Հայաստան - ԱրցախՔաղաքական

Ադրբեջանում տօնում են Շուշին «ազատագրելու» օրը. ինչո՞ւ Շուշիի համար ճակատամարտն աւարտւեց Ադրբեջանի օգտին

ՄԱՐԻԱՄ ՊԵՏՐՈՍԵԱՆ

 

Ադրբեջանում նոյեմբերի 8-ին նշել են 2020 թւականի 44-օրեայ պատերազմում տարած յաղթանակը, յատկապէս առանձնացւել է Շուշիի գրաւումը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ուղերձ է յղել իր ժողովրդին:

Իսկ Ադրբեջանին օրւայ առիթով առաջին շնորհաւորողներից, բնականաբար, եղել են Թուրքիան եւ Իսրայէլը, որոնց ռազմական աջակցութեան շնորհիւ է նաեւ Ադրբեջանը կարողացել պատերազմում յաղթանակ ապահովել:

Ի դէպ, որ այս տարւայ յունւարին Ալիեւը տեղական հեռուստաալիքներին տւած հարցազրոյցում մի ուշագրաւ յայտարարութիւն էր արել.

«Նոյեմբերի 8-ին ես չէի կարող ասել, թէ ինչպէս կաւարտւի պատերազմը, չէի կարող դա ասել լիակատար վստահութեամբ: Իհարկէ, ես գիտէի, որ ամէն ինչ բերելու է մեր յաղթանակին, բայցեւ նոյեմբերի 8-ին հնարաւոր չէր կանխատեսել՝ երբ եւ ինչպէս դա տեղի կունենայ: Իհարկէ, նոյեմբերի 8-ին խոշոր իրադարձութիւն տեղի ունեցաւ՝ «ազատագրւեց» Շուշին, բայց, ըստ էութեան, ռազմավարական տեսանկիւնից անիմաստ էր սեպարատիստների դիմադրելը»:

Կարո՞ղ ենք ենթադրել, որ ռազմական տեսանկիւնից մինչեւ վերջ փորձ է արւել չթողնել Շուշին Ադրբեջանին, այդ թւում՝ ՊԲ նախկին հրամանատար Միքայէլ Արզումանեանի միջոցով, ԳՇ նախկին պետ Օննիկ Գասպարեանի ձեռնարկած գործողութիւններով, բայց յետոյ քաղաքական եւ ռազմավարական որոշում է կայացւել կամ ամէն ինչ դիտմամբ տարւել է նրան, որ 2020 թւականի նոյեմբերի 8-ին Ադրբեջանի յաղթանակը լիակատար դարձւի այդ պահի դրութեամբ:

Այս հարցերի պատասխանները մենք դեռ չունենք՝ ինչո՞ւ են ձախողւել Շուշին յետ վերցնելու՝ ԳՇ-ի գործողութիւնները, երբ նոյեմբերի 7-ին Շուշիի նկատմամբ գրեթէ կորցրել էինք վերահսկողութիւնը: Այստեղ ասելիք ունի նաեւ գեներալ Օննիկ Գասպարեանը:

Նշենք, որ Շուշիի պաշտպանութիւնը պատշաճ չկազմակերպելու համար 2022 թւականի օգոստոսի վերջին մեղադրանք էր առաջադրւել ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լէյտենանտ Միքայէլ Արզումանեանին, այս դրւագով մեղադրանքը, այսպէս ասած, աւարտւում է նոյեմբերի 7-ով:

Աւելի ուշ 168.am-ը ՀՀ Քննչական կոմիտէից փորձել էր պարզել՝ Նիկոլ Փաշինեանը Քննիչ յանձնաժողովում յայտարարել էր, որ Շուշին հետ վերցնելու գործողութիւններ են եղել նոյեմբերի 7-ից յետոյ, այս հանգամանքը քննութեան առարկայ դարձե՞լ է:

Մայիսին ուղարկւած մեր այս գրաւոր հարցադրմանն ի պատասխան՝ յունիսին ՀՀ Քննչական կոմիտէից յայտնել էին.

