Մշակութային

Իտալիայի Մանտուա քաղաքում բացւել է հայ արւեստագէտների աշխատանքների ցուցահանդէս

Իտալիայի Մանտուա քաղաքի BLOOM ROOM Laboratory ցուցասրահում բացւել է ցուցահանդէս, որն իտալաբնակ հանրութեանը կը ներկայացնի 11 հայ ստեղծագործողների աշխատանքները։

GET in TOUCH խորագիրը կրող ցուցահանդէսին ներկայացւել են Հրաչեայ Վարդանեանի, Ալբերտ Վարդանեանի, Էդգար Գրիգորեանի, Յարութիւն Կարապետեանի, Կարէն Բարսեղեանի, Մկրտիչ Մատթէոսեանի, Նորայր Կասպերի, Նւարդ Երկանեանի, Գուրգէն Գինոսեանի, ինչպէս նաեւ EksyLeathergoods-ի, Muscari Association-ի եւ  Family Care Foundation-ի (համատեղութեամբ)՝ ստեղծագործական նախագծերը։ Ցուցահանդէսի համադրողն է Աւետիք Վարդանեանը, պրոդիւսերները՝ Հրաչեայ Վարդանեանը, Անդրէա Միլսը եւ Բենեդետա Օմբրոնին։

«Պատմութեան ընթացքում, մարդկութիւնը ձգտել է հասկանալ ժամանակի ֆենոմենը եւ կանխատեսել ապագան աշխարհաճանաչողութեամբ, ծիսական արարողակարգերի ու աստղադիտումնների միջոցով։ Սա յանգեցրեց օրացոյցների ստեղծմանը, որոնք ժամանակին կրում էին խորը ոգեղէն ու մշակութային նշանակութիւն։ Այս հնագոյն արտեֆակտները աւելին էին, քան ունեն ժամանակակից օրացոյցները, սրանք ժամանակի ճանաչման սրբազան քրատէզներ էին, նախատեսւած հասկանալ այն «․․․ ինչ եղել է, կայ ու դեռ պիտի գայ»: Իւրաքանչիւր արւեստի գործ, որ ստեղծւել է համընդհանուր ժամանակային տարածութեան մէջ, դեր է խաղում ապագայի ձեւաւորման վրայ։ Այն դառնում է անցեալը, ներկան ու ապագան կապող օղակ։

Ստեղծագործութիւնները օգնում են մեզ աւելի լաւ ճանաչել մեր սեփական ժամանակը, հնարաւորութիւն տալով վերանայել անցեալը, գնահատել ներկան եւ կանխատեսել ապագան»,- ցուցահանդէսի մասին նշում են Աւետիք եւ Հրաչեայ Վարդանեանները։ Նշենք, որ այն արդէն իսկ մեծ հետաքրքրութիւն է առաջացրել քաղաքում։

Ցուցահանդէսը GALIQUE Art Space-ի, ArtInsight հարթակի, BLUE X-ի եւ BLOOM ROOM Laboratory-ի համագործակցութեան արդիւնքն է։ Յաւելենք, որ ցուցահանդէսը կը տեւի մէկ ամսից աւելի։ 

Related Articles

Back to top button