«ԱԼԻՔ», ՀԱՏԻՍ – Երէկ, յուլիսի 2-ին տեղի ունեցաւ նախագահական 14-րդ ընտրութիւնների երկրորդ փուլ անցած երկու թեկնածուների՝ Մասուդ Փեզեշքիանի եւ Սաիդ Ջալիլի դէմ առ դէմ երկրորդ հեռուստաբանավէճը:
Բանավէճի ընթացքում թեկնածուները պատասխանեցին տնտեսական, բանակցային գործընթացի, արտաքին աշխարհի հետ յարաբերւելու եւ կենսաթոշակային համակարգի մասին հարցերին:
Ինչպէս միւս բանավէճերի դէպքում, քննարկումների առանցքում էր գտնւում պատժամիջոցների, ԲԱՐՋԱՄ-ի եւ FATF-ի հետ կապւած խնդիրները: Ընտրողների առաջին փուլում մասնակցութեան ցուցանիշը եւս ակնարկւող թեմաներից մէկն էր:
Բանավէճը մեկնարկեց գեներալ Ղասեմ Սոլէյմանիի անունը յիշատակելով, որով երկու թեկնածունները նահատակի նկատմամբ յարգանքի մասին բարձրաձայնումն իրենց պարտքը համարելով նշեցին, որ նահատակ Սոլէյմանին սիրւած դէմք էր, յատկապէս այն երկրներում, որտեղ Ամերիկան եւ Իսրայէլը դաւադրութեամբ լարում են իրավիճակը:
Հաղորդավարի առաջին առանցքային հարց ԲԱՐՋԱՄ-ին՝ ԱՄՆ-ի հնարաւոր վերադարձը արգելափակող՝ խորհրդարանի կողմից հաստատւած «Ռազմավարական մօտեցումների օրինագծի» մասին էր կապւած՝ Միջուկային բանակցութիւններին, ինչի շուրջ Փեզեշքիանի եւ Ջալիլիի դիսկուրսը վիճաբանութեան վերածւելով՝ ամենաթէժ պահն արձանագրեց տեղի ունեցած եօթ հեռուստաբանավէճերում:
Կողմերը մի քանի անգամ ընդհատելով միմեանց խօսքերը փորձում էին կասկածի տակ դնել միւս կողմի վարչական կարողութիւնները:
Ջալիլին որպէս բանակցային գործընթացը ղեկավարող դիւանագէտներից մէկն ի պատասխան Փեզեշքիանի քննադատութիւններին եւ իրեն ուղղւած «Վերադառնալո՞ւ էք ԲԱՐՋԱՄ-ը վերակենդանացնելու կամ FATF-ի խնդիրը լուծելու ճանապարհին, թէ՝ ոչ» հարցին, նշեց, որ Իրանը բանակցութիւններում պէտք է հանդէս գայ «պարտատիրոջ» դիրքերից, ինչպէս նաեւ պատժամիջոցները չեզոքացնելու եւ հակառակորդին սահմանած սանկցիաների համար ստիպել, որ զղջայ:
Յատկանշական է, որ բանավէճի աւարտից յետոյ Փեզեշքիանի եւ Ջալիլիի շտաբի ակտիւիստները հաւաքւել էին հեռուստատեսութեան դիմաց ողջունելու իրենց թեկնածուներին: