Գաղափարական

Յունւարի 29-ը Արամ Մանուկեանի յիշատակի օրն է

Երկինքն էր սառել ու չկար Աստւած…
բայց ահա՛, ահա՛, հեքիաթ թէ հրաշք,
ծառացաւ մի մարդ,
հրաշքից փախած ու հրա՜շք մի մարդ.
կանգնեց նա դաշտում մեր Արարատեան,
դիակների մէջ եւ ագռաւների,
եւ հաւատքն արած պողպատեայ վահան,
եւ սէրն հայրենեաց մի շեփոր ռազմի
սոված, սարսափած մարդկանցից վհատ
դարբնեց մի բանակ,
եւ որպէս ոխից շիկացած երկաթ`
խփեց ոսոխի ճակատին անարգ…
յիշում ես, թէ ոնց ապրեցան
հայոց աշխարհի զարմերը վերջին,
երբ չկար Աստւած, երկինքն էր դաժան.
յիշում ես կրկին,
Ահեղ Բէլի դէմ ծառացող Հայկին
եւ նրա թոռան.
թոռն էր Հայկի, զարմը Վարդանի,
Դաւիթն էր մանուկ,
հայոց լեռներում յայտնւած ոգի…
յիշում ես նրա ճակատը պայծառ,
անունն անթառամ –
ՄԱՆՈՒԿԵԱՆ ԱՐԱՄ …

Հատւած՝ Անդրանիկ Ծառուկեանի «Թուղթ առ Երեւան»-ից

* * *

Յունւարի 29-ը Արամ Մանուկեանի յիշատակի օրն է:

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան զաւակն իր ողջ գիտակցական կեանքը նւիրեց Դաշնակցութեան դաւանած գաղափարների կենսագործմանը, դառնալով հայոց անկախ պետականութեան՝ Հայաստանի Հանրապետութեան հիմնադիրը։

Նրա մասին ասում են, որ նա բոլոր մարդկանց պէս, նա եւս մէկ կեանք ունէր, բայց այդ մէկ կեանքն անսակարկ եւ անմնացորդ նւիրեց հայրենիքին, հայ ժողովրդին եւ հայոց պետականութեանը, հայ ազգի համար դառնալով նոյն ինքը՝ յաւերժութիւնը։

Եւ այդ յաւերժականի մէջ նրա կերպարը ազգային,պետական եւ գաղափարական գործչի դաստիարակչական դիմագիծն է։ Դիմագիծ, որը տեղատւութեան մեր գորշ օրերում օդի եւ ջրի պէս անհրաժեշտ է մեզ։ Դիմագիծ, որը ցաւօք, այսօր բացակայում է մեր իրականութիւնից։

ԽՄԲ.

Related Articles

Back to top button