Հայաստան - ԱրցախՔաղաքական

Յուլիսի 4-ի հանրահաւաք-երթից իշխանութեան վախերը, ինչպէս որ սպասելի էր, բազմապատկւեցին

ՍԵՒԱԿ ՅԱԿՈԲԵԱՆ

Yerevan.Today-ի գլխաւոր խմբագիր

 

Անցած օրերին էի անդրադարձել, համոզմունքս ամրապնդւեց. յուլիսի 4-ի հանրահաւաք-երթից իշխանութեան վախերը, ինչպէս որ սպասելի էր, բազմապատկւեցին։ Չնայած իշխանութեան բոլոր կալիբրների ներկայացուցիչների հիստերիային, ճնշումներին, ակտիւիստներին զանգ-ահաբեկումներին, ոստիկանութեան բաժիններ հրաւիրելուն, Կարապետեանի կալանաւորում-չթողնելուն, ՀԷՑ-ի խլելուց անգամ յետոյ, հաւաքւեց մարդկանց պատկառելի թիւ։ Նայելով երթի մասնակիցների քանակը, անկեղծօրէն մտածում էի, որ իշխանութիւնը հերթական հիմարութիւնն արեց՝ իր դէմ դիմադրութեան նոր, գուցէ ինչ-որ իմաստով աւելի հզօր օջախ ստեղծելով։ Ինչպէս որ միշտ է, Նիկոլն այս անգամ եւս քայլն անելուց յետոյ երեւի սկսեց մտածել։ Գուցէ վաղուց պլանաւորել էր, դա էլ չեմ ժխտի։ Ու հիմա, իր ուսապարկերը, սկսել են ինչ-որ ծիծաղելի բաներ յօրինել՝ տպաւորութիւնը իբր մեղմելու համար։

Մէ՛կ հանրահաւաքի մասնակիցների թիւն են փոքրացնում, ասենք՝ 15 հազարը 7 հազար ներկայացնելով (իբր դա քիչ թիւ է. վերջին տարիներին իրենք որ հաստատ նման թւով  հանրահաւաք չեն արել, ասա գոնէ դուք մի խօսացէք)։ Կամ տարածում են իրենց կուսակցական ֆէյքնիւզով, թէ՝ փողով էին եկել։ Միտինգի բազմահազար մասնակիցների մէջ, բնականաբար, կը լինէին ՔՊ-ի ներդրած մարդիկ, քաղաքացիական հագուստով օպերլիազօրներ, սադրիչներ, որոնք դիտմամբ կը խօսէին փողի թեմայից, կը ձայնագրէին ու կը մոնտաժէին փողի խոստման ձայնագրութիւն՝ յատուկ ՔՊ-ի լրատւամիջոցների համար։ Էլի են արել, նոր բան չէ։ Մի մոռացէք, որ քաղաքացին դժգոհել էր, որ ստիպւած 4 հազար դրամանոց կօշիկ է գնում, իսկ ՔՊ-ն ձայնագրութիւնը մոնտաժել ու մեկնաբանել էր այնպէս, թէ 4 հազար դրամով միտինգի են մասնակցում ղարաբաղցիները։

Էդ ձեր սարքած ձայնագրութիւնը հեչ, այդ էք կարողանում՝ այդ էք անում. որ հանրահաւաքի մասնակիցների թիւը փոքրացնում էք, դա էլ հեչ։ Ուզում էք՝ յայտարարէք, թէ 30 հոգի էր մասնակցում։ Ուզում էք՝ ձեզ հանգստացնելու համար գրէք, թէ երթը չի կայացել, քանի որ մի երկու հոգի էին եկել, նրանք էլ ցրւեցին տներով։ Բայց դրանից իրականութիւնը հո չի փոխւում։

Իսկ իրականութիւնն այն է, որ մեր ժողովուրդը իսկականից ձեզանից զզւել է, կուշտ է մինչեւ կոկորդը։ Իրականութիւնն այն է, որ մեր երկրում տասնեակ հազարաւոր մարդիկ կան, որ չեն կաշկանդւում դուրս գալ փողոց ու ձեր երեսներին, ուղիղ եթերներով ասել, որ կուշտ են ձեզանից ու պայքարելու են, մինչեւ ռադներդ քաշէք։

Էնպէս որ, դուք էդ խնդալու քայլերով ձեզ էք խաբում, ձեր կողմնակիցներին էք խաբում, թէ հանգիստ տղէրք եւ աղջիկներ, ամէն բան նորմալ է, էս սաղ փողով է, իրականում բոլորի ուշքը գնում է Նիկոլի համար։ Իսկ իրականում, դուք ձեր ԱԱԾ-բանով մարդկանց տրամադրութիւնները աւելի լաւ գիտէք, քան հանրահաւաքի կազմակերպիչները։

Մեռայ ասելով, էս իշխանաւորները ինչքան գոռում են, որ ամէն բան լաւ է, ծաղրում են, ատամ են գցում, սպառնում, կալանաւորում, դա նրանից է, որ լաւ հասկանում են, որ ժողովրդի վստահութիւնը անվերադարձ կորսւած է։

«ԱԼԻՔ»– Յիշեցնենք, որ յուլիսի 4-ին ի պաշտպանութիւն Սամուէլ Կարապետեանի կազմակերպւել էր հանրահաւաք-երթ: ՀՀ գործող իշխանութիւնների գործադրած բոլոր ճնշումներով հանդերձ, հանրահաւաք-երթին մասնակցեցին հազարաւոր քաղաքացիներ:

Related Articles

Back to top button