Տիգրան Աբրահամեան. «Սարգսեանի ձեռք բերւած սպառազինութիւնը թշնամուն յանձնողները փորձում են ի ցոյց դնել իրենց չեղած առաւելութիւնները»
Սերժ Սարգսեանի պաշտպանութեան նախարար կամ նախագահ (ու ոչ միայն) եղած ժամանակահատւածում ձեռք բերւած սպառազինութիւնն ու զինտեխնիկան փուլերով թշնամուն թողող/յանձնողները փորձում են ի ցոյց դնել իրենց չեղած առաւելութիւններն ու ուրիշների բացթողումները: Այս մասին իր «Ֆէյսբուք»-եան էջում գրել է ՀՀ ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան քարտուղար Տիգրան Աբրահամեանը:
«Հաշւի առնելով այն հանգամանքը, որ իմ` Պաշտպանութեան եւ անվտանգութեան յանձնաժողովի նիստին չմասնակցելը որեւէ խոչընդոտ չի ստեղծում, որպէսզի իմ առաջ քաշած գաղափարական եւ սկզբունքային դիտարկումները լայն քննարկումների առարկայ դառնան ե՛ւ յանձնաժողովում, ե՛ւ տարբեր իշխանական տաղաւարներում ե՛ւ առհասարակ հանրային քաղաքական մակարդակում, մէկ-երկու հարցի էլ անդրադառնամ:
Տարբեր զօրամասերում, առաջնագծի առանձին տեղամասերում իմ ուսումնասիրման առարկայ հանդիսացող խնդիրների մի մասը, ըստ անհրաժեշտութեան, ինքս փակ գրութեամբ ուղղում եմ ՊՆ կամ ԳՇ:
Հանրային խօսքում օգտագործում կամ հնչեցնում եմ արձանագրածս խնդիրների 5-10 տոկոսը. որոշների դէպքում՝ հպանցիկ:
Անվտանգութեան համակարգը առանձնայատուկ կարեւորութիւն ունի եւ դրա տարբեր դետալների հանրայնացումը` դրականի կամ բացասականի ներքոյ, պէտք է անել անվտանգութեան նրբերանգները հաշւի առնելով:
Ի դէպ, մի օր Պաշտպանութեան յանձնաժողովի նախագահը խօսում է իմ` առաջնագծի թեմայով ոչ ամբողջական ինֆորմացւած չլինելու մասին, ինչն արդէն զաւեշտալի է, մի օր խորհուրդ տալիս, որպէսզի ես պատմեմ Սերժ Սարգսեանին այն ամէնի մասին, ինչ տեսնում եմ դիրքերում:
Ուղիղ եթերով ընթացող նիստերին ֆիզիկապէս չմասնակցելը որպէս անտեղեակ լինելու հանգամանք ներկայացնելն արդէն չափազանց անլուրջ է:
Շատ տարօրինակ է տեսնել այն որակի քննարկումները, որոնք յաճախ լինում են խորհուրդ տալու սիրահարների յանձնաժողովում, երբ բանակը սիրողական մակարդակում ճանաչողները փորձում են գնահատել բանակի հիմնադրման ակունքներում գտնւողների արածն ու չարածը:
Սերժ Սարգսեանի պաշտպանութեան նախարար կամ նախագահ (ու ոչ միայն) եղած ժամանակահատւածում ձեռք բերւած սպառազինութիւնն ու զինտեխնիկան փուլերով թշնամուն թողող/յանձնողները փորձում են ի ցոյց դնել իրենց չեղած առաւելութիւններն ու ուրիշների բացթողումները:
Մի բան էլ. այն քաղաքական ուժը, որն Արցախ է յանձնել, թոյլ է տւել ՀՀ տարածքային ամբողջականութեան ու ինքնիշխանութեան էական զիջումներ, գոնէ իր շահերից ելնելով պէտք է նւազագոյն սթափութիւն դրսեւորի` չմտնի մի դաշտ, որտեղ ինքը զրօ է` ամբողջութեամբ ստորացւած ու վարկաբեկւած»,- գրել է նա: