Հարցազրոյց

Հռիփսիմէ Վարդանեան. «Արւեստի ցանկացած ժամանակաշրջան կրկին առաջ է մղել Նորը»

ՀՀ ԵՊՀ Պատմութեան ֆակուլտետի Հայ արւեստի պատմութեան եւ տեսութեան ամբիոնի դասախօս, արւեստագիտութեան թեկնածու Հռիփսիմէ Վարդանեանը ծնւել է Երեւանում, 1981 թւականին, աւարտել է Երեւանի պետական մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետը: 1998-2007 թթ. աշխատել է հեռուստատեսութիւնում, նախ Հայաստանի Հանրային հեռուստատեսութիւնում, «Մայրաքաղաք», «Կարօտ» եւ «Առաջին ծրագիր» հաղորդումներում իբրեւ լրագրող-մեկնաբան, ապա «Երկիր Մեդիա» հեռուստաընկերութիւնում «Երկրի առաւօտը» ծրագրի մեկնաբան, իսկ յետոյ՝ «Միաշաբթի» եւ «Եւս մէկ հատոր» հեղինակային հաղորդաշարերի մեկնաբան եւ ղեկավար։

2010 թ.-ից դասաւանդում է Երեւանի Պետական համալսարանի Արւեստի պատմութեան եւ տեսութեան ամբիոնում, հայ եւ համաշխարհային կերպարւեստի պատմութիւն։

2014 թ. ՀՀ ԳԱԱ Արւեստի ինստիտուտում պաշտպանել է ատենախօսութիւն «Ռուդոլֆ Խաչատրեանի արւեստը» թեմայով եւ ստացել արւեստագիտութեան թեկնածուի աստիճան/գիտական կոչում։

2024 թւականին հրապարակւած «Միքայէլ, Սերգէյ եւ Ռուբէն. Արուտչեանների տոհմը» նրա հեղինակային յօդւածը արժանացել է ՀՀ ԳԱԱ Արւեստի ինստիտուտի «Ռոլսին» արւեստի հանդէսի «վերարժեւորում» նախագծի մրցանակին:

Մասնակցել է Գիտական միջազգային մի շարք գիտաժողովների:

Մի քանի տասնեակ գիտական եւ հանրամատչելի յօդւածների եւ ալբոմների նախաբանների հեղինակ է:

Ունեցել է արւեստին նւիրւած բազմաթիւ զեկուցումներ, նաեւ հեռուստադասախօսութիւններ, դասախօսութիւններ Ռուսաստանի Դաշնութիւնում։

 

Ի՞նչ դեր է կատարում հայ արւեստը՝ որպէս ազգային ինքնութեան եւ հոգեւոր զարթօնքի շարժիչ ուժ, յատկապէս քաղաքական, սոցիալական կամ մշակութային ճնշումների պայմաններում։

