ԼՈՐԵԹԱ ՂԵՒՈՆԴԵԱՆ
«Սիրելի եւ օրհնւած հայեր, երբ վերադառնանք հայրենիք, որպէս նւէր ձեր ընկերներին ու բարեկամներին մէկական հատ հրացան տարէք:
Ժողովուրդ, ամէն բանից առաջ ձեր ազատութեան յոյսը ձեր վրայ դրէք, ձեր մտքի եւ ձեր բազկի ուժի վրայ:
Մարդ պիտի ճգնի իրեն փրկելու համար»:
Սա թերեւս երբեք չհնացող պատգամ է հայի բոլոր սերունդներին: Այս կարճ ուղերձը պատմական բարդ ժամանակաշրջանում մտաւ հայոց պատմութեան մէջ եւ հեղինակի անաւամբ կերտեց իւրայատուկ գործելաոճ «Հայկական Հարց»-ի պահանջատիրութեան համար:
Խրիմեան Հայրիկը մեր եկեղեցու 125-րդ կաթողիկոսն է: Նա սովորական հոգեւորական չէր, նրա կենսագրութեան մէջ առանձնակի էջ է Բեռլինի վեհաժողովը (1878 թ.), որով Արեւմտեան Հայաստանի հարցը, որպէս ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ միջազգային դիւանագիտութեան մէջ մտաւ: Բեռլինի վեհաժողովը պարզապէս խաբկանք էր ժամանակի Հայաստանի համար, որի 61-րդ յօդւածը փոխարինելով Սանստեֆանոյի պայմանագրի 16-րդ յօդւածին, Օսմանեան կայսրութեանը պարտաւորեցնում էր ապահովել հայերի անվտանգութիւնը քրդրերից ու չերքեզներից, հայաբնակ վայրերում: Այդ յօդւածի իրագործումը բացի այն, որ ոչ մի երաշխիք չէր տալիս, այլեւ «Հայաստան» բառը փոխարինւում էր «Հայկական մարզեր» եւ «Հայաբնակ վայրեր» բառակապակցութիւններով: Այսինքն՝ օսմանեան կողմն ազատւում էր այդ երկրամասը հայերի հայրենիք ընդունելու Սան-Ստեֆանոյի պայմանագրի ձեւակերպումից:
Ի՜նչ ծանօթ եւ իհարկէ՝ կրկնւող պատմութիւն…
Խրիմեան Հայրիկը վեհաժողովի երկդիմի քաղաքականութիւնը եւ Հայաստանի ու հայերի հարցի անուշադրութիւնը նկատելով, այսպէս ակնարկեց՝
«Ուրիշ ժողովուրդներ այնտեղ ապուրը երկաթէ շերեփով էին ճաշակում, այնինչ Հայաստանի շերեփը թղթից էր»:
Մենք այսօր էլ յոյս ենք դնում միջազգային հանրութեան բարեխղճութեան, մարդասիրութեան ու հայ ազգին գնահատելու վրայ, մինչդեռ մեր հազարամեակների պատմութիւնից ոչ մի անգամ հետեւութիւն չենք անում հասկանալու՝ մինչեւ թղթէ շերեփը չփոխենք երկաթէ շերեփով, ապուրից օգտւել չենք կարող:
Առաւել քան երբեւիցէ Խրիմեան Հայրիկի խօսքերը պէտք է դառնան կարգախօս մեր ազգի ու պետական այրերի համար, եթէ իհարկէ հայրենիքի գիտակցում, հայրենիքի նկատմամբ սիրոյ եւ պարտքի զգացում կայ, այլապէս ո՞րն է մեր ազգի գոյութեան իմաստն ու յանուն ինչի՞ է մեր ազգի պայքարը՝ երէկ, այսօր եւ վաղը:
*****
Ո՞վքեր էին մեր պատմութեան աստւածահաճոյ սխրանքների կերտողները, եթէ ոչ անձնազոհ տղաներ, որոնք մի օր Մամիկոնեան կոչւեցին, ուրիշ դարեր՝ Դաւիթ Բէկի հարազատներ, աւելի ուշ Սասնայ լեռների բնակիչներ եւ հասան Սարդարապատ ու կերտեցին Հայաստանի Հանրապետութիւնը:
Եւ… կեանքի անցուդարձի մէկ փուլում ծնունդ տւեցին Արցախեան գոյամարտին եւ ազգային աւիւնով ու հրաշքների համազօր սխրանքներով կերտեցին ազատ Արցախի Հանրապետութիւնը:
Միջազգային հանրութեան վարքագիծը եւ երկդիմի կողմնորոշումը, փաստում է, որ հայը պէտք է ոչ թէ յոյսը ուրիշի վրայ դնի, այլ պինդ կպնի իր հողին, որովհետեւ հայրենիք է իւրաքանչիւր հողահատիկը, եթէ զիջում ես մէկը, կորցնելու ես ամբողջը:
