Այլ

Կենսաբանական ժամացոյցի խանգարումը մեծացնում է սրտի հիւանդութիւնների առաջացման ռիսկը

Ամերիկեան սրտաբանական ասոցիացիայի (AHA) գիտնականները նախազգուշացրել են, որ ցիրկադային ռիթմերի՝ օրգանիզմի աշխատանքի բնական օրական տատանումների խանգարումները, կարող են զգալիօրէն բարձրացնել սիրտ-անօթային հիւանդութիւնների ռիսկը։

Նրանց հետազօտութեան արդիւնքները հրապարակւել են Circulation ամսագրում:

Նոր ակնարկում ասւում է, որ «ներքին ժամացոյցի» խանգարումը ազդում է ճնշման, արեան շաքարի մակարդակի, բորբոքման եւ լիպիդների փոխանակութեան վրայ՝ հող նախապատրաստելով հիպերտոնիայի, ինսուլտի եւ ինֆարկտի զարգացման համար։

Ցիրկադային ռիթմերը կառավարում են գրեթէ բոլոր կենսաբանական գործընթացները՝ քնից եւ մարմնի ջերմաստիճանից մինչեւ սրտի եւ անօթների աշխատանքը։ Երբ մարդն ապրում է այս բնական ցիկլերին անհամապատասխան, օրինակ՝ գիշերային հերթափոխերի, յաճախակի թռիչքների, քրոնիկ քնի պակասի կամ գիշերային ժամերին գաջեթների մշտական ​​օգտագործման պատճառով, նրա օրգանիզմը դադարում է ճիշտ կարգաւորել ծանրաբեռնւածութիւնը։ Գիտնականները նշում են, որ յատկապէս վտանգաւոր է քուն-արթնացում ռեժիմի խանգարումը. նոյնիսկ մի քանի գիշեր անկանոն գրաֆիկով կարող է խախտել զարկերակային ճնշման եւ նիւթափոխանակութեան համար պատասխանատու հորմոնների արտադրութիւնը։

Հետազօտողները շեշտում են, որ կենսառիթմերի խանգարումները յաճախ զուգորդւում են այլ վնասակար գործօնների՝ սթրեսի, քիչ շարժունակ ապրելակերպի, չափից դուրս շատ ուտելու հետ։ Այս ամէնն ուժեղացնում է բորբոքային գործընթացները եւ նւազեցնում բջիջների զգայունութիւնը ինսուլինի նկատմամբ, բարձրացնելով դիաբետի եւ աթերոսկլերոզի ռիսկը։

Աշխատութեան հեղինակները կոչ են անում բժիշկներին հաշւի առնել «առողջութեան ժամանակային ասպեկտը» սիրտ-անօթային հիւանդութիւնների կանխարգելման եւ բուժման ժամանակ։ Նրանք նաեւ խորհուրդ են տալիս մարդկանց ուշադրութիւն դարձնել քնի հիգիենային եւ ռեժիմի կանոնաւորութեանը. պառկել եւ վեր կենալ միեւնոյն ժամին, ստանալ բաւարար ցերեկային լոյս, իսկ երեկոյեան խուսափել վառ էկրաններից։ Ռեժիմի նոյնիսկ փոքր շտկումները կարող են վերականգնել ներքին ժամացոյցը եւ նւազեցնել սրտի ծանրաբեռնւածութիւնը։

Գիտնականները ցիրկադային ռիթմերը անւանում են «առողջութեան չորրորդ չափում»՝ սննդակարգի, ֆիզիկական ակտիւութեան եւ սթրեսի հետ հաւասար։ Նրանց դերի ըմբռնումը կարող է ապագայում փոխել սրտի հիւանդութիւնների կանխարգելման մօտեցումը։

Related Articles

Back to top button