– Հայ արւեստը մշտապէս պատմականօրէն եղել է ազգային ինքնութեան պահպանման, արտայայտման, վերածննդի գլխաւոր շարժիչ ուժերից մէկը, նաեւ՝ հայ լինելու գիտակցութեան կրողը, յատկապէս այն ժամանակներում, երբ հայ ժողովուրդը ենթարկւել է քաղաքական, սոցիալական կամ մշակութային ճնշումների։ Արւեստն իր բոլոր դրսեւորումներում եւ տարբեր ճիւղերում փոխանցել է բանաձեւեր լեզու եւ հաւատքի գաղափարներ՝ միաւորելով ժողովրդին ինքնութեան, արմատների եւ ազգային բարոյական արժեհամակարգի շուրջ։ Տարբեր ժամանակաշրջաններում հայ արւեստը հանդէս է եկել որպէս հոգեւոր ազատութեան եւ կրօնական ճնշումներին դիմադրութեան ձեւ. մասնաւորապէս, միջնադարեան ձեռագրերը ունենալով կրօնական բնոյթ՝ նաեւ ազգային յիշողութեան պահապաններ էին։ Միաժամանակ, նաեւ արւեստով են ազդարարւել մշակութային զարթօնքն ու հոգեւոր, ազգային վերածնունդը, ազատագրական եւ լուսաւորչական գաղափարները Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս։ Ուզում եմ ընդգծել մեր գաղթօջախների՝ յատկապէս մահմեդական երկրների արւեստը։  Գաղափարական սահմանափակումների պայմաններում նրանք կարողացել են պահպանել ազգային դիմագիծը, մտածողութիւնը եւ ամենակարեւորը՝ ինքնութիւնն ու կրօնը։ Ցեղասպանութեան տարիներին հայ արւեստը դարձել է պատմական յիշողութեան պահապան եւ ցեղասպանութեան, գաղթի, բռնաճնշումների վաւերագիր։ Այդ յիշողութիւնը փոխանցելով սերունդներին՝ արւեստը նպաստել է ինքնութեան շարունակականութեանը։ Հայ արւեստը չի եղել միայն գեղագիտական երեւոյթ. այն ազգային գոյութեան եւ հոգեւոր վերապրման միջոց է, միաժամանակ՝ անցեալի յիշողութիւն, ներկայի ձայն, ապագայի հաւատ եւ քաղաքական, սոցիալական տարբեր շրջափակումների պայմաններում ժողովրդի ոգին միաւորող ուժ։

Ինչպէ՞ս է հայ արւեստը (երաժշտութիւն, կերպարւեստ, կինօ, թատրոն եւ այլն) կարող պահպանել հաւասարակշռութիւն ազգային աւանդոյթների եւ ժամանակակից համաշխարհային միտումների միջեւ։

– Հայ արւեստը՝ իր բոլոր դրսեւորումներով (երաժշտութիւն, կերպարւեստ, ճարտարապետութիւն կինօ, թատրոն եւ այլն) կարողացել է պահպանել հաւասարակշռութիւն ազգային աւանդոյթների եւ ժամանակակից համաշխարհային միտումների միջեւ շնորհիւ իր ինքնատիպ ստեղծագործական մտածողութեան եւ պատմական գիտակցութեան։ Հայ ստեղծագործողները, անգամ ներգրաււած լինելով համաշխարհային մշակութային հոսքերի մէջ, երբեւէ չեն հրաժարւել իրենց ազգային արմատներից (Արշիլ Գորկի, Ժանսեմ, Գառզու եւ այլն)։

Հեղինակները կրելով անցեալի յիշողութիւնը, ընդունել են նոր մարտահրաւէրներ՝ փոխանցելու համար ազգային բովանդակութիւնը։ Այս ամէնում շատ կարեւոր է միջմշակութային երկխօսութիւնը։ Հայ արւեստագէտները յաճախ ներկայացնում են իրենց գործերը միջազգային հարթակներում՝ ընդգծելով, որ հայկականը կարող է լինել համաշխարհայինի մի մաս։ Ժամանակակից արւեստը պէտք է վերաիմաստաւորի աւանդոյթը։  Չհակադրելով անցեալն ու ներկան, ստեղծի շարունակականութեան դինամիկ դաշտ, որտեղ աւանդոյթը կը հանդիսանայ իբրեւ նորարարութեան հիմք, իսկ համաշխարհային միտումները ազգային մշակոյթի վերարժեւորման հնարաւորութիւն՝ դառնալով արմատներով հին, բայց հոգով արդիական։

Ինչպիսի՞ ուղիներով կարող է հայկական աւանդական արւեստը միաւորւել նորարարական մօտեցումների հետ՝ առանց կորցնելու իր բնորոշ ոճն ու ինքնատիպ դիմագիծը։

