Ռազմականացման շքերթ. թուրքական եւ նորւեգական ընկերութիւնները համատեղ կարտադրեն զինամթերք

ՍՏԱՆԻՍԼԱՒ ԿՈՏԵՕԼԿԻՆ
Նախորդ հրապարակումներում խօսել ենք այսպէս կոչւած «անվտանգութեան եւրոպական ճարտարապետութեան» մէջ թուրքական ռազմարդիւնաբերական համալիրի դերի եւ տեղի ուժեղացման մասին, որը յստակ հակառուսական բաղադրիչ ունի ՆԱՏՕ-ի հայեացքի ներքոյ։ Եւ ահա մի նոր օրինակ. Strategic Culture պարբերականը գրում է․ Հիւսիսային Եւրոպայի երկրների պաշտպանական համագործակցութեան կազմակերպութիւնը (NORDEFCO) Դանիայի, Ֆինլանդիայի, Իսլանդիայի, Նորւեգիայի եւ Շւեդիայի կազմում նոր քայլեր է ձեռնարկում «ազգային պաշտպանական ներուժի ամրապնդման» ուղղութեամբ:
Համապատասխան ծրագրի շրջանակներում Դանիական Էլինգի գործարանում կը կառուցւի պայթուցիկ նիւթերի լցոնման գործարան, առաջին հերթին 155 մմ հրետանային արկերի համար: Այս հաստատութիւնում կարտադրւեն ինչպէս սովորական, այնպէս էլ վերջին ֆուգասային նիւթեր, ինչպիսիք են տրոտիլը, IMX-101-ը եւ IMX-104-ը: Հաղորդւում է՝ ձեռնարկութիւնը կաշխատի «աւտոմատացման բարձր աստիճանով» եւ զինամթերքի արտադրութեան մէջ կօգտագործի առաջադէմ տեխնոլոգիաներ: Ձեռնարկութեան «աշխատանքի սկզբունքը» մարդկային աշխատանքի նւազագոյն օգտագործումն է եւ աւտոմատացման բարձր աստիճանը: «Առաջադէմ տեխնոլոգիաների» անհրաժեշտութեան հիմնական շարժիչ ուժը ռազմական աջկցութեան եւ Ուկրաինային զինամթերքի մատակարարման աճող պահանջարկն է։
Էլլինգի գործարանում սեփական զինամթերքի արտադրութիւնը վերակենդանացնելու համար Դանիայի կառավարութիւնը համագործակցութեան համաձայնագիր է կնքել նորւեգական Nammo (Nordic Ammunition Company) պաշտպանական ընկերութեան հետ, որն իր հերթին արտադրական գործընթացների կառավարման պայմանագիր է կնքել թուրքական Repkon պաշտպանական ընկերութեան հետ։ Համաձայնագրի համաձայն՝ ձեռնարկութիւնը, որը կոչւած է լրացնել զինամթերքը, կը կառուցւի հէնց Repkon ընկերութեան կողմից։
Թէեւ Repkon ընկերութիւնը այնքան յայտնի չէ, որքան Baykar-ը, այնուամենայնիւ, վերջերս զինամթերքի արտադրութեան գծեր ստեղծելու պայմանագրեր է կնքել այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Գերմանիան, Իսպանիան, Ուկրաինան, Պակիստանը եւ Ադրբեջանը: Repkon-ը առաջատար ընկերութիւններից մէկն է, յատկապէս պայթուցիկ նիւթերի ոլորտում, որը վերջերս ձեռք է բերել Bowas ընկերութիւնը, որը գործում է Աւստրիայում, Իտալիայում եւ Շւէյցարիայում: Bowas-ը նաեւ առաջատար ընկերութիւններից մէկն է մետաղների բարձր ճշգրտութեան ճնշման մշակման տեխնոլոգիայի ոլորտում: Բացի պաշտպանութիւնից, այն աշխատում է աւտոմոբիլային, օդատիեզերական եւ նաւթային ոլորտներում։
Չնայած երկարամեայ գործունէութեանը եւ միջազգային լուրջ ներդրումներին (յատկապէս ովկիանոսից այն կողմ՝ որպէս «մասնաւոր ընկերութիւն»), Repkon ընկերութիւնն այդքան էլ յաճախ ուշադրութեան կենտրոնում չի յայտնւել, գրում է թուրք լրագրող Էրկին Օնկանը։ Չնայած իր համեմատաբար փոքր համբաւին, Repkon-ը աշխարհի այն սակաւաթիւ ընկերութիւններից մէկն է, որն ունակ է կառավարել ամբողջ գործընթացը՝ մետաղական մասերի արտադրութիւնից մինչեւ պայթուցիկ նիւթեր եւ դրանց լցոնում:
2024 թ.-ին, յայտնի իրադարձութիւնների հետեւանքով 155 մմ հրետանային արկերի համաշխարհային պահանջարկի կտրուկ աճի ֆոնին, Պենտագոնը որոշում կայացրեց Տեխասում նոր արտադրական գիծ կառուցելու մասին՝ դրա համար պայմանագիր կնքելով հէնց Repkon-ի հետ։ Ակնկալւում է՝ Repkon USA-ի դուստր ձեռնարկութիւնը կը բաւարարի 155 մմ հրետանային արկերի ԱՄՆ պահանջարկի 30%-ը: Բացի այդ, տեղեկութիւններ են յայտնւել Կենտուկիում նոյն ընկերութեան կողմից տրոտիլի արտադրութեան գործարանի առաջիկայ շինարարութեան մասին՝ 435 միլիոն դոլար ներդրմամբ։
Այլ կերպ ասած, ամբողջ աշխարհում ԱՄՆ ռազմական գործողութիւններում օգտագործւող զինամթերքի զգալի մասը, յատկապէս Ուկրաինա մատակարարելիս, արտադրւում է թուրքական Repkon ընկերութեան կողմից:
Թուրքերի հետ «ոլորահիւսւած» նորւեգա-ֆիննական պաշտպանական եւ օդատիեզերական Nammo ընկերութիւնը ստեղծւել է 1998 թ.-ին նորւեգական Raufoss-ի, ֆիննական Patria-ի եւ շւեդական Celsius AB-ի՝ զինամթերք արտադրող միաձուլման արդիւնքում։ Ընկերութեան բաժնետոմսերի 50%-ը պատկանում է Նորւեգիայի առեւտրի, արդիւնաբերութեան եւ ձկնորսութեան նախարարութեանը, իսկ մնացած 50%-ը՝ Patria ընկերութեանը, որը 50,1%- ով պատկանում է ֆիննական պետութեանը:
Բալթեան եւ Հիւսիսային Եւրոպայի երկրներում տեղակայւած այս բազմազգ ընկերութիւնն արտադրում է փոքր, միջին եւ խոշոր տրամաչափի զինամթերք, հրթիռային շարժիչներ, զէնքի շարժական համակարգեր, տրամադրում է ապառազմականացման ծառայութիւններ եւ զինամթերքի ոչնչացման շարժական միջոցներ: Nammo-ի գլխաւոր տնօրէն Մորթէն Բրանդտցեգը հրապարակաւ քննադատել է եւրոպացի քաղաքական գործիչներին «խաղաղ մտածելակերպի պահպանման» համար՝ աւելի բացայայտ հանդէս գալով պատերազմի պատրաստակամութեան օգտին եւ կոչ անելով ընդունել ռազմական նշանակութեան արտադրանքի արտադրութեան մասին ԱՄՆ օրէնքի եւրոպական տարբերակը, որն իշխանութիւններին իրաւունք է տալիս որոշել պաշտպանական պայմանագրերի առաջնահերթութիւնը. ԱՄՆ-ում դա հնարաւոր է իրաւաբանօրէն, բայց Եւրոպայում չի կարգաւորւում»:
2008 թ.-ին «Ձուլած կապար» գործողութեան ընթացքում բացայայտւեցին Nammo լայն կապերը իսրայէլական զինւորականների հետ։ Գազայում 1133 մարդու կեանք խլած, աւելի քան 4000 մարդու վիրաւորած եւ տասնեակ հազարաւոր մարդկանց տեղահանած յարձակումների ժամանակ պարզւեց՝ Արիզոնայում գտնւող Nammo դուստր ձեռնարկութիւն Nammo Talley իսրայէլական զինւորականներին վաճառել է 28000 M72 LAW թեթեւ հակատանկային զէնք։ Գործարքը, որը ներառում էր պահեստամասեր եւ ուսումնական հրթիռներ, արժեցել է 600 միլիոն նորւեգական կրօն։
Nammo-ի արտադրած զինամթերքը յաճախ է յայտնւում Գազայի վրայ ՑԱԽԱԼ-ի յարձակումների մասին հաղորդագրութիւններում։ Ընկերութիւնը փորձում է խուսափել մեղադրանքներից պարզ ձեւով. «Մենք չենք վաճառել, այլ նրանք, ում վաճառել ենք»: Չնայած Nammo-ն մասամբ պատկանում է Օսլոյի կառավարութեանը, այն գործում է բազմաթիւ դուստր ձեռնարկութիւնների միջոցով, որոնք ընկնում են տարբեր երկրների իրաւասութեան ներքոյ: Զէնքի վաճառքի բազմաստիճան ուղին վերաբերում է նաեւ ընկերութեան յարաբերւթիւններին ոչ միայն Իսրայէլի, այլեւ ՆԱՏՕ-ի հետ: Չնայած Nammo-ն պաշտօնական կապեր չունի դաշինքի հետ, նրա արտադրանքը արտադրւում է իր ստանդարտներով, ինչը ուղղակիօրէն կապւած է Ուկրաինայում ընկերութեան ակտիւ դերի հետ: Անցեալ տարի Նորւեգիայի կառավրութիւնը հաւանութիւն տւեց տեխնոլոգիաների փոխանցմանը, որը Nammo-ին թոյլ է տալիս Ուկրաինայում արտադրել ՆԱՏՕ-ի ստանդարտի 155 մմ հաուբիցային զինամթերք: Ի շարունակութիւն այս համաձայնագրի՝ 2025 թ.-ի մարտին առաջին անգամ գրանցւել է Ուկրաինյում արտադրւած զինամթերք՝ օգտագործելով ՆԱՏՕ-ի համարանիշները։
