Մարզական

Լոյս է տեսել Էդւարդ Մարկարովի «Ֆուտբոլը ժպիտով» կենսագրական գիրքը

Լոյս է տեսել «Արարատ-73»-ի լեգենդ, Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի առաջին մարզիչ, ներկայումս «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի Ֆուտբոլի զարգացման գծով փոխտնօրէն Էդւարդ Մարկարովի «Ֆուտբոլը ժպիտով» կենսագրական գիրքը:

Գրքի շնորհանդէսին ներկայ էին «Արարատ-73»-ի ֆուտբոլիստներից շատերը, Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից Մարկարովի նախկին սաները, Երեւանի «Ուրարտու»-ի ներկայիս ֆուտբոլիստները եւ այլոք:

«Միակը չեմ այդ սերնդից, այստեղ նստածներից շատերն են եղել այդ ոսկէ սերնդի ներկայացուցիչները: «Արարատ-73»-ը ֆուտբոլի դասական օրինակ է: 1971 թւականին, երբ ես միացայ թիմին, ակումբում արդէն կային լուրջ եւ կայացած ֆուտբոլիստներ»,- ասաց Էդւարդ Մարկարովը:

«Արարատ-73»-ի լեգենդար ֆուտբոլիստին բացառիկ տեխնիկայով օժտւած որակեց ֆուտբոլային մեկնաբան Սուրէն Բաղդասարեանն, ով առանձնացրեց. «Էդւարդ Մարկարովի եւ Նիկիտա Սիմոնեանի ներկայութիւնն իր նշանակալից դերը խաղաց 1973 թւականի «Արարատ»-ում»:

Երեւանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի նախագահ Ջեւան Չելոյեանն առանձնացրեց` Մարկարովի մեծութիւնը որպէս ֆուտբոլիստի` անչափելի է:

«Այս տարում ամենակարեւոր գործերից մէկը, որն արել է մեր ակումբն, չնայած նրան, որ դարձանք երկրի չեմպիոն եւ գաւաթակիր, այն է, որ օգնեցինք` լոյս տեսնի այս գիրքը: Պարտաւոր ենք յարգանքով վերաբերել Մարկարովի նման մեծութեանը»,- ասաց Չելոյեանը:

Ռուսերէն տպագրւած գիրքը լոյս է տեսել Մոսկւայում:

Related Articles

Back to top button