ՀարցազրոյցՄարզականՍփիւռք

6000 կմ. թափանցիկ անիւների վրայ

Զրոյց՝ հեծանւով Գերմանիայից Հայաստան հասած եւ այժմ էլ Պարսից ծոցի ճանապարհը չափող Դանիէլ Սադոյեանի հետ

Հատիս- Չգիտեմ ինչքանով է պէտք կարեւորութիւն տալ հեծանւատուրիզմը տեսակաւորելու մասին եղած պնդումներին: Մի մասի կարծիքով պիտի համարել մարզաձեւ, իսկ միւս հատւածը՝ զբօսաշրջութեան տեսակ: Սակայն, տեսքից մարզաձեւ յիշեցնող, բայց էութեամբ ճամբորդելու նպատակներ հետապնդող այսօրինակ հեծանւարշաւի համար կայ բառային լուծում՝ էկոտուրիզմ:

Սա որպէս խնդիր գաղափարական դաշտ տեղափոխւելու մեծ կարողութիւն ունի, ինչը շրջանցելով միանգամից նշենք, որ «ԱԼԻՔ»-ին, որպէս այդպիսին, կարող էր տրամաբանօրէն հետաքրքրել, եթէ առնչակից լինէր հայկականութեան հետ:

Միանգամից նշենք, որ վերջերս Թեհրան էր ժամանել գերմանահայ երիտասարդ ճանապարհորդ Դանիէլ Սադոյեանը, ով չորս ամսւայ ընթացքում շուրջ 6000 կմ. կտրելով Գերմանիայից հասել է Իրան:

Թեհրանի Կենտրոն համայնքի հիւրանոցներից մէկում էինք ժամադրւել հանդիպման համար: Դանիէլն աւելի փոքրամարմին թւաց սպասածից, չնայած թեթեւ հագուկապն ընդգծել էր ճկուն կազմւածքը: 23-ամեայ այս երիտասարդ հայը, ամէն մի հարցին պատասխանելիս կարծես ճանապարհի թեքութիւնն ու երկարութիւնը չափելիս լինի: Մի պահ դանդաղում է, ոչ մի բանին նայելու պէս նայում է դիմաց, ու նոյն տեմպով պատասխանում հարցին: Մէկ մէկ էլ յետ նայելու պէս անցնում է տւածդ նախորդ հարցին: Ճանապարհն իր հետքն է թողել Դանիէլի գլխին:

Թեհրան է հասել պառլամենտական ընտրութիւնների օրը: Ու մտածում ես լաւ կը լինէր, եթէ հեծընկերներով նրան դիմաւորելու լինէիք մայրաքաղաքի մուտքի մօտ՝ Ազադի յուշարձանի մօտ լուսանկարւելով: Այնուամենայնիւ դա գուցէ միայն տպաւորիչ էր լինելու մեզ համար, բայց ոչ Դանիէլի, ով ճանապարհի իւրաքանչիւր քայլափոխին տեղացիների աչքին տեսարժան վայրի դերում է յայտնւել նաեւ ինքը:

Հետաքրքրութիւնդ չես զսպում, չտեսի նման ուզում ես առաջինը շօշափել Դանիէլին այստեղ բերած հեծանիւը: Գերմանական է: Ամէն ինչ ասւած է սրանով: Անթերի նժոյգ: Ճանապարհի փոշին մաշել տարել է փայլը: Երկաթն իր քաշն է յիշեցնում, երբ փորձում ես ձեռքով ստուգել: Իսկը դարուփոս գցելու… Ժպտալով համաձայնում է այն մտքին, որ ալումինը կարող է չդիմանալ ու կոտրւել, իսկ այդ դէպքում ամէն բան ձախողւած է…

Մեր զրոյցի յաջորդ առաւօտ, Դանիէլն արդէն դուրս էր գալու դէպի Ղոմ, ապա Իրանի հարաւային շրջաններ:

Հարց- Ճանապարհը կարող է տաշելով յղկել ու փոխել մարդու տեսակը: Վատ չէր լինի, եթէ նախքան զրոյցի տաքանալը ներկայացնէիր այն Դանիէլ Սադոյեանին, ով դեռ նման ճանապարհ չէր կտրել:

Դանիէլ- Նոյն մարդը լինեմ ոնց որ: Իհարկէ, ինչքան ասես ինքս ինձ հետ խօսել եմ ու լսել չասւած մտքերս: Իսկ թէ ով է Դանիէլն ասեմ, որ խառն է մի քիչ իմ պատմութիւնը: Ծնւել եմ Ռուսաստանում, 7 տարի անց ընտանիքիս հետ տեղափոխւել եմ Հայաստան: Երեւանում եմ դպրոց գնացել: Ապա 6 տարի անց ընտանիքս որոշեց տեղափոխւել Գերմանիա: Այնտեղ շարունակեցի կրթութիւնս, ապա համալսարան, աշխատանք եւ այլն…

