Իրան

Թէոդիւանագիտութեան հարթակ. Բաքւի «աչքը հանող» թալիշների լրահոսի վերջին նորութիւնները

«ԱԼԻՔ» – Պարսկալեզու սոցցանցային օգտատէրերի աչքից չի վրիպել Բաքւի hանրապետութեան տիրոյթում գտնւող թալիշների լրահոսի բովանդակութիւնը: Պակաս ուշագրաւ չէ այն փաստը, որ Բաքւի հետախուզական եւ անվտանգային համակարգի օրակարգում է տեղում լռեցնելը իւրաքանչիւր բողոքի երանգ պարունակող ձայն կամ սոցհարթակ:

X-ում, ինչպէս նաեւ Telegram-ում եւ վերջերս ուշադրութեան կենտրոնում յայտնւած Threads-ում վերահրապարակւած նիւթը վերնագրային անդրադարձի տեսքով անդրադառնում է Բաքւի հանրապետութեանն յուզող այն հարցերին, որոնք, յատկապէս, Իրանին են առնչւում:

Այժմ այն մասին, թէ ինչ են գրում թալիշների լրատւական կայքերն ու ցանցերը.

«Անցեալ շաբաթ Իրանը երկու մեսիջ ուղարկեց, Հարաւային Կովկասում իր տարածաշրջանային դոկտրինը մատնացոյց անելով: Իսկ նա, ով ճիշտ ընկալումով է «հասկացել» այն, յաջողութեամբ կը մնայ անվնաս:

Վերջին շաբաթւայ ընթացքում Կասպից ծովում տեսանք վերջերս ծառայութեան անցած իրանական նոր «Դէյլաման» ռազմանաւը։

Այս նաւը բազմաֆունկցիոնալ կարողութիւններով կործանիչ է եւ իր նախորդ տեսակների նկատմամբ ունի մեծ առաւելութիւններ: «Դէյլաման»-ը «Ջամարան» կործանիչի արդիականացւած մոդելն է՝ գերժամանակակից սպառազինութեամբ:

Պէտք է հաշւի նստել այն փաստի հետ, որ «Դէյլաման»-ը թալիշների հայրենիքի պատմական անւանումն է:

Դէյլամիները թալիշների անմիջական նախնիներն են, որոնց այն ժամանակ անւանել են դէյլամիներ:

Դէյլամիները նաեւ համարւում են Եմէնի այսօրւայ հութիների նախնիները: Իրանում պատմաբաններին յայտնի է, թէ ինչի մասին են խօսում թալիշները, երբ խօսքը Դէյլամի մարտիկներին է վերաբերում, որոնք 6-րդ դարից իրանական թագաւորութիւնների բանակների անբաժան մասն էին:

Դէյլամիները նաեւ Իրանում (Մ.Թ. 10-րդ դար) առաջին շիադաւան՝ Ալ-Բոյէ պետական համակարգի հիմնադիրներից եւ աջակցողն են, որի տիրոյթում էր գտնւում Իրաքը՝ Բաղդադ մայրաքաղաքով: Նրանք ջախջախեցին նաեւ արաբական խալիֆայութեան բանակը։

Դոկտ. Էհսան Մովահեդեանը նոյն առիթով գրել է, որ պատմութեան այս փուլը պէտք է դիտարկել, որպէս հիւսիսային Իրանի վերածննդի փուլ: «Իսկ սովորաբար Իրանի վերածնունդը միշտ է եղել հիւսիսից՝ Կասպից ծովի շրջանից»:

Փորձագէտի գրառմանը յաջորդած նիւթը եւս մտածելու առիթ է տալիս: Մովահեդեանը կարճ գրութեամբ անդրադարձել է իրենց պանթուրքիստական հակումներով ​​յայտնի դարձած հեղինակների եւ այլ հակաիրանական գրքերի ներկայացումն ու թողարկումը Զանջանի համալսարանում շարունակւող գրքի ցուցահանդէսում: «Սա նշանակում է, որ պանթուրքիզմը նոյնպէս պարապ չի նստում, իսկ այս անգամ ներդրում է կատարել Զանջանում»,- գրել է Կովկասի հարցերով աւագ փորձագէտը, ում գրառման տակ մէկ այլ օգտատէր մեկնաբանութիւն տեղադրելով յիշեցրել է, որ վերահսկող մարմինները, որոնք կարող են նստել իւրաքանչիւր աննշան թւացող տողի վրայ, այս դէպքում անհասկանալիօրէն սպասողական դիրքում են:

Մովահեդեանը յիշեցրել է նաեւ, որ Թաւրիզում Թուրքիայի հիւպատոսութեան դիմաց տեղի ունեցած բողոքի ցոյցը խորապէս անհանգստացրել է Բաքւին կամ նրան դուր գալ ցանկացող «200-դոլարանոցներին»: Նրանք առիթը բաց չեն թողնում սեփական երկրի ներքին խոհանոցը օտարների առջեւ բացելով՝ փորձել լռութիւն թելադրել վճռորոշ պահերին: «Նպատակը մէկ է՝ Գազայում իրականացւող մարդկութեան դէմ յանցագործութեանը մասնակից Բաքւին ու Թուրքիային կեղտալւայ անելը»,- մեկնաբանել է Մովահեդեանը:

Փորձագէտը յիշեցրել է, որ Թաւրիզում տեղի ունեցած հանրահաւաքի պատճառը Անկարայի ու Բաքւի կողմից սիոնիստական ռեժիմի բանակին անհրաժեշտ ​​նաւթի 60%-ի մատակարարումն էր, ինչը նաեւ Իրանի բարձրաստիճան ղեկավարութեան կողմից եւս բացայայտ քննադատւել է։

Related Articles

Back to top button