելի նարատիւներով ինչ ծանրագոյն իրավիճակում է յայտնւել Հայաստանի Հանրապետութիւնը, ՀՀ դիւանագիտութիւնն ու արտաքին քաղաքականութիւնը։ Եւ, ըստ էութեան, պատերազմն աւարտւել է միայն ռազմի դաշտում, թէեւ նոր պատերազմների հնարաւորութիւնը եւս չի փակւել։

168.am-ի հետ զրոյցում ռուս ռազմաքաղաքական վերլուծաբան Վլադիմիր Եւսէեւն ասել է, որ պատերազմից 4 տարի անց էլ Հարաւային Կովկասում իրավիճակն ու հնարաւոր զարգացումների կանխատեսումը լաւատեսական չէ, ինչը մտահոգիչ է։ Ըստ նրա, ամփոփելով այս 4 տարիները, պէտք է ասել, որ Ադրբեջանն իր գլխաւոր խնդիրներից մէկը լուծեց պատերազմի հիմնական փուլի աւարտից յետոյ՝ երկու տարի անց, հասնելով Ղարաբաղի ամբողջական գրաւմանը, ստանալով ռեգիոնն առանց հայերի, յետոյ նաեւ՝ առանց ռուս խաղաղապահների։

«Այս ամէնը ռեգիոնում խորքային աշխարհաքաղաքական գործընթացների, խախտւած հաւասարակշռութիւնների հետեւանք էր, այդ անհաւասարակշռութիւնները, ի դէպ, չեն փոխւել։ Հաւասարակշռութիւնները վերաբերում են ոչ միայն ռազմական, այլեւ քաղաքական ու աշխարհաքաղաքական ոլորտին։ Ի օգուտ Հայաստանի, ցաւօք սրտի, իրավիճակներ գրեթէ չեն եղել, ինչն Արեւմուտքի պատասխանատւութեան դաշտում է, քանի որ ՀՀ-ն յայտարարեց, որ Ռուսաստանը վատ է կատարում իր դաշնակցային պարտաւորութիւնները, սառեցրեց անդամակցութիւնը ՀԱՊԿ-ում եւ ԵՄ անդամակցութեան ցանկութիւն յայտնեց, ստանալով աջակցութիւն ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի կողմից, ինչպէս նաեւ դիտորդներ ռեգիոնում։ Խնդիրն այն է, որ դիտորդները կանգնած են տեղում, գուցէ միջադէպերը եւս քիչ են, սակայն ռեգիոնում Երեւանի եւ Բաքւի միջեւ իրավիճակը չի փոխւել, գոնէ հաւասարակշռւել։ Պարզապէս ողջ լարումը տեղափոխւել է բանակցային դաշտ, ինչը դրական է, սակայն ներկայումս էլ պահանջները ձեւակերպւում են այս դաշտում, եւ դրանք հաւասարակշռող արտաքին ուժ չկայ, քանի որ ՌԴ-ին զրկել են այդ մանդատից, իսկ Արեւմուտքը դա չի ուզում անել»,- ասաց վերլուծաբանը։

Նրա կարծիքով, իրավիճակն աշխարհում շատ է խոչընդոտում հարաւկովկասեան զարգացումներին։ «Այստեղ եւս կայունութիւն չկայ, անընդհատ աշխարհաքաղաքական փոքր ու մեծ ցնցումներ են»,- ասել է նա։

Եւսէեւի կարծիքով՝ Հայաստանի շուրջ իրավիճակին նպաստել են նաեւ ՀՀ իշխանութիւնների քայլերը ՀՀ արտաքին վեկտորի շուրջ։

«Սա հնարաւորութիւն է տւել հակառակորդներին օգտագործել այս հարցը, շատ լաւ խաղալ հակասութիւնների վրայ՝ դրանք օգտագործելով բանակցութիւններում»,- նշել է Եւսէեւը։

Ռուս վերլուծաբանը կանխատեսեց, որ իրավիճակը ներկայիս սցենարով եւ անորոշութեամբ կը շարունակի ընթանալ։

«Կարծում եմ՝ այս գործընթացի բոլոր մասնակիցներն ունեն իրենց սցենարները, անընդհատ տարբեր իրավիճակներ են խաղարկւում, սակայն գլխաւոր սցենարն այդ անորոշութիւնն է թէ Ռուսաստանի, թէ Արեւմուտքի մասնակցութեան շուրջ, թէ Երեւանի ու Բաքւի պահանջների շուրջ»,- նկատեց նա։ Խօսելով Ադրբեջանի բացայայտւած պահանջներից՝ Եւսէեւն ասաց, որ դրանք չեն զարմացնում ամենեւին։

«Ինձ համար բարդ է ասել՝ արդեօք Հայաստանում կընդունե՞ն նաեւ այս պահանջները՝ համաձայնագիրը ստորագրելու համար, թէ՞ իրավիճակը կը շարունակի մնալ առկախւած իրավիճակում։ Փաստն այն է, որ Երեւանը ցանկանում է լուծել հարցերը, ստորագրել համաձայնագիր, կարգաւորել յարաբերութիւնները Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, ստանալ մի իրավիճակ, երբ չունի Ռուսաստանի կարիքը՝ որպէս դաշնակից։ Սակայն Ադրբեջանի դիրքորոշումները թոյլ չեն տալիս կանխատեսել մօտալուտ համաձայնութիւններ, ինչը նշանակում է, որ ռեգիոնում բարդ գործընթացները շարունակւելու են»,- ասել է նա։

Եւսէեւի կարծիքով՝ Ադրբեջանը եւս ունի աշխարհաքաղաքական մտավախութիւններ։ «Ադրբեջանը ռեգիոնում վստահ է գործում, սակայն արտաքին վեկտորի առումով որոշակի տատանումներ կան, ներկայումս թւում է, թէ Արեւելքի կողմում է աւելի ակտիւ աշխատում, մի քանի ամիս առաջ աւելի ակտիւ էր Արեւմուտքում։ Աշխարհաքաղաքական իրավիճակն ունի ուղիղ ազդեցութիւն, կողմերից իւրաքանչիւրն էլ, կարծում եմ, մտածում է, թէ ինչպէս կաւարտւի ուկրաինական պատերազմը։ Իսկ ներկայումս նաեւ մտածում են, թէ ինչպէս ԱՄՆ նորընտիր նախագահը կը մտնի այս թեմա, եւ դա ինչ ազդեցութիւն կունենայ»,- ասել է փորձագէտը։

Զրոյցը՝ ԱՐԱՔՍ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆԻ

Related Articles

Back to top button