«44-օրեայ պատերազմի ընթացքում ծաւալւած ռազմական գործողութիւնների բոլոր ուղղութիւնները, այդ թւում՝ 2020 թւականի նոյեմբերի 7-ից յետոյ Շուշիի ուղղութեամբ տեղի ունեցած իրադարձութիւնները քննութեան առարկայ են դարձւած իշխանութեան անգործութեան, ծառայութեան նկատմամբ անփոյթ վերաբերմունք դրսեւորելու, զինւորական ծառայութեան առանձին պարտականութիւնների կատարումից հրաժարւելու, զինւորական ծառայութեան կրման կարգի դէմ ուղղւած առերեւոյթ այլ յանցագործութիւնների կատարման դէպքերի վերաբերեալ ՀՀ քննչական կոմիտէի զինւորական քննչական գլխաւոր վարչութեան յատկապէս կարեւոր գործերի քննութեան վարչութիւնում իրականացւող քրէական վարոյթների շրջանակներում»:

Որոշ ժամանակ անց մենք փորձել էինք ՀՀ քննչական կոմիտէից պարզել, թէ 2020 թւականի նոյեմբերի 7-ից յետոյ Շուշիի ուղղութեամբ տեղի ունեցած իրադարձութիւնների, այսպէս ասած, քննութիւնն ինչ փուլում է, բայց մեզ պատասխանել էին, որ պահանջւող տեղեկատւութիւնը հրապարակման ենթակայ չէ:

Այս համատեքստում կարող ենք արձանագրել՝ 2020 թւականի նոյեմբերի 7-ին Շուշին ամբողջութեամբ կորցնելուց յետոյ փորձ է արւել այն յետ բերել, եւ, թերեւս, ընթացող մարտերի մասին պաշտօնական տեղեկատւութիւնը եւ գրառումները հէնց դրան են վերաբերել: Այսինքն, խնդիրն այն է, որ հանրութիւնից գաղտնի է պահւել Շուշին կորցնելու փաստը, եւ, որ այդ մարտերը կամ ռազմական փորձերը ոչ թէ Շուշին պահելու համար էին, այլ յետ վերցնելու, եւ դեռ հարց է՝ ինչ է արւլ դրա համար եւ ինչ չի արւել:

Ի վերջոյ, ե՛ւ Սէյրան Օհանեանը Արգիշտի Քեարամեանի հետ, ե՛ւ Սամուէլ Բաբայեանը Երեւան էին եկել Արցախի նախագահի խնդրով՝ ռազմական աջակցութեան հետ կապւած, եւ այս թեմայով եւս ասելիքներ կան եւ պատասխաններ կան տալու:

Իսկ 168.am-ը դեռ երկու տարի առաջ առանձնացրել էր 2020 թւականի նոյեմբերի 7-ի իրադարձութիւններն ու պաշտօնական յայտարարութիւնները, նաեւ՝ ինչպէս էր այդ օրը իշխանութիւնը հանրութեան ուշադրութիւնը շեղում մարտական գործողութիւններից եւ Շուշիի անկումից:

Մասնաւորապէս, 2020-ի նոյեմբերի 7-ի ՀՀ սփիւռքի գործերի գլխաւոր յանձնակատար Զարեհ Սինանեանն ադրբեջանական ֆէյք լուրեր էր տարածել, պնդելով, թէ սպանւել է ադրբեջանցի գնդապետ Մենսիմովը, իսկ նա այդ պահին Շուշին էր գրաւում, որի մասին արդէն պատերազմից յետոյ մանրամասներ էր ներկայացրել:

Այդ օրը նաեւ հայկական սոցցանցային տիրոյթում ինչ-ինչ օգտատէրեր արխիւային տեսանիւթ էին տարածել եւ եզրակացրել, որ Նիկոլ Փաշինեանը հրաժարական է տւել:

