Հայաստան - Արցախ

Չեն լինում անլեզու կամ անմիտ պետութիւններ

ՎԱՀԷ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ

 

Հայաստանը հիմա լուռ է եւ իրեն առաջադրւող պահանջներին ու ճնշումներին՝ բացարձակ անպատրաստ։

Բոլորը մեր մասով կամ մեր մասին խօսում են, իրենց շահերը պարտադրում։ Մենք լուռ ենք։ Չեղած տեղից, զրոյից մեր մասին նոր այլանդակ օրակարգ է ձեւաւորւում՝ միջին միջանցք, հարիւր հազարաւոր ադրբեջանցիների վերադարձ Հայաստան, Սահմանադրութեան փոփոխութիւն եւ այլն, մենք չենք կարողանում կամ չենք ուզում չէզոքացնել այդ օրակարգը։

Ի՞նչ փախստականների մասին է խօսքը, երբ 120 հազար արցախցիների տները դեռ տաք են, դպրոցների գրատախտակներին դեռ հայերէն կայ գրւած։ Բայց դա պէտք է կարողանաս ձեւակերպել աշխարհի համար որպէս օրակարգ։

Ի՞նչ միջանցք, ի՞նչ նոր Սահմանադրութիւն։ Բայց այդ պահանջներին եթէ գրագէտ չես պատասխանում, դրանք դառնում են օրակարգ, ընդորում՝ միջազգային հանրութեան համար ընկալելի։ Սրա ռիսկը հայ ժողովրդին ոչ ոք չի բացատրում։ Մեզ ծաղրում են՝ լռում ենք, մեր գերիներին դատում են ու պահում Բաքւում՝ լռում ենք, մեր տարածքում միջանցքներ են մոգոնում՝ լռում ենք … եւ միւս բոլոր կարեւոր դէպքերում։

Հայաստանի ներկայ քաղաքական-հանրային վերնախաւը մի մեծ, հաւաքական Բայդէն է, որը պէտք է հեռանայ։ Իրական ռիսկերը չի հասկանում եւ չի արձագանգում։ Ներքին կեանքով չի ապրում։

Հայաստանի ներքին կառավարելիութիւնը սրընթաց կորում է։ Դարձել ենք արտակարգ իրավիճակների պետութիւն, որտեղ սահմռկեցուցիչ վթարները, սպանութիւնները, ռազբորկաները, քանդւած փողոցները,  կոմունալ ծառայութիւնների անվերջանալի վթարները, չգործող պետական ծառայութիւնները դարձել են սովորական երեւոյթ։

Պետական վերնախաւը ցուցադրական արձակուրդի մէջ է։ Իսկ մենք որտե՞ղ ենք։ Եւս մի փուլ՝ յօրինւած քաղաքական դաշտի ու լիդերների, ու Հայաստանը գրելու է նոր խոշորագոյն աղէտի պատմութիւնը։

Էլ ո՞նց ասենք, ո՞նց բացատրենք մի 2-3 տասնեակ հոգով, որ գնում ենք աննկարագրելի աղէտի՝ հեծանւորդի գլխաւորութեամբ, հանրային անտարբերութեամբ ու էլիտաների պարզունակ մերկանտիլիզմի պատճառով։

Շատ պարզ պէտք է ժողովրդին ասել, որ հեծանւորդի այս ընթացքը տանում է նոր աղէտի։ Նա Արեւմուտքից խնդրում է (կամ տալիս են) շա՛տ աւելի վատ լուծումներ, քան հնարաւոր էր ստանալ ռուսական միջնորդութեամբ։ Ու նոյնքան պարզ պէտք է ասել, որ ընդդիմադիր շատ լիդերներ ձայն չեն հանելու, որովհետեւ արեւմուտքում ունեն գոյք, բիզնեսներ, կապիտալ, գրին քարտեր։ Գոնէ յանուն մեր երեխաների մի օր պէտք է սկսենք բաց խօսել։

Նոյնքան պարզ պէտք է ասել, որ ռեսուրսների տիրապետող շատերը ձայն չեն հանում մեռնող հայրենիքի մասին՝ «քանի մեզ Մոսկւայից բան չեն ասել, չենք կարող» ձեւակերպմամբ։

Դրա համար էլ աղէտի քշւող Հայաստանը լուռ է. մէկին Մոսկւայից են արգելում խօսել, միւսին՝ Վաշինգտոնից, երրորդին՝ Անկարայից ու Բաքւից, չորրորդին արգելում է իր դիզած կապիտալը եւ այսպէս շարունակ։ Այդպէս մի տարի առաջ հայաթափւեց Արցախը։ Այսօր այս վիճակը տանում է Հայաստանի հայաթափման։

Այսօր պաշտօնական իշխանութեան եւ պաշտօնական ընդդիմութեան փոխարէն Հայաստանի կողմից աշխարհին եւ Ալիեւին պատասխանում է Բագրատ Սրբազանը։ Արձագանգում են 1-2 քաղաքական միաւոր եւ 1-2 տասնեակ հանրային գործիչներ՝ ստեղծելով  դիմադրող օջախը։ Բայց դա ակնյայտ քիչ է։

Ունենք ռեսուրս՝ գրագէտ գործիչների լաւ անւանացանկ։  «Բոլոր ունակների իշխանութիւնը» կարեւոր գաղափար է, բայց այն պէտք է ստանայ շարունակութիւն՝ ձեւաչափի (ձեւաչափերի) եւ բովանդակութեան տեսքով։ Մեր երկրում կայ մարդկանց անւանացանկ, ովքեր կարող են ստեղծել հակաճգնաժամային կառավարման համակարգ։ Պէտք է պրոցեսը տանել այդ ուղղութեամբ:

Related Articles

Back to top button