– Հայկական աւանդական արւեստի եւ նորարարական մօտեցումների միաւորումը հնարաւոր է միայն այն դէպքում, երբ պահպանւում է հայ մշակոյթի ներքին ոգին, արժէքային բովանդակութիւնը եւ նորարարութիւնը դառնում է դրանց արդի ձեւակերպման միջոց։ Հայկական աւանդական արւեստը կարող է միաւորւել նորարարական մօտեցումների հետ այն դէպքում, երբ նորարարութիւնը ծառայում է ազգային ոճի խորացմանը, ոչ թէ նրան փոխարինելուն։ Աւանդոյթը պէտք է ընկալւի ոչ թէ որպէս սահմանափակում, այլ որպէս արարողական պաշար, որը ժամանանակից մտածողութիւնը կարող է վերածել նոր ձեւերի՝ պահպանելով հայկական ինքնատիպ դիմագիծը։

Ինչպէ՞ս կարելի է կրթական համակարգում եւ հանրային մշակութային կեանքում ձեւաւորել նոր սերունդ, որը գնահատում է հայկական արւեստը, բայց միաժամանակ ունի ժամանակակից ստեղծագործական մտածողութիւն։

– Շատ տեղին եւ խորքային հարց է, ցաւօք, նաեւ՝ խոցելի։ Այն վերաբերում է ոչ միայն արւեստի, այլեւ ազգային մշակութային քաղաքականութեան եւ կրթութեան ռազմավարական խնդիրներին։ Կարծում եմ, մինչ կրթական համակարգին անցնելը պէտք է սկսել նախ աւելի աւագ սերնդից։ Ցաւօք, այսօր ողջ աշխարհում գերիշխում է նիւթականը եւ մարդիկ շատ են հեռացել հոգեւորից։ Առանց հոգեւորի անհնար է գիտակցել արւեստի կարեւորութիւնը։ Ինչպէս ես յաճախ նշում եմ՝ արւեստի պատմութիւնը, դա նախեւառաջ մարդկութեան պատմութիւնն է։ Հայ արւեստի պատմութիւնը դա հայ ժողովրդի պատմութիւնն է, եւ այն խարիսխը, որի վրայ պէտք է հիմնւի մեր ապագան։ Նախ, կիրթ եւ գիտակից հասարակութիւնը ձեւաւորւում է մարդու ծնունդից ի վեր, ե՛ւ ընտանիքը, միջավայրը մեծ դերակատարութիւն ունեն այդտեղ։ Շատ եմ կարեւորում դեռեւս մանկութիւնից երեխաներին արւեստի (ոչ միայն հայկական) միջավայրում դաստիարակելը. այն պէտք է լինի կենսաձեւ՝ գրականութիւնը, երաժշտութիւնը, կերպարւեստը պէտք է լինեն նրանց մշտական առօրեայ ուղեկիցները։ Կարեւոր է, որ երեխան փոքրուց շփւի գեղեցիկի հետ, իսկ կրթական համակարգը լինի դրա շարունակութիւնը։ Նաեւ անհրաժեշտ է երեխաներին, հասարակութեանը ծանօթացնել հայ արւեստի եւ մշակոյթի հետ։ Եւ այդ ժամանակ, ուսանողը, ուսումնական որեւէ հաստատատութիւն ընդունւելիս, կունենայ գոնէ բաւարար գիտելիքներ։ Ցաւալիօրէն, մեզանում բաւարար չափով ծանօթ չեն տարբեր ժամանակաշրջաններում ստեղծագործած հայ անւանի ու վաստակաշատ արւեստագէտներին։ Կան մի քանի անուններ, որոնցով սահմանափակւում է հայ արւեստի մասին պատկերացումը, սակայն մենք ունեցել ենք եւ ունենք աշխարհում մրցունակ շատ տաղանդաւոր ստեղծագործողներ։ Ժամանակակից ստեղծագործութիւն ունենալու համար, նախ եւ առաջ պէտք է լաւ իմանալ մեր անցեալը եւ այդ հարուստ աւանդոյթների վրայ արդէն մանրահատիկներով հաւաքել ու կառուցել մեր ապագան։ Պէտք է ընդգծել, որ հայ արւեստը, ինչպէս անցեալում, այնպէս էլ այսօր, համամարդկային մշակոյթի մի մասն է, այլ ոչ մեկուսացած երեւոյթ։ Նաեւ այստեղ շատ եմ կարեւորում արւեստի հանրահռչակումը թէ՛ հրապարակումներով, թէ՛ գիտաժողովներով, թէ՛ միջազգային համատեղ ծրագրերով։ Կարեւոր է նաեւ, որ այն դուրս գայ նաեւ զուտ միայն գիտական շրջանակից եւ ընդգրկի մեդիա դաշտը, առցանց հարթակները։ Այսօր Հայաստանում հրատարակւում է ՀՀ ԳԱԱ Արւեստի Ինստիտուտի «Ռոսլին» արւեստի գիտահանրամատչելի հանդէսը, որը խօսում եւ պատմում է մեր կողքին ապրող տաղանդաշատ արւեստագէտների մասին։ Մեր ստեղծագործողների հանրահռչակումը միտւած կը լինի ոչ միայն հայ արւեստի զարգացմանն ու հանրահռչակմանը, այլեւ՝ մեր հայրենիքի։ Նաեւ երիտասարդներին պէտք է ծանօթացնել մեր կողքին ապրող տաղանդաւոր հայ արւեստագէտների հետ։ Ես ինքս իմ ՝ ԵՊՀ Պատմութեան ֆակուլտետի հայ արւեստի պատմութեան եւ տեսութեան ամբիոնի ուսանողներին մշտապէս ծանօթացնում եւ հանդիպումներ եմ կազմակերպում մեր ժամանակակից հայ արւեստագէտների հետ նրանց  իսկ արւեստանոցներում։ Ուսանողները ծանօթանում են աշխատապրոցեսին։ Արւեստը եւ ստեղծագործողը չպէտք է լինեն անհասանելի, եւ կենդանի շփումը նրանց հետ, զրոյցներն ու քննարկումները առաւել մերձեցնում են հասարակութիւն եւ արւեստ կապը։ Պատմութեան ֆակուլտետի Հայ Արւեստի պատմութեան եւ տեսութեան ամբիոնը ուսանողների համար կազմակերպում է դասախօսութիւններ տարբեր բնագաւառների արւեստագէտների հետ։ Վերոշարադրեալը փոքրիկ քայլեր են՝ ուղղւած սերունդների երկխօսութեանը, հայ արւեստի արժեհամակարգի գնահատմանը եւ ժամանակակից մօտեցման ձեւաւորմանը։