Փաշինեանի այդ ժամանակւայ մամուլի խօսնակ Մանէ Գէորգեանն էլ որոշել էր ակտիւ կերպով հերքել այդ ֆէյքային տեղեկութիւնը:

Աննա Յակոբեանն էլ, ով միայն նոյեմբերի 6-ին էր իր ջոկատով պատրաստ եղել «մարտական առաջադրանքի», եւ որը չի ընդգրկել Արցախը, նոյեմբերի 7-ին որոշել էր կողմնորոշման կոչ անել հանրութեանը՝ «եթէ պատրաստ չէիք պատերազմի, պէտք էր միանալ խաղաղութեան արշաւին, ոչ թէ քարկոծել այն, եթէ այդ արշաւը ձեր սրտով չէր, կամ անտարբեր էիք դրա նկատմամբ, նշանակում է՝ պատրաստ էիք պատերազմի»:

Իսկ նոյեմբերի 8-ին եւ 9-ին շարունակւել էին յայտարարութիւնները Հայաստանի եւ Արցախի իշխանութիւնների ու պատասխանատուների կողմից, եւ, չգիտես՝ ինչու, Արցախի նախագահը, ԱԳ նախարարը վստահ էին, որ դեռ հնարաւոր է բեկում մտցնել: Եւ յանկարծ Արցախի նախագահ Արայիկ Յարութիւնեանի խօսնակ Վահրամ Պօղոսեանը նոյեմբերի 9-ի երեկոյեան ֆէյսբուքեան հետեւեալ գրառումն է անում.

«Առ այսօր, ցաւօք, պէտք է խոստովանենք, որ անյաջողութիւնների շղթան դեռ մեզ ուղեկցում է, ու Շուշի քաղաքն ամբողջութեամբ դուրս է մեր վերահսկողութիւնից, եւ այս մասին յուսադրող կամ ոգեւորող բոլոր տեսակի քարոզչական թէզերը, բացի իրականութեան զգացողութիւնը կորցնելուց, մեզ ոչինչ չեն տալիս:

Գօտիները եւս մէկ անգամ ձգել է պէտք, քանի որ թշնամին գտնւում է Ստեփանակերտի մատոյցներում, եւ արդէն մայրաքաղաքի գոյութիւնն է վտանգւած…

Եթէ ուզում ենք, որ Շուշին նորից մերը լինի, Արցախը պահպանւի, այսօր պէտք է գործադրենք բոլոր կարողութիւնները Ստեփանակերտի ու ռազմաճակատի միւս ուղղութիւններում յուսալի պաշտպանութիւն կազմակերպելու համար: Սա է յաջողութիւնների իրական եւ յուսալի գրաւականը: Յաղթանակի կեղծ կոչերն ու ֆէյսբուքեան շահարկումները հասցնելու են հատիկ առ հատիկ ամէն ինչի կորստի: Իսկ պատմութիւնը մեզ դա չի ներելու…»:

Վ. Պօղոսեանի այս գրառումից յետոյ սկսւեց տեղեկութիւնների շրջանառումը, թէ նրա ֆէյսբուքեան էջը կոտրել են: Սակայն 168.am-ի հետ զրոյցում Վահրամ Պօղոսեանն անմիջապէս հերքել էր դիտաւորեալ կամ ոչ դիտաւորեալ դաշտ նետւած այդ լուրը՝ «իմ էջը չեն կոտրել, դա իմ գրառումն է»:

Իսկ դրանից առաջ Արծրուն Յովհաննիսեանը պնդել էր. «Շուշիի մերձակայքում մարտերը շարունակւում են: ՊԲ ստորաբաժանումները յաջողութեամբ կատարում են իրենց խնդիրները` հակառակորդին զրկելով նախաձեռնողականութիւնից: Սա է իրերի իրական դրութիւնը։ Այլ չհիմնաւորւած կարծիքներն ուղղակի մերժէք»:

Այսինքն, կոնկրետ դէպքում գործ ունէինք ոչ թէ հայկական եւ ադրբեջանական կողմերի տեղեկութիւնների իրարամերժութեան, այլ ՀՀ-ի եւ Արցախի պաշտօնական ներկայացուցիչների միջեւ տեղեկատւական պայքարի հետ: Արդեօք սրանց մէջ չերեւացող շղթայական կապ կա՞ր՝ չենք կարող ասել: Չնայած Նիկոլ Փաշինեանն ինքն էր Քննիչ յանձնաժողովում յայտարարել, որ Արցախից ստացւած պաշտօնական ու ՀՀ ԶՈՒ ԳՇ ունեցած տեղեկութիւնների միջեւ տարբերութիւն կար, եւ, որ ինքն առաւել վստահում էր Արցախի նախագահի տրամադրած տեղեկութեանը, այդ դէպքում ինչո՞ւ էր թոյլատրում Արցախում քարոզչական թէզեր համարւող տեղեկութիւնների տարածումը ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Յովհաննիսեանի կողմից, եւ ինքն էլ նմանօրինակ տեղեկութիւններ տարածում, կարող ենք միայն ենթադրութիւններ անել:

Ի դէպ, 2020-ի նոյեմբերի 8-ին Պետրոս Ղազարեանին տւած հարցազրոյցում Արծրուն Յովհաննիսեանը յորդորել էր Շուշիի հետ կապւած վաղաժամ ոչ լաւատեսական, ոչ էլ, առաւելեւս, յոռետեսական գնահատականներ տալ եւ պնդել. «Վաղը, ինձ թւում է, կաւարտւի ճակատամարտը Շուշիի համար»:

Ինչի՞ հիման վրայ էր նոյեմբերի 8-ին նման յայտարարութիւն անում Արծրուն Յովհաննիսեանը, կամ վստահ, որ Շուշիի համար ճակատամարտը հէնց նոյեմբերի 9-ին է աւարտւելու՝ ռազմաճակատից ստացւող լուրերի՞, հայկական զինւած ուժերի ռեսուրսների մասին ներքին տեղեկութիւնների՞, թէ՞ տեղեակ էր կապիտուլեացիոն եռակողմ յայտարարութեան ստորագրման նախապատրաստութեան մասին, ինչը ժամեր յետոյ տեղի ունեցաւ:

Իսկ իրականում Շուշիի ճակատագիրն արդէն նոյեմբերի 8-ի երեկոյեան էր պարզ առնւազն, եթէ հաշւի առնենք քաղաքը յետ վերցնելու փորձերը միայն, այլ ոչ թէ՝ երբ այն կորցրեցինք: Իսկ դէպի Շուշի ճանապարհ են բացել Ջաբրայիլի, Ֆիզուլիի օպերացիաները, ինչպէս հոկտեմբերին մանրամասնել էր Ալիեւը: Եւ այստեղ լուրջ դերակատարում են ունեցել ադրբեջանական յատուկ նշանակութեան ուժերը, ուստի պատահական չէր, որ այս տարւայ յունւարին 44-օրեայի ժամանակ Ջրականի (Ջաբրայիլ) շրջանի եւ Շուշիի «ազատագրման» օպերացիաները ղեկավարած գեներալ-լէյտենանտ Հիքմեթ Միրզոեւը յատուկ նշանակութեան ուժերի հրամանատարից նշանակւել էր Ցամաքային զօրքերի հրամանատար-Ադրբեջանի պաշտպանութեան փոխնախարար:

