ԻրանՄիջազգայինՔաղաքական

Ղալիբաֆ․ Հորմոզի նեղուցը կը կառավարւի իրանական կարգաւորումներով

Իրանի Իսլամական Հանրապետութեան բանակցող պատւիրակութեան ղեկավար Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը յայտարարել է, որ Հորմոզի նեղուցի կառավարումն այլեւս չի վերադառնայ պատերազմից առաջ եղած վիճակին եւ այսուհետ այն կը տնօրինւի Իրանի սահմանած կարգաւորումներով եւ միջազգային օրէնքի շրջանակներում։

Ղալիբաֆի խօսքով՝ ռազմական եւ դիւանագիտական ճակատները հակասութեան մէջ չեն, այլ լրացնում են միմեանց։ Նա ընդգծել է, որ ռազմական յաջողութիւնները լիարժէք արդիւնք են տալիս միայն այն դէպքում, երբ քաղաքական ու իրաւական դաշտում ամրագրւում են դիւանագիտութեան միջոցով։

Նա նշել է, որ Շւէյցարիայում տեղի ունեցած քառակողմ բանակցութիւնները ռազմական ձեռքբերումների շարունակութիւնն էին, իսկ բանակցութիւնը պայքարի մէկ այլ ձեւ է։ Ղալիբաֆի գնահատմամբ՝ այդ գործընթացի կարեւոր արդիւնքներից էին Լիբանանում պատերազմի դադարեցման ուղղութեամբ առաջընթացը, Հորմոզի նեղուցի կառավարման հարցում համաձայնութիւնները, ինչպէս նաեւ Իրանի սառեցւած միջոցների մի մասի ազատագրումն ու նաւթային սահմանափակումների մեղմացումը։

Բանակցային թիմի ղեկավարն ընդգծել է նաեւ, որ Իրանը շարունակում է անվստահ վերաբերմունք ունենալ ԱՄՆ-ի նկատմամբ եւ ապագայ բանակցութիւններում նոյնպէս առաջնորդւելու է այդ սկզբունքով։

Անդրադառնալով Հորմոզի նեղուցին՝ Ղալիբաֆը նշել է, որ ստեղծւելու է համակարգող կենտրոն եւ հաղորդակցութեան ուղիղ գիծ՝ հնարաւոր խնդիրներն արագ կարգաւորելու համար՝ շեշտելով, որ նեղուցի գործնական կառավարումն իրականացւելու է Իրանի կողմից։

Ղալիբաֆը նաեւ նշել է, որ Իսրայէլը կտրուկ դէմ է բանակցային գործընթացին եւ փորձում է խափանել այն, քանի որ իր կարծիքով այդ ուղին սպառնալիք է Թել Աւիւի ռազմավարական շահերի համար։ Նա շեշտել է, որ Իրանը շարունակելու է պաշտպանել իր դիրքորոշումը թէ՛ բանակցութիւններով, թէ՛ այլ միջոցներով։

Related Articles

Back to top button