Հարց- Հեծանւով հետաքրքրւելու մասին պատմէք:

Դանիէլ- Գերմանիայում դա սովորական փոխադրամիջոց է: Չէի ասի բոլորն են հեծանիւ վարում, բայց քչերն են սեփական մեքենաներով աշխատանքի գնում: Հեծանիւն այնտեղ կարեւոր դեր է զբաղեցնում քաղաքային երթեւեկութեան մէջ: Միշտ եմ վարել, բայց երբեւէ պրոֆեսիոնալ հեծանւորդ չեմ եղել, որպէս մարզաձեւ նկատի ունեմ:

Հարց- Իսկ հեծանւով ճանապարհորդելու մասին…

Դանիէլ- Ինտերնետում տեսնում ու հետեւում էի հեծանւային տուրիզմի հետ կապւած իւրաքանչիւր պատմութիւն: Առաջին հայեացքից սիրոյ պէս գերեց ինձ: Մտածում էի պէտք է պատմութեան գիրկն ընկնել:

Հարց- Քանի՞ ամիս է ճանապարհին էք:

Դանիէլ- Չորս:

Հարց- Գիտէի՞ք, որ ձմռանն էք հասնելու Սիւնիքի լեռնանցք:

Դանիէլ- Գերմանիայի կեանքը քեզ պատրաստում է ամէն ինչ հաշւարկել սանտիմետրերի ճշգրտութեամբ: Դա անում ես քեզանից անկախ: Ծրագրել էի Նոր տարին անցկացնել Երեւանում: Այդպէս էլ եղաւ: Ժամանակին հասայ Երեւան: Այնտեղ հարազատներ ունեմ: Տօնական օրերին լաւ հանգստացայ, շատ լաւ ժամանակ անցկացրի բարեկամներիս կողքին: Այդքան ժամանակ հարազատներ ու բարեկամներից հեռու մնալուց յետոյ, նրանց հետ հանդիպելն ու ժամանակ անցկացնելը այլ երանգ է տալիս կեանքիդ: Տեսնում ես այն ջերմութիւնը, որը սովորական դարձած հանդիպումների ժամանակ մնում է աննկատ:

Հարց- Մինչեւ Իրան հասնելը շնչակտուր դարձնող Սիւնիքի լեռնանցքը պիտի յաղթահարէիք: Այդ էլ ձմռան ամենաթէժ օրերին:

Դանիէլ- Ճանապարհի քաղցրութիւնը նման բացայայտումների մէջ է նաեւ: Հասկանում ես, որ ցուրտ եղանակին թեքութիւն կտրելը ջերմացնող է: Վարում ես ու տաքանում:

Հարց- Ինչքա՞ն էր քաշը. հեծանիւն ու ուղեբեռը:

Դանիէլ- Մօտ 30 կգ. բեռնւած պայուսակներն կշռւում, հեծանիւն ու ինքս էլ հաշւած:

Հարց- Հեծանի՞ւը…

Դանիէլ- 16 կգ.:

Հարց- (Աչքերով կազմւածքն եմ չափում, հազիւ 170 կը տաս)…

Դանիէլ- Ինքս էլ 70 կգ.:

Հարց- Գիշերակացով անտառ ու լեռներ դուրս գալը… վտանագաւոր չէ՞ր:

Դանիէլ- Սովորաբար վրանում եմ գիշերում: Իսկ քաղաք հասնելիս մէկ-մէկ էլ հիւրանոց ու հոստել եմ գնում: Բայց, որ մանրուքների վրայ շատ խորանանք՝ նոյնիսկ փողոց դուրս չենք գայ, որ բան չպատահի: Անտառներում էլ փորձում էի ցիւիլիզացիային մօտ լինել, քաղաքներին, գիւղերին: Որը կենդանական աշխարհը տանել չի կարողանում:

Հարց- Ո՞ր երկրներից էք անցել մինչեւ Իրան հասնելը:

Դանիէլ- Գերմանիան չհաշւած՝ Աւստրիա, Ռումինիա, Հունգարիա, Բուլղարիա, Յունաստան, Թուրքիա, Վրաստան եւ Հայաստան: Այժմ էլ Իրանում եմ:

Հարց- Տրամաբանական շարունակութիւնը:

Դանիէլ- Թեհրանից առաջինը՝ գնալու եմ Սպահան: Իսկ մի քանի օր երեւի արժէ Նոր Ջուղայում մնալ: Աշխարհի պատմա-մշակութային հսկաներից է: Այնտեղից էլ Շիրազ: Երեւի այնտեղ էլ կարճատեւ կանգառ չի լինելու: Յետոյ Պարսից ծոց: Առայժմ պատկերացրածս վերջնակէտը Դուբայն է: Յետոյ կը որոշեմ Հնդկաստան թէ ի՞նչ:

Հարց- Չորս ամիս աշխատանքից հեռու:

Դանիէլ- Մինչեւ դուրս գալս ծանր ռեժիմով աշխատել եմ ու հաւաքել այն՝ ինչը պէտք էր նման ճանապարհորդութեան համար: Իսկ նման ճամբորդութեան այս տեսակը չնչին ծախսեր է ենթադրում: Օր կայ միայն հացի փող ես տալիս, օր էլ կայ՝ հիւրանոցի դիմաց ես վճարում: Բայց միջին հաշւով թեթեւ է նստում վրադ:

Հարց- Հեծանւատուրիզմին անհրաժեշտ պարագաներ ձեռք բերելն այնքան էլ էժան հաճոյք չէ: Ի՞նչ չափերով ծախսերի է նայում նման ուղեւորութիւնը:

Դանիէլ- Կարեւոր հարց է: Լաւ ասացւածք կայ. «Լաւ կօշիկները չեն, որ ճանապարհորդում են: Բայց ճանապարհորդելու համար լաւ կօշիկներ են պէտք»: Հեծանիւս գերմանական է: Թանկ հաճոյք է, բայց յարմարաւէտ հաճոյք է: Մնացած իրերն էլ ընտիր արտադրանք են, սկսած պայուսակներից, վերջացրած պահեստամասերով: Այնպէս, որ անսարքութեան բերումով ճանապարհին մնալն աւելի թանկ կը նստի քան մեկնարկելիս հաշւարկւած ծախսերը:

Հարց- Կայ որեւէ առի՞թ, ինչին կուզենայիք նւիրել այս ուղեւորութիւնը:

Դանիէլ- Չեմ էլ մտածել այդ մասին: Բայց վատ առաջարկ չէ:

Հարց- Այս պահին առաջին առիթը, որն անցաւ ձեր մտքով ո՞րն է:

Դանիէլ- Հնարաւոր է սոցիալական որեւէ խնդրի կամ շրջակայ միջավայրի…

Հարց- Քաղաքականութեան հետ ո՞նց էք: Ասենք՝ Արցախին:

Դանիէլ- Քաղաքականութիւնից շատ հեռու եմ: Արցախն աւելի մեծ հարց է, որին պէտք է ամէն առիթով ուշադրութիւն դարձնել:

Հարց- Ինչպէ՞ս տեսաք Իրանը:

Դանիէլ- Արեւելքի իսկական գոյնն է: Ջերմ են մարդիկ: Հիւրասէր: Իհարկէ տարօրինակութիւններով լի:

Հարց- Ընտանիքը ոնց ընդունեց, երբ տեղեկացրիք, որ գնում էք:

Դանիէլ- Իրա՞ն:

Հարց- Ե՛ւ Իրան գալու մասին, ե՛ւ առհասարակ հեծանւատուրիզմով զբաղւելու:

Դանիէլ- Գերմանիայում լաւ պատկերացում չկայ Իրանի մասին: Յատկապէս մամաս ասում էր՝ զգոյշ կը լինե՛ս: Չնայած բոլորովին այլ բան է տեսածս: Իհարկէ, փակ երկիր լինելու կողմն էլ է ակնյայտ:

Հարց- Ինտերնե՞տը նկատի ունէք:

Դանիէլ- Բարեբախտաբար հեռու եմ սոցիալական ցանցերի դաշտից: Ընդամէնը ինստագրամում կամ: Իմ ուղեւորութեան պատմութիւնն եմ տեղադրում: Ուղղակի համեմատում եմ եւրոպական կեանքի հետ:

Հարց- Հեծանւով ճամբորդելն արկածախնդրութի՞ւն է, թէ, ասենք, տողատակերում նպատակ կայ:

Դանիէլ- Չգիտեմ: Կարծում եմ դա միայն մեդիային ու լրագրողներին յատուկ գնահատական է: Ուղղակի որոշեցի ու դուրս եկայ:

Հարց- Այսօր ինչո՞վ է տարբերւում իմ դէմ նստած մարդն իր չորս ամիս առաջ ճանաչած Դանիէլից: Ճանապարհն ինչ-որ բան փոխե՞լ է:

Դանիէլ- Փոխել է: Էդ, որ հաստատ: Յատկապէս, երբ ճանապարհն է ու դու: Ինքը քեզ իր բռում է պահում: Դուրս գաս անհարթ է: Իր ասֆալտի վրայ էլ քաշտ ու ստւերդ ես շարունակ զգում: Ինքդ քեզ հետ առանձնանալու լաւ առիթ ես ունենում: Արեւի տակ եփւում ես: Ճանապարհը շատ բան ունի քեզ տալու: Հետաքրքիր բան կայ, այն, որ շատ յաճախ ազատ ժամանակ ինչ-որ բանով ես զբաղւում, որ մտածելու առիթ չունենաս: Իսկ հիմա հակառակն է: Շարունակ մտածում ես, որ ճանապարհի թեքութեան ու ուղեբեռիդ մասին մոռանաս:

