Հայաստան - ԱրցախՄշակութային

Ճանաչենք Հայոց աշխարհը

Սերս գիւղ Հայաստանի Վայոց ձորի մարզում՝ հայ-ադրբեջանական շփման գծի հարեւանութեամբ։ Գտնւում է մարզկենտրոնից 36 կմ հարաւ-արեւելք։

Սերսի մշտական բնակչութիւնը կազմում է 189 մարդ։ Բնակիչները հայեր են, որոնց նախնիների մի մասը 1828–1829 թթ. գաղթել է Սալմաստի գիւղերից։

Բնակչութիւնը զբաղւում է անասնապահութեամբ, հացահատիկի, ծխախոտի եւ կերային կուլտուրաների մշակութեամբ։

Գիւղը գտնւում է ծովի մակերեւոյթից 2050 մ բարձրութեան վրայ։

 

«Պատմութիւն»

Սերսն ունի հին եւ վաղեմի պատմութիւն։ Հիմնադրման տարեթիւը անյայտ է։ Գիւղը պատկանում է պատմական Հայաստանի Սիւնիք նահանգին։ Պահպանւել է գիւղի եկեղեցին, որի հիմնադրման տարեթիւը յայտնի չէ, սակայն վերանորոգւել է 1525 թւականին։

1604 թւականին գիւղի բնակիչները գաղթեցւել են Շահ Աբբասի կողմից։ Սերսը վերաբնակեցւել է 1828 թւականին, երբ մեր պապերը գաղթեցին պատմական Հայաստանի Սալմաստ գաւառի Սաֆրա գիւղից։ Գիւղի անունը՝ «Սերս», նրանք բերել են իրենց հետ՝ հաւանաբար փորձելով յիշել նախկին գիւղը։

Սերսը անմասն չի մնացել 1918-1920 թթ. հայ-թուրքական բախումներից՝ տալով բազում զոհեր եւ ծնելով նորանոր հերոսներ։ Երկրորդ աշխարհամարտի տարիներին ռազմաճակատ է զօրակոչւել 106 սերսեցի, որոնցից վերադարձել են միայն 53-ը։

Սերսը, լինելով սահմանամերձ գիւղ, 1988-1994 թթ. կրկին յայտնւել է պատերազմական իրավիճակում, սակայն իր բնակիչների վճռականութեան շնորհիւ դարձել է անխոցելի մի ամրոց։

 

«Պատմամշակութային կառոյցներ»

Սերսում պահպանւել են հետեւեալ պատմամշակութային կառոյցները՝

«Մեծ Վանք» (Սուրբ Յովհաննէս, XIX դար), Եկեղեցի՝ XVII դարից, «Թուխ Մանուկ» մատուռ (XVII դար), որը գտնւում է գիւղից 1.5 կմ հարաւ-արեւմուտք, Խաչքարեր։

Սերս գիւղի պատմութեան եւ մշակոյթի յուշարձանների ցանկում ներառւած է ընդամենը 20 յուշարձան (5 միաւոր)։

 

Վայոց Ձորի Սերս գիւղի Սուրբ Յովհաննէս մատուռը կամ Մեծ Վանքը

«Մեծ Վանք» կամ «Սուրբ Յովհաննէս» կոչւող մատուռը հիմնադրւել է 19-րդ դարի երկրորդ քառորդին։ Տեղացիների վկայութեամբ՝ մատուռի տարածքում նախկինում եղել են քարեդարեան մշակոյթի նմուշներ, որոնք յիշեցրել են սիւնազարդ տաճար։ Այդ նմուշները վերացւել են խորհրդային տարիներին։

Սակայն մինչ այդ Սուրբ Յովհաննէսը գիւղացիների համար եղել է գլխաւոր սրբատեղիներից մէկը, ուր նրանք ուխտի են եկել յատկապէս տաղաւար տօներին։

Հայաստանի անկախութեան հռչակումից յետոյ գիւղում ձեւաւորւեց իւրայատուկ աւանդոյթ։ Նախիջեւանի սահմանին մարտական հերթապահութիւն իրականացնող զինւորական ստորաբաժանումները, դիրքեր բարձրանալուց առաջ լինում են Սուրբ Յովհաննէս մատուռում` ստանալով մատուռի սուրբ օրհնութիւնն ու զօրութիւնը բարձրանում են մարտական հերթպահութեան:

Նիւթը տրամադրել է՝ ՍՕՍԷ ԽՈՒԴԱՎԵՐԴԵԱՆԸ

Related Articles

Back to top button