*****
Առաջին Համաշխարհային պատերազմում Թուրքիայի պարտութիւնից յետոյ, երիտթուրք պարագլուխները փախան Գերմանիա: Իսկ զինադադարից յետոյ, 1919 թւականին, գումարւեց Թուրքիայի զինւորական դատարանի նիստ, որտեղ մեղադրեալները եւ նրանց յանցակիցները մեղադրւում էին Օսմանեան կայսրութեանը պատերազմի մէջ ներքաշելու, քրիստոնեայ (հայ) հպատակների ջարդի եւ տեղահանութեան կազմակերպման մէջ, որն ըստ դատավճիռի (ի բացակայութեան) մահւան դատապարտւեցին Հայոց Ցեղասպանութեան գլխաւոր կազմակերպիչները՝ Թալէաթը, Էնւերը, Նազըմը եւ Ջեմալը:
Որպէս «Երկաթէ շերեփ»-ի ջահակիրներ, Հայոց Ցեղասպանութեան վրիժառու ոգին, 1919 թ.-ին «Նեմեսիս» գործողութիւն անունով, նպատակ դրեց պատժել Հայոց Ցեղասպանութիւնը կազմակերպած եւ իրականացրած երիտթուրքերի պարագլուխներին, ինչպէս նաեւ 1918 թւ. Բաքւի հայերի ջարդի կազմակերպիչներին:
«Նեմեսիս»-ը յունական դիցարանի վրէժի թեւաւոր աստւածուհին (փերի) էր, որը պատժում էր նրանց, ովքեր խախտում էին բարոյական եւ հասարակական նորմերը:
«Նեմեսիս» գործողութիւնն իրականացնելու համար ստեղծւեց պատասխանատու մարմին՝ գլխաւորութեամբ ԱՄՆ-ում ՀՀ ներկայացուցիչ Արմէն Գարոյի: Գործողութեան իրականացման եւ նիւթական ապահովման համար պատասխանատու էին Շահան Նաթալին եւ Գրիգոր Մերջանովը: 1920-22 թթ. իրականացւեցին 9 դատավճիռներ՝
– 1921 թ. մարտի 15-ին Սողոմոն Թեհլիրաեանը Բեռլինում սպանեց Հայոց Ցեղասպանութեան գլխաւոր կազմակերպիչ՝ Թալէաթ փաշային:
Նոյն թւի յուլիսի 18-ին Միսակ Թոռլաքեանը Կոստանդնուպոլսում սպանեց Ադրբեջանի ներքին գործերի նախարար՝ Բիհբութ Ջիւանշիր Խանին, նաեւ դեկտեմբերի 5-ին Արշաւիր Շիրակեանը
Հռոմում սպանեց երիտթուրքերի կուսակցութեան առաջին կաբինետի ղեկավար՝ Սայիդ Հալիմին:
– 1922 թ. ապրիլի 17-ին Արշաւիր Շիրակեանն ու Արամ Երկանեանը Բեռլինում սպանեցին Ջեմալ Ազմիին, ով հրամայել էր ծովում խեղդել 15,000 հայ երեխաների, ինչպէս նաեւ՝ Բեհաէդդին Շաքիրին:
Նոյն թւի յուլիսի 22-ին, Պետրոս Տէր Պօղոսեանը եւ Արտաշէս Գէորգեանը Թիֆլիսում սպանեցին Թուրքիայի ռազմածովային ուժերի նախկին նախարար Ջեմալին:
– 1920 թւին նրանց յանցակից գլխաւորները, ինչպէս՝ 1918 թ.-ի Բաքւի հայերի ջարդի կազմակերպիչներից Նասիբ Իւսիֆբէյլը, Ադրբեջանի նախկին վարչապետ Ֆաթալի Խան Խոյսկին, Շուշիի եւ Բաքւի հայերի ջարդերի հիմնական պատասխանա-տուներից Հասան Բէկ Ագաեւը, սպանւեցին Արշաւիր Շիրակեանի, Արամ Երկանեանի եւ Միսակ Թոռլաքեանի գնդակներով:
– Էնւէրը, ով Գերմանիայից փախել էր, 1922 թ. Տաջիկստանում նրան գնդակահարեց կարմիր բանակի հայ հրամանատար Յակոբ Մելքումովը:
– Նազիմը մահապատժի ենթարկւեց Թուրքիայում, նրան մեղադրել էին Քեմալ Աթաթուրքի դէմ մահափորձի համար:
– «Նեմեսիս» գործողութեան ընթացքում սպանւեցին նաեւ երեք հայ դաւաճաններ:
Ազգի թշնամիներին պատժելու եւ դիմակայելու համար անունը կարեւոր չէ, քանի որ նպատակը արդարացնում է միջոցը:
1922 թ.-ին, երբ Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի կառավարութիւնները բոլշեւիզմի դէմ համատեղ պայքարի «Պրոմեթեւս» նախագիծը ստորագրեցին, ՀՅԴ Բիւրօն որոշեց դադարեցնել «Նեմեսիս»-ը:
*****
Ազգը ապրող իրականութիւն է, որը կարող է լինել ու գոյատեւել միայն սեփական հողի վրայ: Այն հողի վրայ, ուր դարաւոր պատմութիւն կայ կերտած, որտեղ սերունդներ են իրար յաջորդել եւ լրացրել իրար, որտեղ պէտք է շարունակել պատմութեան շղթան: Ազգային իրաւունքի գիտակցութեամբ ապրող հայ՝ հին ու նոր սերունդները արդարօրէն հարց են տալիս, թէ՝ ե՞րբ պիտի սրբագրւեն պատմութեան մեծագոյն ոճիրներից մէկի հետեւանքները: Այնպէս, ինչպէս կատարում են ազատութիւնը նւաճող բոլոր ժողովուրդները:
Եւ այսպէս տասնեակ տարիներ խաղաղ միջոցներով ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ կամ ՀԱՅ ԴԱՏԸ արծարծւեց միջազգային ատեաններում, սակայն համայն մարդկութեան եւ կառավարութեանց ցուցաբերած անտարբեր եւ ժխտական կեցւածքը հայրենակարօտ սփիւռքին վճռական դարձրեց ուժական ազդու միջոցներով հայկական դատը հետապնդել:
«Երկաթէ շերեփ»-ի ջահակիրները գործի անցան…
1975-1987 թւականներին Հայկական Ցեղասպանութեան Արդարութեան Մարտիկներ կազմակերպութեան գործընթացի նպատակը եղել է Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչումը, ինչպէս նաեւ ազատ, անկախ եւ միացեալ Հայաստանի ստեղծումը:
Նպատակի իրագործման համար, կազմակերպութիւնը ահաբեկչական յարձակումներ է գործել աշխարհի տարբեր երկրներում թուրք դեսպանների, դիւանագէտների եւ պատգամաւորների վրայ, նրանց համարելով պաշտօնական Թուրքիայի ներկայացուցիչներ:
1982 թւականին թուրքական յատուկ ծառայութիւնների կողմից սպանւում է կազմակերպութեան առաջնորդ՝ Աբրահամ Աշճեանը, որից յետոյ դադարում է գործընթացը: Հետագային՝ 1983-ին կազմակերպութիւնը փոխել է իր անւանումը եւ դարձել Հայ Յեղափոխական Բանակ:
«Հայկական Ցեղասպանութեան Արդարութեան մարտիկներ»-ի կատարած յարձակումները թւով 30 հատ են, որոնցից 15-ը իրականացւել են թուրք դեսպանների եւ դիւանագէտների սպանութեամբ, իսկ մնացեալը ռումբերի պայթիւններ եւ դեսպանատների վրայ յարձակումներ են եղել:
Կատարւածների մէջ համաշխարհային աղմուկ բարձրացրին հետեւեալները՝
– 6 փետրւարի, 1980, Բերն, Շւեցարիա.՝ թուրք դեսպանի սպանելու ամբաստանութեամբ ձերբակալւում է ֆրանսահայ Հրայր Գիլինճեանը: Նա ազատւում է 1981-ին:
– 28 յունւարի, 1982, ԱՄՆ՝ Համբիկ Սասունեանը սպանում է թուրք հիւպատոս՝ Քեմալ Արիքանին՝ իր ինքնաշարժի մէջ: Համբիկը ձերբակալւում է եւ 40 տարի բանտարկութիւնից յետոյ ազատւում:
«Քո ցաւը տանեմ՝ հայ զինւոր:
Խոստանում եմ, որ վերադառնալով, եթէ թոյլատրեն գոնէ մի քանի օրով սահման կուզեմ երթամ եւ հսկեմ, պաշտպանեմ մեր երկրի սահմանը:
Նոյնիսկ յառաջացած տարիքիս մէջ՝ անելու եմ այդ:
Հայրենիքի զինւորն եմ ցմահ, այդ է սովորեցրել ինձ իմ հայու արիւնը:
Բանակի համար ամենակարեւորը դուն ես, հա՛յ զինւոր:
Պատիւ բեր մօրդ, սիրածիդ եւ ազգիդ: Ամէն ինչ քեզ համար է, Հայաստա՛ն, ամէն ինչ քեզ համար է, Մասի՛ս… Հայ զինւորը քեզ ծառայելու համար է ծնւել:
Փա՛ռք Հայ զինւորին:
Սիրով՝ Համբիկ Սասունեան, Սեն Լուիս Օբիսպօ բանտ
– 9 մարտի, 1983, Իւգոսլաւիա, Բելգրադ.՝ Հ. Ց. Արդարութեան երկու մարտիկների կողմից կրակած գնդակից ստացած վէրքերից, հիւանդանոցում մահանում է թուրք դեսպան՝ Քալիբ Բալքարը: Ձերբակալւում է Գրիգոր Լեւոնեանը՝ վիրաւորւած եւ Րաֆֆի Էլբէքեանը: Նրանք դատապարտւում են 20 տարւայ բանտարկութեան: Լեւոնեանն ազատ է արձակւում 4 տարի յետոյ, իսկ Էլբեքեանը՝ եօթ տարի անց:
– 27 յուլիսի, 1983, Պորտուգալիա, Լիսբոն.՝ Ինքնազոհութեան յարձակում է տեղի ունենում թուրքական դեսպանատան վրայ: Սպանւում են Հայ Յեղափոխական Բանակի հինգ մարտիկներ: Սպանւում է դեսպանի կինը, մի ոստիկան եւ մէկ ոստիկան՝ վիրաւորւում:
Հայ Յեղափոխական Բանակի հինգ անդամներ՝ Վաչէ Դաղլեանը, Սեդրակ Աճեմեանը, Սիմոն Եահինեանը, Արա Քրջլեանը եւ Սարգիս Աբրահամեանը երկու պայթուցիկներով լցւած մեքենաներով յարձակւում են Լիսբոնի թուրքական դեսպանատան վրայ: Նրանք ծրագրել էին գրաւել դեսպանատան շէնքը, գերեվարել թուրք դեսպանին եւ այդ քայլով միջազգային հանրութեան ուշադրութիւնը սեւեռել Հայոց Ցեղասպանութեան եւ Թուրքիայի կողմից այդ փաստի ժխտման վրայ: Սակայն նրանց չի յաջողւում մտնել դեսպանատան շէնքը եւ ներխուժելու ժամանակ, սկսւած փոխհրաձգութեան ընթացքին սպանւում է Սիմոն Եահինեանը:
Ողջ մնացած միւս չորս երիտասարդները ներխուժում են դեսպանութեան յարակից շէնքը եւ գերեվարում շէնքի հաւատարմատարի կնոջը եւ տղային: Շէնքը շրջապատւում է պայթուցիկներով զինւած գրոհայիններով, ուստի տղաները սպառնում են պայթեցնել շէնքը, եթէ ոստիկանութիւնը փորձի գրոհել այն: Նախքան գրոհը, շէնքում հրդեհ է բռնկւում եւ լսւում են պայթիւնի ձայներ:
Հայ վրիժառուները գերիներին բաց թողնելուց յետոյ պայթեցնում են իրենց:
Նրանք իրենց պատգամի մէկ բաժնում ասում են՝
«…Մենք որոշել ենք ուժի դիմել… Հայ ժողովուրդը երկար է սպասել, որ միջազգային դատարանը գտնի հայկական հարցի լուծումը։ Հայ ժողովրդի ինքնակողմնորոշման միակ ելքը զինւած պայքարն է։ Նախնիների ազատ եւ անկախ հայրենիքում ապրելն ու զարգանալը հայ ժողովրդի իրաւունքն է»։
Տղաների մարմինները ամփոփւեցին Բէյրութի հայկական գերեզմանատանը։
*****
Հայրենասիրութիւնը ծառայութիւն է եւ ոչ թէ հայրենիք՝ Հայաստան սիրելը, այն չի արդարացւում առանց որեւէ գոյապայքարի:
«Խաղաղութիւն», ի դիմաց տարածքային զիջումների, երիտասարդների կեանքի զոհողութիւն՝ միմիայն «Հայրենիք» անունով հողատարածք պահելու համար եւ ոչ թէ՝ զոհողութիւն յանուն գոյատեւման…
«Երկաթէ շերեփ»-ի ջահակիրների համոզմունքը թէ՝ Հայաստանում եւ թէ՝ ի սփիւռս աշխարհի, կատարեալ հայրենասիրութեան դրսեւորումն է եղել:
Նրանք երբեւէ չեն նահանջել իրենց սուրբ նպատակից, համոզւած լինելով վերջնական յաղթանակի: Նրանց իւրաքանչիւր ակտը ծառայել է, որպէս լուսաւոր ջահ՝ հայ ազգի գոյատեւման դժւար ուղիում:
Յարգանք նրանց յիշատակին…