168.am-ը գրել էր, որ հէնց Միրզոեւն է կանգնած կադրային փոփոխութիւնների յետեւում, եւ անգամ վերջերս ադրբեջանական հարթակներում հնարաւոր էին համարում նրա՝ Ադրբեջանի յաջորդ պաշտպանութեան նախարար լինելը: Իսկ երէկ երեկոյեան յայտնի դարձաւ, որ Ադրբեջանի նախագահը Հիքմեթ Միրզոեւին գեներալ-գնդապետի կոչում է շնորհել, Ալիեւը զինւորական բարձր կոչումների է արժանացրել նաեւ 2020 թ. պատերազմի ադրբեջանական այլ հերոսների, այդ թւում՝ Ադրբեջանի յատուկ նշանակութեան ուժերի գործող հրամանատարին։

Սա հերթական անգամ հաստատում է յատուկ նշանակութեան ուժերի հզօրացման՝ Ադրբեջանի ղեկավարութեան մտադրութիւնը: Իսկ նոր պատերազմի հաւանականութիւնը ոչ ոք չի չեղարկել, յատկապէս, երբ իր ժողովրդին ուղղւած ուղերձում Ալիեւը դարձեալ հնարաւոր սադրանքների պատասխանատւութիւնը դրել է Հայաստանի եւ արեւմտեան երկրների վրայ՝ շեշտելով, որ իրենք պէտք է «պատրաստ լինեն սադրանքներին»:

Միւս կողմից, Ալիեւն իրեն իրաւունք է վերապահել Հայաստանին սպառնալ՝ Հայաստանը պէտք է հրաժարւի զինւելու կամ ռազմականացման քաղաքականութիւնից, մինչդեռ Ադրբեջանը շարունակում է զինւել ժամանակակից սպառազինութեամբ եւ զգալի աւելացրել է ռազմական բիւջէն:

Վերադառնանք բուն թեմային՝ Շուշին կորցնելուն եւ 44-օրեայ պատերազմում պարտւելուն, եւ յաւելենք, որ մինչ նոյեմբերի 8-ին, ըստ էութեան, Ադրբեջանում տօնում էին Շուշին վերցնելը, ՀՀ-ում նոյն օրն Արմէն Աբազեանն ընտրւեց ԱԱԾ տնօրէն, հոկտեմբերի 8-ին Արգիշտի Քիարամեանին ԱԱԾ տնօրէնի պաշտօնից հեռացնելուց յետոյ, Միքայէլ Համբարձումեանը Ազգային անվտանգութեան ծառայութեան տնօրէնի ժամանակաւոր պաշտօնակատար էր: Ի դէպ, ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզութեան գլխաւոր վարչութեան պետ-ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Սամուէլ Մովսիսեանը 2020 թւականի նոյեմբերի 3-ին նշանակւել էր ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզութեան գլխաւոր վարչութեան պետի տեղակալ, յետոյ երկար ժամանակ կառոյցի պետի պաշտօնակատարն էր, երբ պետին ազատել էին, իսկ յետոյ արդէն ինքը դարձաւ նշւած կառոյցի հիմնական ղեկավարը:

Ինչ վերաբերում է Շուշին կորցնելուն, ապա պատերազմի աւարտից 4 տարի յետոյ շատ բան պարզ է, շատ բան էլ դեռ պարզ չէ: ՀՀ իշխանութիւնները ցանկութիւն չյայտնեցին Միքայել Արզումանեանին լսել Քննիչ յանձնաժողովում, իսկ այս գործով դատաքննութիւնն էլ դռնփակ է:

Եւ գուցէ ե՛ւ սրանից ելնելով, ե՛ւ Միքայէլ Արզումանեանին լրացուցիչ թիրախաւորումից յետ պահելու նպատակով ՊԲ նախկին հրամանատարի փաստաբանական թիմն առհասարակ տեղեկութիւն չի յայտնում դատաքննութեան մասին, թէ ինչ փուլում է այն, քանի վկայ է հարցաքննւել եւ այլն: Եւ մենք դետալներով դեռ չգիտենք՝ ով ինչ չի արել, որ Շուշիի համար ճակատամարտն Արցախի օգտին աւարտւի:

168.am

Related Articles

Back to top button