Գարեգին Բ-ն ընդունել է Միջազգային քրէական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորէնօ Օքամփոյին
«ԱԼԻՔ» – Դեկտեմբերի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ եւ Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Միջազգային քրէական դատարանի (ՄՔԴ) նախկին դատախազ Լուիս Մորէնօ Օքամփոյին։ Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռի տեղեկատւական ծառայութիւնից:
Հանդիպմանը Լուիս Մորէնօ Օքամփօն Նորին Սրբութեանը տեղեկութիւններ փոխանցեց Ադրբեջանում կազմակերպւած COP29 կլիմայական գլոբալ գագաթնաժողովի կապակցութեամբ Արցախում իրագործւած էթնիկ զտումների բարձրաձայնման, Ադրբեջանում պահւող հայ գերիների ազատ արձակման ուղղութեամբ ծաւալած գործունէութեան եւ արձանագրւած արդիւնքների մասին։ Այս առնչութեամբ Լուիս Օքամփօն կարեւոր նկատեց Հայոց Հայրապետի կոչին ընդառաջ COP29-ի նախօրէին քրիստոնէական Եկեղեցիների եւ կառոյցների աղօթակցութիւնը Հայ Եկեղեցուն գերեվարւածների տունդարձի եւ Հայաստանին նւիրւած ընդհանրական աղօթքի նախաձեռնութեան համար։
Նորին Սրբութիւնը գնահատանքով ադրադարձաւ տիար Օքամփոյի ներդրած ջանքերին՝ ի խնդիր արցախահայութեան իրաւունքների պաշտպանութեան եւ Ադրբեջանի ցեղասպան գործողութիւնների իրազեկման՝ գործադրելով միջազգային իրաւունքի ոլորտում իր փորձն ու հեղինակութիւնը։ Այս կապակցութեամբ Հայոց Հովւապետը հաստատեց, որ Հայոց Եկեղեցին եւս կարելին ի գործ է դնում միջազգային, միջեկեղեցական, միջկրօնական հարթակներում Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքների բռնազաւթման, հայրենազրկւած արցախահայերի իրաւունքների պաշտպանութեան, գերութեան մէջ պահւող ու անյայտ կորած հայորդիների, ինչպէս եւ Արցախի հոգեւոր-մշակութային ժառանգութեան պահպանման խնդիրների ուղղութեամբ։
Զրուցակիցները նաեւ մտքեր փոխանակեցին տարածաշրջանում եւ Միջին Արեւելքում զագացող մտահոգիչ իրադարձութիւնների առնչութեամբ։