Ճանաչենք Հայոց աշխարհը

Բարձրունի գիւղ Հայաստանի Վայոց ձորի մարզում, հայ-ադրբեջանական շփման գծի հարեւանութեամբ։ Մարզկենտրոնից՝ Եղեգնաձորից, գտնւում է 41 կմ հարաւ-արեւելք, Վայոց ձորի լեռների հարաւային լանջին։ Գիւղը գտնւում է Երեւանից 220 կմ հեռաւորութեան վրայ։ Բարձրունին սահմանամերձ բնակավայր է. Վայք քաղաքից հեռաւորութիւնը կազմում է 28 կմ։ Գտնւում է ծովի մակարդակից 1950–2050 մ բարձրութեան վրայ։
Կլիման ձմռանը ցրտաշունչ է, ամռանը՝ զով։ Տարեկան տեղումների քանակը կազմում է 350–400 մմ։ Կլիման նպաստաւոր է այգեգործութեան, հացահատիկային ու կերային մշակաբոյսերի աճեցման համար։
Բարձրունիի մշտական բնակչութիւնը կազմում է 361 մարդ։ Բնակիչները հայեր են, որոնց նախնիները հիմնականում գաղթել են 1829 թւականին Սալմաստից։ Գիւղի կենսագործունէութեան գլխաւոր ճիւղը գիւղատնտեսութիւնն է։ Մարդիկ զբաղւում են դաշտավարութեամբ, այգեգործութեամբ, անասնապահութեամբ եւ մեղւաբուծութեամբ։ Պահուստային հողերը չեն օգտագործւում՝ սահմանամերձ լինելու պատճառով։
«Պատմութիւն»
Գիւղը հիմնադրւել է 19-րդ դարի սկզբին եւ վերաբնակեցւել է 1828 թւականին՝ Պարսկաստանի Խոյ եւ Սալմաստ գաւառներից ներգաղթած հայերով։ Նախկինում գիւղը ունեցել է «Սուլթան Բէկ» անւանումը, որը փոխւել է 1935 թւականին։ Սակայն գիւղն աւելի հին է, քան ենթադրւում է. այդ մասին վկայում են «Հին գիւղ» կոչւող տարածքում յայտնաբերւած 7-րդ դարով թւագրւած խաչքարերը, ինչպէս նաեւ զարդաքարերով եւ սրբատաշ քարերով կիսավեր կառոյցները։
«Պատմամշակութային կառոյցներ»
Բարձրունիում պահպանւել են 1884 թ.-ի եւ XIII–XIV դարերի եկեղեցիներ, XIX դարի մատուռներ, XIII–XVII դարերի խաչքարեր, իսկ գիւղից 1 կմ հարաւ-արեւելք՝ Ս. Գէորգ եկեղեցին։
Բարձրունի գիւղի պատմութեան եւ մշակոյթի յուշարձանների ցանկում ներառւած է ընդամէնը 23 յուշարձան (5 միաւոր)։
Բարձրունի լիճ
Գտնւում է Հայաստանի Վայոց Ձորի մարզում, Վայոց ձորի լեռնաշղթայի հիւսիս-արեւմտեան լանջին, Բարձրունի գիւղից 3 կմ արեւելք, Նախիջեւանի սահմանին՝ ծովի մակերեւոյթից 2 760 մ բարձրութեան վրայ: Առափնեայ գծի երկարութիւնը 500 մ է: Լճի մօտակայքում են գտնւում Սերս եւ Մատիրոս գիւղերը:
Նիւթը տրամադրել է՝ ՍՕՍԷ ԽՈՒԴԱՎԵՐԴԵԱՆԸ