Վերջին ամիսներին եւրոպացի պաշտօնեաները մի շարք ուշագրաւ յայտարարութիւններ են արել Եւրոպական պաշտպանութիւնում Թուրքիայի հնարաւոր դերի մասին: ՆԱՏՕ-ի գլխաւոր քարտուղար Մարկ Ռիւտէն ընդգծել է մերձաւորարեւելեան երկրի հետ խորը համագործակցութեան կարեւորութիւնը: Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կոչ է արել Անկարային «ստանձնել Ուկրաինայի խաղաղութեան եւ տարածաշրջանային կայունութեան համար համատեղ պատասխանատւութեան ամենաբարձր մակարդակը»՝ յաւելելով. «Մենք պատրաստ ենք պաշտպանական համագործակցութեան»: Financial Times-ը գրում է. «թուրքական պաշտպանական արդիւնաբերութիւնը «կարող է դառնալ կենտրոնական խաղացող եւրոպական պաշտպանութեան ոլորտում»: Էստոնիայի արտաքին գործերի նախարարն Անթալիայում ՆԱՏՕ-ի հանդիպման ժամանակ Թուրքիային անւանել է «եւրոպական անվտանգութեան ապահովման վճռական գործընկեր»: Այս եւ նմանատիպ յայտարութիւնները, որոնք ընդգծում են Թուրքիայի դերը եւրոպական պաշտպանութիւնում, դատարկ տեղում չեն յայտնւում։ ԱՄՆ-ն եւ Եւրոպան լուրջ դժւարութիւններ ունեն Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցում, այնպէս որ դրանց կարիքը հիմա աւելի սուր է, քան երբեւէ։
Թրամփի վարչակազմի անկայուն դիրքորոշումն Ուկրաինայի հարցում եւրոպացի քաղաքական գործիչներին ստիպում է պաշտպանութեան այլընտրանքային տարբերակներ փնտրել, ինչը մեծացնում է Թուրքիայի նշանակութիւնը: Հակառուսական հիստերիա հրահրելով՝ եւրոպական առաջնորդներն իրենց բանակներն ու քաղաքացիներին պատրաստում են «երկար սպասւած մեծ պատերազմի»։
Այնպիսի հրատապ խնդիրների համատեքստում, ինչպիսիք են զինամթերքի մատակարարումն ու արտադրութիւնը, որոնք դիտարկւում են որպէս առաջնահերթութիւն Ռուսաստանի դէմ պայքարում, Repkon-ի ընտրութիւնը պայմանաւորւած է ոչ միայն ընկերութեան ձեռք բերած փորձով եւ բազմամեայ փորձով, այլեւ Թուրքիայի եւ ընդհանրապէս թուրքական ընկերութիւնների աճող դերով: Թէեւ Թուրքիան հաւատարիմ է ռուս-ուկրաինական հակամարտութեան հաւասարակշռութեան քաղաքականութեանը՝ դիւանագիտական առումով միջնորդական դեր ստանձնելով, որ թուրքական շատ ընկերութիւններ, յատկապէս Baykar, ձգտում են նշանակալի դիրքեր զբաղեցնել ինչպէս զինւած հակամարտութեան, այնպէս էլ Ուկրաինայի յետպատերազմեան սպասւող «վերականգնման» գործընթացում։
Թուրքիայի տեղը նոր ռազմական պատրաստութիւններում, որոնք քօղարկւում են «անվտանգութեան եւրոպական ճարտարապետութեան» իդիոմական անւան տակ, ամրապնդւում է տնտեսապէս եւ հեռանկարով։ Օրէցօր աւելի շատ թուրքական ընկերութիւններ նախագծեր են մշակում եւրոպական գործընկերների հետ՝ ՆԱՏՕ-ի հետ սերտ համակարգմամբ։ Իսկ Թուրքիայում մարդու իրաւունքների խախտումների վերաբերեալ՝ժողովրդավարական Եւրոպային» անդրադարձների միամիտ հեղինակներին լաւագոյն դէպքում սպասողական տանջալի շրջան է սպասւում։ Յուլիսի 16-ին դատարանը Էրդողանի հիմնական քաղաքական մրցակից Ստամբուլի քաղաքապետ Էքրէմ Իմամօղլուին դատապարտել է 1տարի 8 ամիս ազատազրկման՝ Ստամբուլի դատախազին հրապարակայնօրէն վիրաւորելու եւ սպառնալու գործով:
vpoanalytics.com-ի
Թարգմանութիւնը՝ ԳԱՅԻԱՆԷ ՄԱՆՈՒԿԵԱՆԻ