Կարէն Քոչարեան. «Արեւմուտքը մի օր գալու է Հայաստանի արտաքին պարտքի յետեւից»

«ԱԼԻՔ» – Արեւմուտքը մի օր անկախ աուդիտորական ստուգումներով գալու է Հայաստանի արտաքին պարտքի յետեւից։ Այս մասին Alpha News-ի հետ զրոյցում ասել է քաղտեխնոլոգ Կարէն Քոչարեանը։
«Աշխարհը եւ աշխարհաքաղաքական կենտրոններն ունեն հետաքրքիր բնաւորութիւն, իրենք օգնում են, փող են տալիս, զէնք են տալիս, բայց դրա յետեւից անպայման գնում են։ Եւ այսօր արդէն ուկրաինական բարձրագոյն իսթեբլիշմենթը վախեցած է ամենաշատը հէնց դրանից, քանի որ պէտք է ստուգեն, թէ ուր են գնացել օգնութեան տեսքով գումարները։ Հիմա Արեւմուտքը պահանջում է անկախ աուդիտորական ստուգում։ Սա ասում եմ նրա համար, որ եթէ հաշւի առնենք՝ Հայաստանի պետական պարտքը վերջին 7 տարում աւելացել է մօտ 8-9 միլիարդ դոլարով, որի մի մասը ներքին պարտքն է, միւս մասը՝ արտաքին, այդ արտաքին պարտքի յետեւից մի օր անկախ աուդիտորական ստուգումներով գալու են»,- ասել է քաղտեխնոլոգը։
Հարցին, թէ պարտքի դիմաց ինչ է պահանջելու Արեւմուտքը, Քոչարեանը նշել է, որ Ուկրաինայում դրա գինը իշխանափոխութիւնն է լինելու, բայց Հայաստանի դէպքում դեռ պարզ չէ. «Բայց պարզ է, որ աշխարհի ամենամեծ գլխացաւանքն այսօր Ուկրաինան է։ Եւ միայն Ուկրաինայի հարցը լուծելուց յետոյ նոր սկսելու են աւելի մանր-մունր խնդիրներ լուծել»։



