Քրիստինէ Վարդանեան. «ՔՊ-ական ինքնիշխանութեան ժամանակներում Իսրայէլն ու Ադրբեջանը պէտք է որոշեն՝ մեզ ում կարելի է հերոսացնել, ում՝ ոչ»
Իսրայէլում յարձակւում են հայերի վրայ, փորձում խլել պատմական հայկական տարածքները։ ՀՀ ԱԳՆ-ն յամառօրէն լռում է։ Այս մասին գրում է ՀՅԴ Հայաստանի ԳՄ Հանրային կապերի գարսենեակի պատասխանատու, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Քրիստինէ Վարդանեանը։
«ՀՀ-ում մի քանի անձ հաւաքւում է Նժդեհի արձանի մօտ, անում եւ ասում խելքին փչածը. այս ամէնը որեւէ հանրային աջակցութիւն չի ունենում։ Սակայն ՀՀ-ում Իսրայէլի դեսպանը «Թւիթեր»-եան գրառումով՝ ուշադրութիւն, դատապարտում է Գարեգին Նժդեհի հերոսացումը մեր երկրում եւ ՀՀ իշխանութիւններից պահանջում է «հաստատակամ դիրքորոշում ցուցաբերել»։
Այ այսպիսի քպ-ական ինքնիշխանութեան ժամանակներ, երբ Իսրայէլն ու Ադրբեջանը պէտք է որոշեն մեզ ում կարելի է հերոսացնել, ում՝ ոչ։
Հ. Հրեաներին կարելի է հերոսացնել նացիստական կուսակցութեան անդամ Օսկար Շինդլերին (արդարացիօրէն), որովհետեւ, դէ հասկանում էք, ինքը հրեաների կեանքեր է փրկել։
Մեզ՝ հայերիս, արգելւած է հերոսացնել Հայաստանի աշխարհագրական ողնաշարը հայկական պահելու մէջ հսկայական աւանդ ունեցած Նժդեհին, ով հայերի կեանքեր փրկելու համար շփումներ է ունեցել Գերմանիայի պաշտօնեաների հետ»։