Արսէն Յարութիւնեան. «Մեծ սպորտում ունեցել եմ մի մեծ երազանք, որը տարիների ընթացքում դարձել է գերնպատակ»
2023 թւականին Եւրոպայի չեմպիոնի տիտղոսը երրորդ անգամ նւաճեց ազատ ոճի ըմբիշ Արսէն Յարութիւնեանը: Եւրոպայի առաջնութիւնից յետոյ Յարութիւնեանը փայլեց նաեւ աշխարհի առաջնութեան մրցագորգում, նւաճեց բրոնզէ մեդալ եւ Փարիզի օլիմպիական ուղեգիր: Այս յաղթանակների կողքին, 24-ամեայ ըմբիշի ամենամեծ յաղթանակը եղաւ իր առաջնեկի ծնունդը: 2023 թւականին Արսէն Յարութիւնեանը հայր դարձաւ:
Երիտասարդ հայրիկը News.am Sport-ի համար ամփոփել է մեծ ձեռքբերումների տարին:
– Մրցաշրջան-2023-ը…
– Տարին իւրայատուկ էր ինձ համար: Այս տարի ես մեծ ապրումներ ունեցայ, երրորդ անգամ Եւրոպայի չեմպիոն դարձայ, երրորդ անգամ աշխարհի առաջնութեան բրոնզէ մեդալ նւաճեցի, յաջող մրցելոյթներ ունեցայ Գերմանիայի լիգայում, բայց ամենամեծ յաջողութիւնս, ուրախութիւնն ինձ համար աղջկաս ծնունդն էր:
– Տարւայ ամենամեծ յաղթանակը…
– Երրորդ անգամ Եւրոպայի չեմպիոն դառնալն է այս տարւայ իմ ամենամեծ յաղթանակը: Կեանքում ամենամեծ յաղթանակս համարում եմ աղջկաս ծնունդը:
– Ձախողումը…
– Մի պարտութիւն ունեցայ 2023-ում: Աշխարհի առաջնութեան կիսաեզրափակիչում իմ տակտիկական սխալի պատճառով 14:16 հաշւով պարտւեցի ճապոնացի ըմբիշին: Այս պարտութեան պատճառով չկարողացայ շարունակել պայքարը աշխարհի առաջնութեան ոսկէ մեդալի համար: Ցաւալի պարտութիւն էր ինձ համար:
– Եւրոպայի երրորդ չեմպիոնութիւնը…
– Մեծ ուրախութիւն էր, որ կարողացայ հռչակւել Եւրոպայի եռակի չեմպիոն: Ինձ համար տարին սկսում է Եւրոպայի առաջնութիւնով եւ աւարտւում աշխարհի առաջնութիւնով: Ամէն տարի իմ առջեւ խնդիր եմ դնում լաւ հանդէս գալ այս երկու խոշոր մրցաշարերում, որովհետեւ այս մարզաձեւը ես եմ ընտրել եւ իմ կեանքի նպատակն է հասնել մեծ բարձունքների, յաղթանակների, նւաճել մեծ տիտղոսներ:
Եւրոպայի առաջնութեանը շատ լաւ մասնակցեցի եւ արդիւնքը ոսկէ մեդալն էր:
– Աշխարհի երրորդ բրոնզէ մեդալը…
– Աշխարհի առաջնութեանը նորից բաւարարւեցի բրոնզէ մեդալով: Արդէն երրորդ տարին անընդմէջ չի ստացւում, բրոնզն եմ նւաճում: Ես ոսկէ մեդալն եմ ուզում: Կիսաեզրափակիչում պարտւելուց յետոյ, աշխարհի առաջնութիւնից յետոյ ամէն օր հատ-հատ աշխատում եմ իմ սխալների վրայ, որպէսզի դրանք թոյլ չտամ Օլիմպիական խաղերում:
Աշխարհի առաջնութիւնից յետոյ առաջինը զանգահարեցի կնոջս: Ասաց՝ «յանկարծ չյուսահատւես, ոսկէ մեդալը կը նւաճես Օլիմպիական խաղերում: Դեռ շատ երիտասարդ ես եւ աշխարհի առաջնութեան ոսկի դեռ շատ կունենաս»:
– Փարիզի օլիմպիական ուղեգիրը…
– Օլիմպիական խաղերի ուղեգիրը եղաւ իմ սփոփանքը աշխարհի առաջնութիւնում: Երբ երրորդ անգամ բրոնզէ մեդալակիր դարձայ, այս ուղեգիրն ինձ նոր մոտիւացիա տւեց՝ արդէն աւելի մեծ ուժերով պատրաստւել Օլիմպիական խաղերին: Իւրաքանչիւր մարզիկի երազանքն է՝ մասնակցել Օլիմպիական խաղերի: Քանի որ ինձ տրւել է այդ հնարաւորութիւնը, ուրեմն՝ ես իմ ձեռքից չպէտք է բաց թողնեմ այդ հնարաւորութիւնը: Պէտք է մաքսիմալ աշխատեմ, մարզւեմ, հետեւեմ իմ մարզումներին, որ կարողանամ օլիմպիական ոսկէ մեդալ նւաճել: Շատ լաւ եմ պատրաստւում Օլիմպիական խաղերին: Ասես՝ առաջւայ Արսէնը չլինեմ: Ամէն ինչին ուրիշ ձեւ եմ նայում, աշխատում, մարզւում: Հանդէս եմ գալիս նաեւ գերմանական լիգաներում, որտեղ արդէն 7 գօտեմարտ եմ անցկացրել եւ տարել 7 յաղթանակ: Ոչ մէկին միաւոր չեմ տալիս, յաղթանակերս կամ 10:0 են, կամ 15:0: Ես զգացել եմ իմ քրտնաջան աշխատանքների արդիւնքը: Եթէ մինչեւ Փարիզ-2024 վնասւածքներ չունենամ, կարողանամ այսպէս մարզւել, իմ կեանքի լաւագոյն մարզավիճակում կը ներկայանամ Օլիմպիական խաղերին:
– Ամենայիշարժան օրը…
– Աշխարհի առաջնութեան նախապատրաստական փուլում, օգոստոսի 11-ին լոյս աշխարհ եկաւ իմ աղջիկը: Սա իմ կեանքի, մինչ օրս ամենակարեւոր իրադարձութիւնն էր, որ ինձ հետ տեղի ունեցաւ: Չեմ կարող բառերով նկարագրել ապրումներս այդ օրը: Ինձ չյաջողւեց դառնալ աշխարհի չեմպիոն, բայց գիտեմ, որ աշխարհի չեմպիոնի տիտղոսից բարձր տիտղոս է հայր դառնալը, մասնաւորապէս աղջկայ հայրիկ լինելը: Շատ եմ ուրախացել: Այդ օրւանից իմ կեանքը փոխւել է: Ամէն ինչ փոխւել է, նոյնիսկ սպորտում է փոխւել. ամէն ինչ այլ կերպ եմ պատկերացնում: Հայրութիւնը դրական կողմերով է ազդել իմ մարզական կարիերայի վրայ: Երբ գնում եմ մարզումների, միայն մի միտք է պտտւում գլխումս՝ ես պէտք է յաղթեմ, որ կինս ու աղջիկս տանը ուրախանան: Այս միտքն ինձ արդէն ուղեկցում է ամէն օր:
– Կատարւած երազանքը…
– 2023-ի համար սպորտում երկու երազանք ունէի՝ դառնալ Եւրոպայի եւ աշխարհի չեմպիոն: Կատարւեց միայն Եւրոպայի չեմպիոնութիւնը: Եւս մէկ երազանք ունէի, որ առողջ երեխայ ծնւի իմ ընտանիքում: Այժմ վայելում եմ այդ երազանքս՝ Մարիայիս իմ կեանքում:
– 2024-ի երազանքը…
– Ամբողջ կեանքում մեծ սպորտում մի մեծ երազանք եմ ունեցել, որը տարիների ընթացքում դարձել է գերնպատակ՝ դառնալ օլիմպիական չեմպիոն: Երազանքս դարձրել եմ նպատակ եւ այժմ օր օրի քայլում եմ դէպի իրեն: Գիտակից կեանքիս առաջին օրւանից իմ երազանքները կապւած են եղել սպորտի հետ: Ես այն մարդկանցից չեմ, որ երազեմ լաւ աւտոմեքենայ, տուն, բիզնես ունենալու մասին, միայն երազել եմ սպորտում ամենամեծ տիտղոսին, գագաթնակէտին հասնել: Ինձ համար շատ ցաւալի է, որ որ դեռ մեծահասակների աշխարհի չեմպիոն չեմ դարձել: 2024 թւականը դիմաւորում եմ ափսոսանքով, որ դեռ այդ տիտղոսը չունեմ: Ինքս ինձ ասում եմ՝ արդէն 24 տարեկան եմ, բայց դեռ աշխարհի չեմպիոն չեմ: Ցաւով եմ տանում այդ իրականութիւնը: Իմ մեծագոյն երազանքն է՝ 2024 թւականին 24 տարեկանում նւաճել օլիմպիական ոսկէ մեդալ: Նաեւ նպատակս է 4-րդ անգամ նւաճել Եւրոպայի չեմպիոնի տիտղոսը:
– Նամակ ինքդ քեզ…
– Իւրաքանչիւր տարւայ վերջում ինքս ինձ հետ վերլուծում, վերանայում եմ այդ տարւայ իմ աշխատանքը, արւած քայլերը: Ինքս իմ առաջ հաշւետու եմ: Փորձում եմ իւրաքանչիւր տարի այնպէս անել, որ ամփոփելուց հասնակամ՝ ինչ-որ բան աւելացրել եմ, նոյն տեղում չեմ մնացել: Ինձ կը գրէի՝ «Համարում եմ, որ 2023-ում Արսէնը յաջողակ քայլել է, ինչ ուզել է, կատարել է: Միակ բացթողումը աշխարհի ոսկէ մեդալն է եղել: Մնացած բնագաւառներում ինչ նպատակ դրել է, հասել է, մի քայլ առաջ է եղել: Ողջունելի է»:
– Նամակ Ձմեռ պապին…
– «Ձմեռ պապի, խնդրում եմ, ինձ օլիմպիական ոսկի տուր» (ծիծաղում է): Ես հաւատում եմ հրաշքներին, որովհետեւ մանկուց, ինչ ուզել եմ, ինչի մասին երազել եմ, ինչ նպատակ իմ առջեւ դրել եմ, հասել եմ: Ինձ չեն բերել, տւել: Ես սրտանց երազել եմ, հաւատացել եմ իմ ուժերին եւ հասել եմ այդ ամենին: Եթէ ինչ-որ բան սրտով, հոգով ես ուզում, ամբողջ տիեզերքը նպատում է, որ քո ցանկութիւնները կատարւեն:
Շնորհաւոր Նոր տարի: 2024 թւականը թող բոլորի ընտանիքներում լինի յաջողութեան, սիրոյ տարի: Հայաստանի օլիմպիական հաւաքականին մաղթում եմ օլիմպիական մեդալներ: Թող բոլորը հաւատան իրենց ուժերին: Վստահ եմ, որ այդ հաւատի շնորհիւ մենք մեծ յաղթանակներ կը պարգեւենք մեր ազգին:
Լուսինէ Շահբազեան