Հարց- Ճանապարհին ձեզ տարբեր մարդիկ են տեսնում ու հանդիպում: Այստեղ տեղացիք ինչո՞վ են տարբերւում Արեւմուտքից:

Դանիէլ- Աւելի շատ զարմացած դէմքով են նայում: Լուռ են, բայց հասկանում ես, որ հազարաւոր հարցեր է ծագել գլխներում: Որոշ եւրոպական երկրներում էլ է այդպէս: Իրանում մի քանի անգամ տուն են հրաւիրել, կամ ճանապարհին որոշ դէպքերում մեքենաներն ուղեկցել են աւտոստոպով, որ ապահով անցնեմ: Մի անգամ էլ ոստիկանութիւնը փաստաթղթերս է ստուգել:

Հարց- Հարցնո՞ւմ են որտեղի՛ց էք: Կամ իմացե՞լ են հայ լինելու մասին: Օրինակ մեզ մօտ՝ Իրանում, հայերին յարգանքով են վերաբերւում:

Դանիէլ- Որ ասում ես Գերմանիայից ես աւելի հիւրասէր են դառնում: Գուցէ հայերին յաճախակի են հանդիպում, կամ հանդիպելու առիթը միշտ կայ ու մի տեսակ «մերոնք» էք համարւում նրանց աչքին:

Հարց- Գերմանիայում ինչպէ՞ս, հայերին գիտե՞ն: Իսկ հայերն ասելի՞ք ունեն արդիւնաբերութեան ոլորտներում, ինչպիսին Իրանում է:

Դանիէլ- Այնտեղ շատ արտասահմանցիներ ու գաղթականներ կան: Վերջերս էլ փախստականներն են աւելացել: Հայերն էլ թւով այնքան շատ չեն: Իսկ արդիւնաբերութեան հետ կապւած երեւի գերմանացիներին պէտք չէ այլոց պատմութիւնները: Նրանց դիմաց քչերն ասելու բան ունենան երեւի:

Հարց- Ապագան, որպէս Գերմանիայում մեծացած հայ երիտասարդ, որտե՞ղ էք պատկերացնում:

Դանիէլ- 23 տարեկան եմ: Դեռ որոշելու եւ սխալւելու առիթ ու ժամանակ կայ: Գերմանիայում լաւ է: Գուցէ այնտեղ վերադառնալուց յետոյ շարունակեմ մագիստրատուրան: Կամ աւելի լուրջ աշխատանք փնտրեմ:

Հարց- Ժամացոյցի ճշտապահութեամբ էք պատասխանում հարցերին: Ստացւում է այնպէս, որ հարցերը նախապէս գիտէիք: Եզրափակիչ հարցի փոխարէն փորձենք հասկանալ, քանի որ ձեր կտրած ճանապարհով չեմ անցել, ու բնական է եթէ ձեր պատկերացրած ու սպասած հարցերը չլինեն սրանք: Այդ դէպքում պատասխանէք ձեր մտքում ունեցած կամ սպասած հարցին: Ի՞նչ հարց կարող էր լինել այն:

Դանիէլ- Չգիտեմ: Կարծում եմ հետաքրքիր զրոյց էր, հարցերն էլ վատը չէին:

Հարց- Ի՞նչ խորհուրդ կը տաք նրան, ում մօտ ցանկութիւն առաջացաւ նման ուղեւորութեան դուրս գալ:

Դանիէլ- Սկսելու համար կարճատեւ ու ամենօրեայ հեծանւավարժանքներ անցկացրէք: Աշխատանքի գնացէք հեծանւով: Յետոյ հարեւան քաղաքներ այցելէք հեծանւով: Ապա աւելի երկար ու գիշերակացող ուղեւորութիւնների մասնակցէք: Մի խօսքով նախապատրաստական այս ընթացքն պակաս կարեւոր չէ ուղեւորութիւնից:

Հարց- Ի՞նչ փոխեց հեծանիւը ձեր կեանքում:

Դանիէլ- Դժւար պատասխան է ենթադրում: Չգիտեմ, երեւի ճանապարհորդութիւնն աւարտւի նոր կիմանամ… չնայած դժւար թէ աւարտելու ցանկութիւն լինի: Այնպէս, որ դեռ պիտի երկար սպասել մինչեւ հասկանամ՝ ի՛նչ փոխեց հեծանիւն իմ կեանքում…

Լուսանկարները՝ @danielsadoyan ինստագրամային էջից

Related Articles

Back to top button