Մարզական

Մալխաս Ամոյեան․ «Հայ մարզիկներին մաղթում եմ աւելի շատ օլիմպիական ուղեգրեր եւ շատ օլիմպիական մեդալներ»

Մրցաշրջան-2023-ում հայ երկրպագուներին փառահեղ յաղթանակով ուրախացրեց յունահռոմէական ոճի ըմբիշ, աշխարհի չեմպիոն, Եւրոպայի կրկնակի չեմպիոն, Մ23 աշխարհի եւ Եւրոպայի չեմպիոն Մալխս Ամոյեանը:

Եւրոպայի առաջնութեան 77 կգ քաշային կարգում 24-ամեայ ըմբիշը տպաւորիչ յաղթանակով նվաճեց չեմպիոնի տիտղոսը: Աւարտւած մրցաշրջանում Մալխաս Ամոյեանը եւս մէկ յաղթանակ ունեցաւ աշխարհի առաջնութիւնում՝ դառնալով բրոնզէ մեդալակիր:

Իսկ ամենամեծ յաղթանակը եղաւ Հայաստանում եւ աշխարհում ամենաքննարկւող 77 կգ քաշային կարգում Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգրի նւաճումը: Փարիզ-2024-ը կը լինի Մալխաս Ամոյեանի առաջին Օլիմպիական խաղերը:

Եւրոպայի կրկնակի չեմպիոնը News.am Sport-ի համար ամփոփել է մեծ նւաճումներով լի 2023 թւականը:

Մրցաշրջան-2023-ը

– Տարին յաջող էր ինձ համար միայն մէկ բացթողումով, որ չկարողացայ աշխարհի առաջնութեան ոսկէ մեդալակիր դառնալ: Այս մրցաշրջանում կարողացայ նւաճել Եւրոպայի չեմպիոնի տիտղոսը, գլխաւոր նպատակս իրականացրի՝ օլիմպիական ուղեգիր նւաճեցի, բայց ափսոսում եմ, որ աշխարհի առաջնութիւնում բաւարարւեցի միայն բրոնզէ մեդալով: Ինձ համար միջին գնահատական կը տամ մրցաշրջանի ընթացքում գրանցածս արդիւնքներին: Կարող էի աւելին անել, չկարողացայ այնպէս անել, որ աւելի բարձր դիրքում լինէի:

Տարւայ ամենամեծ յաղթանակը

– Կառանձնացնեմ Եւրոպայի առաջնութիւնում յաղթանակս: Շատ ուրախ եմ, որ դարձայ կրկնակի չեմպիոն:

Ձախողումը

– Տարւայ ձախողում կը համարեմ աշխարհի առաջնութիւնը, որտեղ պարտւեցի կիսաեզրափակիչում:

Եւրոպայի կրկնակի չեմպիոնութիւնը

– Այս յաղթանակն ինձ համար առանձնայատուկ է: Այն միշտ կը յիշեմ վերջին վայրկեանների յաղթանակով: Եզրափակիչում պարտւում էի մինչեւ վերջին վայրկեանը, բայց մէկ ցատկով կարողացայ յետ բերել միաւորներս եւ յաղթել: Իրօք, դա անհաւանական ցատկ էր, ես էլ չէի պատկերացնի, որ մէկ ցատկով կը կարողանամ յետ բերել միաւորներս: Գուցէ այլեւս չկարողանամ կրկնել նման ցատկ: Երբեք նման հնարք չէի կատարել: Չհասկացայ, թէ ինչ կատարւեց ինձ հետ վերջին պահին, ինքնաբուխ ցատկեցի եւ ստացւեց: Երբ պարտւում ես, վերջին վայրկեաններին, անկախ քեզնից, դու էլ ես յոգնում այդ պայքարից, բայց ինձ օգնեց հաւատը սեփական ուժերի նկատմամբ եւ յաղթելու մեծ ցանկութիւնը: Մինչեւ վերջին պահը չէի համակերպւում, որ բաց եմ թողնում կրկնակի չեմպիոնութիւնը:

Աշխարհի առաջնութեան բրոնզէ մեդալը

– Աշխարհի առաջնութիւնում բրոնզէ մեդալակիր դարձայ իմ սխալի պատճառով: Կիսաեզրափակիչում ադրբեջանցի մրցակցի հետ սխալ հնարք կատարեցի, որի մեղաւորը միայն ես էի: Ես սխալ թոյլ տւեցի, իսկ մրցագորգը չներեց ինձ իմ սխալի համար, դաս եղաւ գօտեմարտի մնացած ընթացքում: Նաեւ տակտիկապէս սխալ գօտեմարտ անցկացրի: Ամէն դէպքում ցանկացած պարտութիւն իմն է, իմ մեղքով է, այդ պատճառով էլ զրկւեցի աշխարհի չեմպիոնի տիտղոսից, հնարաւորութիւն չունեցայ պայքարել ոսկէ մեդալի համար:

Փարիզի Օլիմպիական ուղեգիրը

– Փառք Աստծոյ, ինձ յաջողւեց նւաճել օլիմպիական ուղեգիր: Կարող էր աւելի վատ լինել, հակառակը լինել, ոչ մեդալ նւաճէի, ոչ ուղեգիր: Շնորհակալ եմ Աստծուն, որ ես այսօր ունեմ օլիմպիական ուղեգիր: Երբ 82 կգ քաշային կարգում դարձայ աշխարհի չեմպիոն, որոշեցի, որ յաջորդ պայքարս պէտք է լինի օլիմպիական քաշում օլիմպիական ուղեգրի համար: Այսօր այդ նպատակս իրականացաւ, ես յաջողութեամբ փոխեցի քաշս եւ կարողացայ նւաճել ինձ համար բաղձալի եւ իմ առաջին օլիմպիական ուղեգիրը: Այժմ քայլ առ քայլ շարժւում եմ դէպի Փարիզի Օլիմպիական խաղեր:

Այս փուլում փորձում եմ չգերագնահատել Օլիմպիական խաղերը, տեսնել միւս մրցաշարերի հետ նոյն հարթութեան վրայ, ոչ էլ թերագնահատում եմ: Ինձ թւում է՝ եթէ աւելի դասեմ, գուցէ դա ինձ խանգարի օլիմպիական մրցագորգում:

Խնդիր եմ դրել իմ առջեւ, մինչեւ Օլիմպիական խաղեր ուղղել բոլոր սխալներս, պատրաստւել բոլոր մրցակիցների դէմ հաւասար, չկենտրոնանալ մէկ մրցակցի վրայ եւ փորձել իրականացնել իմ մանկութեան երազանքը: Աստւած հնարաւորութիւն է տւել ինձ հասնել իմ երազանքին: Մնացածն արդէն ինձանից է կախւած: Կը փորձեմ ամէն ինչ անել, աշխատել, արդիւնքը ցոյց կը տայ գորգը:

2023-ի կատարւած երազանքը

– 2023-ին երեք մեծ երազանք ունէի՝ Եւրոպայի չեմպիոնութիւն, աշխարհի առաջնութեան ոսկէ մեդալ եւ օլիմպիական ուղեգիր: Կատարւեց Եւրոպայի երկրորդ չեմպիոնութիւնը եւ օլիմպիական ուղեգիր: Այս առումով ոչ լիարժէք կատարւեց երազանքներս, բացակայեց միայն աշխարհի չեմպիոնութիւնը:

2024-ի մեծ երազանքը

– Ինչպէս բոլորը, ես նոյնպէս օլիմպիական տարում մեծ երազանքս կապում եմ Օլիմպիական խաղերի հետ եւ ցանկանում եմ դառնալ օլիմպիական չեմպիոն: Նաեւ կը ձգտեմ երրորդ անգամ նւաճել Եւրոպայի չեմպիոնի տիտղոսը: Իմ երազանքները դեռեւս միայն կապւած են մարզական կարիերայիս հետ: Երբ իրականացնեմ իմ բոլոր երազանքները սպորտում, արդէն կը սկսեմ երազել այլ բաների մասին սպորտից դուրս:

Նամակ ինքդ քեզ

– Ինքս ինձ նամակ չէի գրի: Դրա փոխարէն կը դիմէի Աստծուն եւ շնորհակալութիւն կը յայտնէի այն ամենի համար, ինչ տւել է ինձ, ինչին կարողացել եմ հասնել, այն հնարաւորութիւնների համար, որ ինձ տալիս է: Ինքս ինձ կը դժւարանամ ինչ-որ խօսքով դիմել:

Նամակ Ձմեռ պապին

– Ձմեռ պապին նամակ կը գրէի եւ կը խնդրէի միայն մէկ բան, որ լինի խաղաղութիւն մեր երկրում: Մնացած ամէն ինչ մեր ձեռքերում է, եւ մենք կարող ենք անել, հասնել, ունենալ, ստանալ:

Շնորհաւորում եմ բոլորին Ամանորի եւ Սուրբ Ծնունդի կապակցութեամբ: Թող լինի խաղաղութեան եւ նպատակների իրականացման տարի: Հայ մարզիկներին մաղթում եմ աւելի շատ օլիմպիական ուղեգրեր Փարիզ-2024-ում եւ շատ օլիմպիական մեդալներ:

Լուսինէ Շահբազեան

Related Articles

Back to top button