Ինչպէ՞ս է հնարաւոր խրախուսել երիտասարդ հայ արւեստագէտներին, որոնք համադրում են համաշխարհային ազդեցութիւններն ու հայկական մշակութային խորհրդանիշները։ Արդեօ՞ք դա կարող է նոր որակ բերել ազգային արւեստին։

– Նորարարութեան նկատմամբ մշտապէս պէտք է լինի վստահութիւն եւ աջակցութիւն։ Երիտասարդ արւեստագէտներին պէտք է  հնարաւորութիւն տալ ազատ ստեղծագործելու։ Ազգային եւ հայկական մշակութային խորհրդանիշը բնաւ արդէն  ասւածի մասին խօսելը չէ։ Արւեստը եւ առհասարակ կեանքը իր բոլոր դրսեւորումներում եւ ուղղութիւններում մշտապէս առաջ է մղում որեւէ նորը։ Արւեստի ցանկացած ժամանակաշրջան կրկին առաջ է մղել Նորը։ Միայն նոր ասելիքով կարելի է առաջ ընթանալ։ Բազմաթիւ են համաշխարհային պատմութեան մէջ անհատները, ովքեր իրենց ուրոյն ձեռագրով առաջ են մղել թէ՛ արւեստը, թէ՛ գիտութիւնը, եւ իրենց ժամանակում միշտ չէ, որ ընդունւած են եղել։ Սակայն փաստ է, որ այդ խիզախումներն են եղել բեկումնային։ Այո՛, պէտք է խիզախել։ Արւեստում բոլոր նոր ուղղութիւնները, «իզմերը» ոչ միայն չեն հասկացւել ժամանակակիցների կողմից, այլեւ իսպառ մերժւել են։ Միաժամանակ պէտք է նշել, որ այդ խիզախումները պէտք է լինեն արդարացւած եւ ճշմարիտ։ Այսօր արւեստում կան շատ «խիզախումներ» եւ «նորարարութիւններ», որոնք արւում են զուտ անւան շուրջ աղմուկ բարձրացնելու համար եւ անգամ հեռահար աղերս իսկ չունեն արւեստի և կամ ստեղծագործողի ներքին, հոգեւոր աշխարհի, նրա ապրումների հետ։ Այո՛, կարելի է համադրել ժամանակակիցը, այն, ինչը շրջապատում է մեզ, քանի որ արւեստագէտը չի կարող անհաղորդ մնալ իր շուրջ կատարւողին։ Արւեստում լաւագոյն գլուխգործոցներն ստեղծւել են հէնց իրականութեան արտացոլման միտումով կամ ընդհակառակը՝ իրականութիւնից փախչելու եւ այն մոռանալու ձգտմամբ։ Նաեւ պէտք է յիշել, որ լաւագոյն ազգային արժէքները շատ յաճախ ստեղծւել են հայրենիքից դուրս՝ կրելով մշակութային խաչմերուկների ազդեցութիւնը։

Կարո՞ղ է հայկական արւեստը ծառայել որպէս միջազգային մշակութային կամ նոյնիսկ քաղաքական հարթակ՝ ներկայացնելու Հայաստանի ազգային շահերը եւ ձայնը համաշխարհային մակարդակով։

– Այո, անշուշտ։ Կրկնեմ. հայկական արւեստն ունի հանրահռչակման կարիք։ Կարեւոր է, որպէսզի հայ արւեստագէտն իրեն ապահով եւ կայուն զգայ։ Հայ արւեստը մշտապէս եղել է մրցունակ եւ սրանք վերամբարձ խօսքեր չեն, մենք չենք ճանաչում մեր արւեստը։ Այսօր ուսանողները ծանօթանալով տարբեր ժամանակների տաղանդաւոր արւեստագէտների հետ, որոնք ցաւօք հանրահռչակւած չեն, զարմանք են ապրում, որ մինչ այս նրանց ծանօթ չեն եղել այդ անունները։ Մենք ունեցել ենք նկարիչների տոհմեր, որոնք մի քանի սերունդներ ստեղծագործել են (Յովնաթանեաններ, Բաժբեուկ-Մելիքեաններ,  Էլիբեկեաններ, Արուտչեաններ եւ այլոք) եւ ունեցել ենք աշխարհում յայտնի, բայց ոչ մեր կողմից հանրահռչակւած անհատներ։ Հաւատացէք շատերը չեն կարող պարծենալ նման արժէքներով։ Սակայն բաւարար չենք խօսել, չենք ներկայացրել, չենք հանրահռչակել։ Արւեստը, ինչպէս մշակոյթի, աւանդոյթների եւ ազգային ինքնութեան դիմագիծ կարող է ծառայել որպէս միջազգային մշակութային եւ անգամ քաղաքական հարթակ։ Հայաստանի,  Սփիւռքի, մեր գաղթօջախների արւեստը ոչ միայն հարուստ է, այլեւ, ինչպէս նշեցինք, յաճախ ստեղծւել է մշակութային խաչմերուկներում, դրանով առաւել հարստացնելով այն։ Իւրաքանչիւր երկրի արւեստ նման է իր ժողովրդին եւ նրա խառնւածքի կրողն է։

Ինչպէ՞ս կարող են Հայաստանի եւ Սփիւռքի արւեստի ինստիտուտները համատեղ ծրագրերով բացայայտել եւ զարգացնել սփիւռքահայ ստեղծագործողների պոտենցիալը՝ նպաստելով մշակութային միասնութեանը։

– Այս հարցը, կարծում եմ, մեր նախորդի շարունակութիւնն է։ Նախ պէտք է ուսումնասիրել Սփիւռքում, գաղթօջախներում ունեցած մեր ժառանգութիւնը, որը ցաւօք, այնքան էլ հեշտ չէ, քանի որ արւեստի բազմաթիւ արժէքաւոր նմուշներ կորսւել են, անհետացել եւ մենք չունենք ոչ մի տեղեկութիւն վերջինների մասին։ Սակայն մեր կարեւորագոյն առաքելութիւնն է պահպանել արդէն ստեղծւածը, թէ՛ հայրենիքում, եւ թէ՛ նրա սահմաններից դուրս։

Այս առումով մեծ առաքելութիւն ունի եւ պատւով իրականացնում է ԳԱԱ Արւեստի Ինստիտուտը եւ նրա տնօրէն արւեստագիտութեան դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրեանը։ Մշտապէս կազմակերպւող միջազգային գիտաժողովների առանցքում, որոնց մասնակցում են Հայաստանից, Սփիւռքից եւ աշխարհի տարբեր երկրներից գիտնականներ եւ հետազօտողներ, հայ արւեստն է իր յայտնի եւ անյայտ էջերով։ Այս ամէնը հնարաւորութիւն է ոչ միայն վերյիշել անցեալը, այլեւ բացայայտել նրա բազմաթիւ անծանօթ էջերը։ Սրանք, կարծում եմ, քայլեր են ուղւած Հայաստանի եւ Սփիւռքի միասնութեանը։

Կա՞յ արդեօք չիրացւած համագործակցութեան ներուժ Սփիւռքեան եւ հայկական արւեստի կազմակերպութիւնների միջեւ, եւ ի՞նչ գործնական քայլեր են անհրաժեշտ այդ կապերը ամրապնդելու ու միասնական մշակութային դաշտ ձեւաւորելու համար։

– Թէեւ վերջին տասնամեակներում եղել են բազմաթիւ համագործակցութիւններ հայկական եւ Սփիւռքեան արւեստի կազմակերպութիւնների միջեւ, այդուհանդերձ առկայ է դեռեւս չիրացւած զգալի ներուժ։ Գոյութիւն ունեցող կապերը յաճախ կրում են անհատական կամ ոչ պաշտօնական բնոյթ, ինչի հետեւանքով բաց են մնում համակարգւած փոխազդեցութեան եւ համատեղ ծրագրերի իրականացման հնարաւորութիւնները։ Միասնական մշակութային դաշտ ձեւաւորելու համար անհրաժեշտ է մշակել շարունակական համագործակցութեան ինստիտուցիոնալ հիմքեր՝ ստեղծելով համահայկական արւեստի ցանցեր, համատեղ հետազօտական եւ կրթական ծրագրեր, նաեւ թւային հարթակներ, որոնք կապահովեն մշտական հաղորդակցութիւն արւեստագէտների եւ կազմակերպութիւնների միջեւ։ Յատկապէս նշանակալի կը լինի համատեղ ցուցահանդէսների, փառատօնների եւ երիտասարդ արւեստագէտների փոխանակման նախաձեռնութիւնների զարգացումը։ Այդ ամէնը կը նպաստի ոչ միայն ստեղծագործական փորձի փոխանակմանը, այլեւ՝ ժամանակակից հայ մշակոյթի  գլոբալ ճանաչմանը։ Այս ուղղութեամբ անհրաժեշտ է պետական եւ Սփիւռքեան կառոյցների միջեւ նպատակային համակարգում, որը կը ձեւաւորի համահայկական մշակութային ռազմավարութեան ամուր հիմքեր։

Հարցազրոյցը՝ ՍԻՒՆԷ ՖԱՐՄԱՆԵԱՆԻ

 

Related Articles

Back to top button